×


Պենելոպե Քրուզի լուսանկարի շուրջ կոնֆլիկտը՝ Esquire-ի դիտանկյունից

Նախօրեին իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Քրուզն Ինստագրամում հրապարակել էր իր մասնակցությամբ «The 355» ֆիլմի պաստառը։ Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, լուսանկարը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի նոր հարթակ է դարձել։ Պատճառը Պենելոպեի թիկունքում պատկերված Կոլումբիայի դրոշն է, որը, ինչպես հայտնի է, հայկական դրոշի գույներն ունի, միայն թե հակառակ դասավորությամբ։ Ադրբեջանցի բազմաթիվ օգտատերեր դերասանուհուն ուղղված տասնյակ քննադատական մեկնաբանություններ են թողել, ոմանք էլ անհիմն սկսել են ծաղրել հայերին, իբրեւ թե սեփական երկրի դրոշը չեն ճանաչում։ Հայ օգտատերերն էլ ի պատասխան նկատել են, որ տարիներ շարունակ իրենք՝ ադրբեջանցիներն են շփոթում հայկական դրոշը եւ փոխարենն այրում Կոլումբիայինը։

Դերասանուհու լուսանկարի շուրջ առաջացած կոնֆլիկտն իր արձագանքն է գտել նաեւ ռուսական մամուլում, մասնավորապես՝ դրան անդրադարձել է «Esquire» ամսագիրը՝ մեկնաբանություններից մի քանի հատված մեջբերելով, որոնցում հայ օգտատերերից մեկն էլ պարզաբանում է իրավիճակը:

«Բոլոր ադրբեջանցիները մեկ մարդու նման գրում են, թե իբր հայերը մտածել են՝ սա իրենց դրոշն է։ Փորձեցի գտնել գոնե մեկ այդպիսի մեկնաբանություն հայերի կողմից, համբերատար կարդացի բոլոր 9 հազար մեկնաբանությունները, եւ ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեսա։ Այո, ոչինչ։ Ոչ մի նման գրառում չգտնվեց։ Ես միայն մեկ հարց ունեմ՝ ի՞նչ է կատարվում ադրբեջանցիների երեւակայության հետ։ Գուցե հերի՞ք է արդեն ամեն ինչ հորինել։ Եկեք իրատեսորեն նայենք այս ամենին, բարդ չէ, հանգստացեք արդեն»,- ռուսերեն լեզվով գրել է հայ օգտատերը։

Կայքն իր անդրադարձի վերջում հիշեցման կարգով նշել է նաեւ, որ լայնածավալ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկսվել են սեպտեմբերի 27-ին։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին