Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Գեղեցիկ կարգավիճակում գտնվող դերասանուհին առաջինը BRAVO.am-ին է տրամադրել փոքրիկի պատվին կազմակերպված խնջույքի լուսանկարները, հայտնել սեռն ու այլ մանրամասներ:
«Ինձ շատ երջանիկ եմ զգում: Այսպիսի զգացողություններ դեռ չեմ ունեցել, բայց երբեմն էլ մոռանում եմ իմ նոր կարգավիճակի մասին, քանի որ հիշեցնող ոչինչ չկա, բացի օրեցօր կլորացող փորիկից:)»,-ասել է Ռուզաննան եւ ավելացրել, որ բալիկի սպասելու լուրը կարծես լույս էր թունելի վերջում.«Անսպասելի էր, հաճելի եւ շատ հուզիչ»:
Ուրախալի լուրն ամուսնուն հայտնել է նրա ծննդյան օրը.«Պայմանավորվել էինք, որ առաջինն ինքը պետք է իմանա: Մտածեցի՝ տարեդարձի առթիվ լավագույն նվերը կլինի, վեց օր գաղտնի պահեցի, նույնիսկ մայրիկս չգիտեր: Տարեդարձի գիշերը, երբ հավաքվեցին մեր մտերիմները, ես նրան բարեմաղթանքներով բլիթներ նվիրեցի: Վերջին բլիթի վրա հղի կին էր եւ գրված էր՝ «Պապուլ, ծնունդդ շնորհավոր»: Չեմ կարող նկարագրել Վահանի եւ մյուսների հուզմունքը. երջանկությունից բոլորս արտասվեցինք: Վահանի երազանքը կատարվեց, անակնկալս էլ տեղին էր, արժեր 6 օր սպասել»:
Ռուզաննայի խոսքով՝ այդ գիշեր ամուսինը երջանկությունից չի քնել.«Անընդհատ խոսում էր փոքրիկի մասին, տղայի եւ աղջկա անուններ էինք որոշում: Այդ օրվանից մեր կյանքը փոխվեց»:
Օրերս էլ զույգը հատուկ արարողակարգի ժամանակ պարզել է փոքրիկի սեռը. «Ուզում էինք, որ մեր փոքրիկը հենց սկզբից գեղեցիկ միջոցառում ունենա, եւ մեզ համար տոն դարձնենք այդ օրը: Ամեն բան միասին էինք մտածել, իսկ սեղանին փոքրիկի առաջին լուսանկարն էր դրված: Ո՛չ մենք, ո՛չ էլ հյուրերից որեւէ մեկը չգիտեր սեռը. թուղթը ծրարով վերցրել եւ փոխանցել էինք տորթ եւ փուչիկ պատրաստողներին: Անհամբեր սպասում էինք»:
Ռուզաննայի եւ Վահանի առաջնեկն աղջիկ է: Ապագա մայրիկն ասում է, որ իրենք միշտ երազել են այդ մասին.«Անվան հարցում դեռ չենք կողմնորոշվում, ամեն օր նոր տարբերակներ են ի հայտ գալիս: Անհամբեր սպասում ենք՝ երբ է մեր հրաշքը ծնվելու, անչափ սիրում եւ սպասում ենք նրան»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: