×


«Մենք էլ փորձում ենք այս ճակատում կռվել եւ գիտենք՝ ուր ենք գնում». Ջիվան Ավետիսյանը կներկայացնի «Վերածնվածը» ֆիլմը

Մինչ «Դրախտի դարպասը» ֆիլմի հաջողությունները համաշխարհային կինոշուկայում շարունակվում են, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր մեծ թիմով զուգահեռաբար աշխատում է նոր՝ «Վերածնվածը» աշխատանքային անվանմամբ կինոնկարի վրա:

BRAVO.am-ի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանը պատմել է, թե ինչպես տարբեր երկրներից մի շարք սցենարիստներ եւ պրոդյուսերներ համախմբվեցին «Վերածնվածը» ֆիլմի շուրջ, անդրադարձել իր ֆիլմերում Արցախի թեման արծարծելուն ու դրա նշանակությանը, ինչպես նաեւ խոսել Կաննի վիրտուալ կինոշուկայում «Դրախտի դարպասի» ցուցադրության կարեւորության մասին:

- Նախորդ տարվա հոկտեմբերին մեծ էկրան բարձրացավ Ձեր «Դրախտի դարպասը» ֆիլմը, որտեղ հստակ էր Արցախյան թեմայի գիծը. արդյո՞ք հանդիսատեսը կտեսնի այդ գիծը նաեւ «Վերածնվածը» ֆիլմում:

- Ասել, որ ֆիլմն Արցախի մասին է, միաժամանակ ճիշտ կլինի, եւ ոչ այնքան, քանի որ ֆիլմի առանցքային ասելիքը վերադարձն է դեպի տուն: Մենք փորձում ենք ներկայացնել համապարփակ մի պատմություն, որտեղ հանդիսատեսը կտեսնի սիրո, ինքնաճանաչման ու ինքնափնտրտուքի պատմություն. փորձում ենք նուրբ թելերի միջոցով միահյուսել հայի եւ մի քանի օտարների պատմությունը, բայց այստեղ էականն այն է, թե ինչպես է տեղի ունենում այդ միահյուսումը, եւ թե ինչի միջով են անցնում հերոսները:

Ֆիլմում կա մի կետ, որը բացահայտում է այս ամենը: Շատերը գիտեն «թիթեռի էֆեկտ» տերմինը՝ թիթեռը թեւերը թափահարում է, եւ հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ ցունամի է բարձրանում. ձուգահեռ անցկացնելով՝ ասեմ, որ 1993 թվականին Արցախում տեղի է ունեցել մի դեպք, որը, եթե փիլիսոփայորեն դիտարկենք, մինչ օրս չեն ներել ժամանակը, տարածությունը, մարդկությունը, երկինքն ու տիեզերքը: Այստեղ «թիթեռի էֆեկտը» աշխատել է տարիների կտրվածքով. վերածվել է հողմի եւ այժմ ավերածություններ է առաջացնում: Եվ էական չէ, թե դու՝ որպես անձ, որքան հեռու կամ մոտ ես կանգնած խնդրին. եթե դու ապրում ես այս մոլորակի վրա, ապա դրա կրողն ես, եւ այդ հողմը քեզ եւս կարող է կործանել:

- Դուք այժմ Արցախում եք: Մեկնել եք ֆիլմի վրա աշխատելո՞ւ. միջավայրն անդրադառնո՞ւմ է Ձեր հույզերի, զգայական դաշտի եւ ստեղծագործական ընթացքի վրա:

-Այո, Արցախում եմ, բայց եկել եմ ոչ թե ներշնչանք գտնելու, այլ տեղանքներ ընտրելու, պատկերային լուծումները հասկանալու, քանի որ նկարահանումների որոշ մասը տեղի են ունենալու հենց այստեղ, իսկ առհասարակ, ֆիլմը պլանավորում ենք նկարահանել մի քանի երկրում:

Ես Արցախը շատ լավ գիտեմ՝ տասը մատիս պես, բայց միեւնույն է՝ փորձում եմ հասկանալ՝ իմ հերոսները ինչպիսի՞ միջավայրում են գիշերում, երբ գիշերով ճանապարհ են գալիս, ի՞նչ պատկերներ են տեսնում՝ Կաչաղակաբերդի հովիտը կամ գուցե Հադրութի լեռները. փորձում եմ պատկերացնել այս ամենը:

Ջիվան Ավետիսյանի պապական տունը Արցախի Խաչմաչ գյուղում (Լուսանկարը՝ ռեժիսորի արխիվից)


Իսկ ընդհանրապես, Արցախն իմ մեջ է, եւ ես կարող եմ մտածել դրա մասին՝ լինելով անգամ Սահարա անապատում, քանի որ արմատներով կառչած եմ այն հողին, որից սնվել եմ եւ շարունակում եմ սնվել:

- Իսկ ո՞ր երկրներում եք պլանավորում իրականացնել նկարահանումները:

- Ֆիլմում դեպքերը ընթանում են եվրոպական մի քանի երկրում՝ զուգահեռաբար Իսրայելում, Իսլանդիայում եւ Ֆրանսիայում, բայց, իհարկե, գուցե Ֆրանսիայի որոշ տեսարաններ նկարահանվեն, օրինակ, Բելգիայում: Մենք փորձել ենք միահյուսել այս երկրներում կատարված դեպքեր եւ մարդկային ճակատագրեր, որոնք խեղվել են:

- Սցենարական եւ դերասանների ընտրության աշխատանքներն արդեն սկսե՞լ եք:

- Այո, նախագիծի գաղափարի հստակեցումը սկսել ենք դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին՝ Նարինե Ոսկանյանի հետ, եւ այդ օրվանից քայլ առ քայլ մոտենում ենք մեր նշանակետին: Արդեն 2019-ի փետրվարին Բեռլինի կինոշուկայում փորձեցինք համագործակցություն ձեւավորել գերմանացի պոետ, սցենարիստ Ժան Վագների հետ, եւ այժմ սցենարի վրա աշխատում ենք հենց նրա հետ: Կարողացել ենք նաեւ մի քանի երկրից ֆիլմի շուրջ համախմբել տարբեր պրոդյուսերների, որոնք հետաքրքրված են նախագծով: Այս տարվա սկզբին, երբ նորից Բեռլինի կինոշուկայում էինք, կարողացանք համագործակցություն ձեւավորել ամերիկաբնակ սցենարիստ, դիալոգագիր Մոնիկ Պետերսոնի հետ, որն աշխատելու է ֆիլմի դիալոգների վրա:

Ինչ վերաբերում է դերասանական կազմին, որոշ կերպարներ ադեն իսկ հստակեցված են, որոշների հետ դեռ շարունակում եմ խոսել: Կազմում ընդգրկված են լինելու դերասաններ Հայաստանից եւ արտերկրից:

Ջիվան Ավետիսյանը՝ Բեռլինի կինոփառատոնում (2020թ.)


- Ֆիլմ նկարահանելու տեխնիկական բարդություններից է ֆինանասավորում գտնելը, հատկապես՝ Հայաստանում. ինչպե՞ս եք լուծում խնդիրը:

-Մեր նախորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի ֆինանսավորումն ապահովելու ճանապարհին մենք ունեցանք փորձ, որը կկիրառենք նաեւ այս անգամ՝ տարբեր ֆոնդերի կողմից աջակցություն, անհատների ներդրում-նվիրատվություններ, համապրոդյուսերների ներդրումներ եւ այլն: Մեր անցած ուղին, վստահությունը արդյունք ունեցավ եւ «քրաուդֆանդինգի» միջոցով շուրջ 40 հազար դոլար կարողացանք հավաքել ֆիլմի համար:

Առաջիկայում կսկսենք նվիրատվություններ հավաքել նաեւ «Վերածնվածը» ֆիլմի համար: Պետք է նշեմ նաեւ, որ իմ երեք ֆիլմերում էլ՝ «Թեւանիկ», «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը», Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւս ունեցել է իր ներդրումը: Այժմ էլ Ազգային կինոկենտրոնին դիմել ենք՝ նոր ֆիլմի զարգացման փուլում աջակցության համար եւ սպասում ենք դրական պատասխանի: Հուսանք՝ Ազգային կինոկենտրոնը եւս մեր կողքին կլինի, ինչը կարեւոր է ֆիլմի ապագայի համար: Այն արդեն ունի գործընկերներ աշխարհում, բայց շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է ֆիլմին:

-Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակն է, մեր թշնամու անպատասխանատու հայտարարությունները. ինչպե՞ս են այս իրադարձություններն անդրադառնում Ձեր հուզական դաշտի վրա՝ հատկապես այս ֆիլմի վրա աշխատելու ժամանակ:

- Ամենաթանկ բանն աշխարհում ժաանակն է, եւ մեր յուրաքանչյուր նահատկն այդ ժամանակի մեջ. նրանց կորուստն անդառնալի է եւ անասլի ցավոտ ինձ համար, քանի որ յուրաքանչյուրը մի տան լույս է ու մի տան հուշ: Անցած բոլոր էտապներում մենք ունեցել ենք մարտիկներ, ովքեր զոհել են իրենց՝ հանուն մեր ապագայի: Դեպքերը, որ այժմ տեղի են ունենում սահմանին, մեզ եւս մեկ անգամ ապացուցում են, որ ճիշտ ճանապարհով ենք գնում. մենք էլ փորձում ենք այս ճակատում կռվել:

Արցախի թեմային անդրադառնում են շատերը, ինչը բնական է, քանի որ այն բոլորի թեման է, բայց կան «թրենդային» տարեթվեր, ամսաթվեր, երբ մարդիկ անդրադարձը փորձում են կապել դրանց հետ՝ արդիականություն ապահովելու համար. Արցախի դեպքերը սկսվեցին, պետք է խոսել դրա մասին: Իսկ մեզ համար այդպես չէ. մենք պարբերաբար անդրադառնում եւ բարձրաձայնում ենք թեման. մենք գիտենք՝ ուր ենք գնում: Ես եւ իմ թիմը կարող ենք ֆիլմ նկարել ամենատարբեր թեմաներով՝ սիրո, դավաճանության կամ տիեզերքի, բայց ի վերջո բերել ու գեղեցիկ թելերով կապել այս թեմային: Համաշխարհային կինոյում շատ նման օրինակներ կան, երբ դու դիտում ես սիրո մասին ֆիլմ, բայց վերջում հասկանում, որ այն օրինակ՝ հոլոքոստի մասին էր:

Ջիվան Ավետիսյանը՝ Կաննի կինոփառատոնում (2019թ.)


- Զրույցն ամփոփենք «Դրախտի դարպասը» ֆիլմի հաջողություններով, որ դուրս են եկել Հայաստանի սահմաններից. կմանրամասնե՞ք:

- Այս տարի Կաննի առցանց կինոշուկայում ցուցադրվեց ֆիմը՝ համաշխարհային վաճառքի համար: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր կետ էր, որին կարողացանք հասցնել «Դրախտի դարպասը» ֆիլմը:

Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ճակատագիրը. երբ մենք պատրաստում էինք «Վերջին բնակիչը», նախատեսում էինք, որ այն պետք է ավելի մեծ հաջողություն գրանցեր, քան «Թեւանիկը»: Հենց այդպես եղավ. այն մեզ տարավ մինչեւ «Ոսկե գլոբուս» եւ «HBO»-ի վաճառք:

Եվ արդեն «Դրախտի դարպասը» հստակ պատկերացնում ենք, որ լայնորեն պետք է տարածենք. հենց դրա համար ֆիլմի 80 տոկոսն անգլերեն է, եւ կարծում եմ՝ Կաննում դրա ցուցադրությունը շատ կարեւոր քայլ էր. մենք չենք դադարում գիշեր-ցերեկ աշխատել՝ ֆիլմն առաջ տանելու թե՛ համաշխարհային վաճառքի, թե՛ փառատոնային կյանքի համար:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ջիվան Ավետիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին