×


Սերժ Թանկյանը եւս միացել է Stop Terrorism խնդրագրին

Հոկտեմբերի 1-ին արտասահմանից մի խումբ հայ երիտասարդներ խնդրագիր են ստեղծել՝ կոչ անելով միջազգային հանրությանը մասնակցել ստորագրահավաքի, սատարել Հայաստանին եւ Արցախին ու հստակ դիրքորոշում ընդունել Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացվող միջազգային խախտումների դեմ: Stop Terrorism and Save the People of Artsakh (Վերջ տվեք ահաբեկչությանը եւ փրկեք Արցախի ժողովրդին) վերնագրված խնդրագիրը ստեղծված է թիրախավորելու հատկապես Եվրոպայի ժողովուրդներին ու Եվրախորհրդարանի անդամներին:

Change.org հարթակում ստեղծված խնդրագրում կետ առ կետ ներկայացված են վերջին օրերին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող սադրիչ եւ ահաբեկչական գործողությունները: Խնդրագիրն ահաբեկչության համատեքստում է՝ կոչ է վերջ տալու ահաբեկչությանը տնտեսապես սնուցելուն:

Խնդրագիրը ստեղծողների թիմում է ներգրավված հայկական Zuck Independent Agency-ն, որի համահիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Աշոտ Հովակիմյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ խնդրագրի ձեւակերպումների մշակման վրա աշխատել են նաեւ միջազգային մակարդակի իրավաբաններ, որպեսզի նյութը հասանելի եւ ընդունելի դարձնեն միջազգային հանրության համար:

«Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակտիվորեն խախտում են մի շարք միջազգային օրենքներ, այդ թվում `Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ միջազգային կոնվենցիայի 5-րդ հոդվածը: Մենք կոչ ենք անում Եվրոպայի ժողովուրդներին, Եվրախորհրդարանի անդամներին եւ ԵՄ գերագույն ներկայացուցչի գրասենյակին իրական եւ վճռական գործողություններ ձեռնարկել ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից ընդունված ահաբեկչության հովանավորությանը եւ վարձկանների օգտագործմանը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ իրական սահմանափակումների եւ պատժամիջոցների կիրառումը միակ միջոցն է այս դաժան ագրեսիան կասեցնելու եւ վերականգնելու խաղաղությունը տարածաշրջանում: Սա նաեւ Եվրամիության Արեւելյան հարեւանության կայունությունն ապահովելու միակ միջոցն է», - նշված է խնդրագրում:


Zuck Independent Agency-ի համահիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Աշոտ Հովակիմյանը հավելում է ներկայացված տեքստին. «Սա խնդրանք չէ, այլեւ կոչ է մնալ հավատարիմ Եվրոպական միության հիմք հանդիսացող արժեքներին եւ կատարել իրենց պարտականությունը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար, այլեւ հենց Եվրոպայի եւ միջազգային խաղաղության ապահովության համար»:

Խնդրագիրը ստեղծող հայ երիտասարդների կամավորական թիմում հավաքվել են տարբեր երկրների ու տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ: Այս թիմը վերջերս նաեւ Boycott Turkey-ի ֆեյսբուքյան էջն է հիմնել, որում տեղադրված նյութերը ուղղված են թուրքական ապրանքների օգտագործմանը։ Գործում է նաեւ կայքը՝ boycottturkey.org։

Այս օրերին թիմը նաեւ միջազգային հարթակներում ակտիվորեն տարածում է տվյալ ծաղրանկարը, որպեսզի այն դառնա հեղինակավոր լրատվամիջոցների հիմնական նկար։

Խնդրագրի տարածման գործընթացը բավականին ակտիվ է: Ստորագրահավաքին մասնակիցների թիվն այս պահին ավելի քան 37 000 է, նպատակն է հասնել մեկ միլիոնի: Ստորագրողների մեծ մասը դեռեւս հայազգի ներկայացուցիչներ են, սակայն մարքեթոլոգների թիմն ակտիվ աշխատում է, որպեսզի այս օրերին այն հասնի թիրախավորված ժողովուրդներին:

Ամալի Խաչատրյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին