×


«Երբեք չենք հանձնվի. հանուն հայրենիքի մեր պայքարը շարունակվելու է». Հովիկ Կեուչկերյան

Իսպանական հանրահայտ «Թղթե տունը»(La Casa de Papel) սերիալում Բոգոտայի դերակատար Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձով է հանդես եկել: Նա պատմել է Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի մասին, միջազգային խոշոր կառույցներին ու գերտերություններին կոչ արել խոսքից գործի անցնել:



Կեուչկերյանն իր հիացմունքն է արտահայտել երբեք չհանձնվող հայրենակիցների հանդեպ ու աշխարհին տեղյակ պահել, որ երբեք չենք դադարի պայքարել հանուն մեր հայրենիքի.

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես որ միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ՝ ագրեսիա: Ներխուժում ու օկուպացիա, դա հստակ փորձ է՝ Էրդողանի Թուրքիայի ու Ալիեւի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր Ցեղասպանություն սկսելու:

Հայերի միակ նպատակը խաղաղ ապրելն ու բարգավաճելն է իրենց մայր հայրենիքում՝ աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում:

Թշնամին երբեք չի կարողացել խլել մեզնից մեր ժպիտը, երազանքները, ուժն ու կամքը: Եվ ոչ էլ կարողացել են խլել մեր միասնականությունն ու արյան կանչը: Նրանց դա չի հաջողվել, չի հաջողվում ու չի էլ հաջողվելու: Չեք կարողանա:

Ինչպես ասել է Էրդողանը, մեջբերում եմ նրա խոսքերը.«Ժամանակն է ավարտին հասցնել մեր նախնիների սկսած գործը»: Իր պապերի սկսած գործը, որի մասին խոսում է Էրդողանը, 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է: Մինչեւ այսօր էլ Թուրքիան այն չի ճանաչել եւ զբաղեցնում է հայկական հողերի շուրջ 80%-ը՝ ներառյալ Արարատ լեռը, որը միշտ էլ մերը կլինի:

Հենց այս պահին Ալիեւն ու Էրդողանը նորից ցանկանում են սկսել էթնիկ զտումներ, մի նոր Ցեղասպանություն: Սա ավելին է, քան պատերազմ: Կոչ եմ անում միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին վերջ տալ հայտարարություններին ու լոկ խոսքերին, ժամանակն է գործելու ու հնարավորինս արագ: Կտրուկ եւ վերջնականապես կանգնեցրեք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ: Հեռացրեք այդ քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել:

Մինչ դուք որոշումներ եք կայացնում, հայերը կռվում են, դիմադրում ու պաշտպանվում: Նրանք կռվում են հանուն մեր հավատքի, մեր մշակույթի, մեր պատմության, մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների ու տարեցների, մեր նախնիների ու փոքրիկ հայկական հողի:

Բայց չշփոթեք, հայերը հերթական անգամ պայքարում են հանուն իրենց գոյության, այո, սա գոյամարտ է: Քանի դեռ կա գեթ մեկ հայ ոտքի վրա կանգնած, ով ունակ է զենք վերցնել ու շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի, մենք կպայքարենք մինչեւ վերջ: Երբեք չենք հանձնվի: Երբեք չենք նահանջի, չկասկածեք:

Ուզում եմ ուղարկել իմ ողջ ուժը, էներգիան, հիացմունքս, սերս, իմ բոլոր աղոթքները Հայաստանի ու Արցախի  ողջ բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած եւ հերոսացած բոլոր զինծառայողներին, ովքեր այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը: Իմ քույրեր եւ եղբայրներ, դուք, միայնակ չեք»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին