Կանաչ լույս վառելով մեծ փոփոխությունների ճանապարհին՝ Ucom ընկերությունը գործարկում է 5G ցանցը Երեւանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Ընդառաջ գնալ նորարար լուծումներին, արագ ու որակյալ ինտերնետ կապ ապահովել յուրաքանչյուր բաժանորդի համար, արձագանքել ժամանակի պահանջներին՝ ավելի մոտենալով թվային ապագային․ սա է Ucom-ի նպատակը բոլոր նախաձեռնություններում։
5G ցանցի գործարկման առիթով ընկերությունը հունիսի 12-ին Երեւանի Season’s Park-ում կազմակերպել էր նոր սերնդի մեծ ֆեսթ՝ ավելի քան 5000 այցելուի մասնակցությամբ։ Համերգի հեդլայները երգչուհի Brunette-ն էր, որ ներկայացավ օրվա թեմային համահունչ նոր երգով։ BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է վառ ու հետաքրքիր դրվագները, ինչպես նաեւ զրուցել նախագծի հեղինակների հետ՝ կարեւոր մանրամասներ պարզելով նոր ցանցի առավելությունների մասին։
5G ծածկույթը Հայաստանում եւ նոր հնարավորությունները
Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դառնում է ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երեւանում եւ 35 քաղաքում, 19 բնակավայրում, ինչպես նաեւ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ում, Երեւան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա եւ Ագարակ սահմանային անցակետերում։
Նոր գործարկումը բաժանորդներին կտրամադրի ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների եւ կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում որակյալ վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանակման եւ նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։
Երեւանում եւ մարզային քաղաքներում 5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության շուրջ 65 տոկոսը հնարավորություն կունենա վայելելու այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։
Ռազմավարական ներդրում՝ Հայաստանի ապագայի համար
Ucom-ի 5G ցանցը նախագծվել եւ կառուցվում է Nokia-ի հետ համագործակցությամբ՝ օգտագործելով վերջինիս առաջադեմ տեխնոլոգիաները՝ ապահովելու աննախադեպ արագություն։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում նկատել է՝ 5G ցանցի գործարկումը Երեւանում վկայությունն է իրենց նվիրվածության՝ նորարարությունների ներդրմանը եւ ամբողջ Հայաստանում բաժանորդներին աննախադեպ թվային փորձառություն տրամադրելուն:
«Մեր ընդլայնված ցանցն այժմ ընդգրկում է Հայաստանի 35 քաղաք եւ մայրաքաղաքը, եւ մենք հպարտ ենք լինելու երկրի առաջատարը՝ ամենալայն 5G ենթակառուցվածքով։ Այս ձեռքբերումը արտացոլում է մեր նպատակը՝ համայնքների զարգացմանը եւ հնարավորինս որակյալ ծառայությունների մատուցմանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն էլ իր հերթին ընդգծել է՝ 5G ցանցի գործարկումը ռազմավարական ներդրում է մեր երկրի ապագայի համար:
«Ավելի արագ ինտերնետ տրամադրելուց բացի, այս ցանցը հիմք է դառնում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար՝ ապահով կապի շնորհիվ մարզային համայնքները հզորացնելուց մինչեւ արդյունաբերական նորարարությունների եւ խելացի ենթակառուցվածքների հնարավորություններ ստեղծելով։ Ucom-ում մենք դիտարկում ենք տեխնոլոգիաները որպես ազգային առաջընթացի հիմք, եւ այս ձեռքբերումը մեզ մոտեցնում է ավելի ուժեղ, մրցունակ ու որակյալ կապ ունեցող Հայաստան ստեղծելուն»,- նշել է Գուրգեն Խաչատրյանը։
Nokia-ի եւ Ucom-ի շարունակվող գործընկերությունը
Նոր 5G ցանցը, որի մաս է կազմում Nokia-ի վերջին AirScale ռադիո մուտքի սարքավորումը, 5G Core եւ IMS Voice Core-ը, ինչպես նաեւ IP երթուղավորման լուծումները, հասանելի է Ucom-ի կանխավճարային եւ հետվճարային շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար (բացառությամբ միայն շարժական ինտերնետի սակագնային պլանների), որոնք օգտագործում են 5G-ի հետ համատեղելի սմարթֆոն (բոլոր iOS, եւ մի շարք Android, մանրամասները՝ Ucom.am կայքում):
«5G ծածկույթի այս հաջողված ընդլայնումը Nokia-ի եւ Ucom-ի շարունակվող գործընկերության նորագույն հիշարժան քայլն է: Հիմնվելով մեր մեծ փորձի եւ ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վրա՝ մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող եւ արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Ucom-ին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար: Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին եւ անհատներին գերարագ կապ կտրամադրի: Մենք ակնկալում ենք հետագայում է՛լ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը Ucom-ի հետ», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ եւ Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։
Շքեղ համերգն ու Բրյունետի «Try» երգի պրեմիերան
Տոնական մեծ միջոցառումը, որ կազմակերպվել էր 5G ցանցի գործարկման առիթով, մեկնարկեց դիջեյներ Leo Aniram-ի եւ Guevo-ի էներգետիկ երաժշտությամբ։ Այդ ընթացքում տարբեր տարիքի հարյուրավոր մարդիկ կողք կողքի պարում էին, այգում ներկայացված տաղավարներում վայելում գործընկեր կազմակերպությունների սուրճն ու համեղ սնունդը, ինչպես նաեւ օգտվում հնարավորությունից՝ տեղում Ucom-ի քարտեր ձեռք բերելու եւ 5G ցանցին միանալու։
Շուտով բեմ եկան Ռալֆ Յիրիկյանը, Ռոլֆ Վերները եւ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը՝ ներկաներին պատմելու 5G ցանցի առավելությունների ու նոր հնարավորությունների մասին։ Խոսքի ավարտին երեք գործընկեր միասին սեղմեցին այն մեծ կոճակը, որը ոչ միայն համերգի մեկնարկն էր խորհրդանշում, այլեւ նոր ցանցի գործարկումը։
Կանաչ լուսավորված ու բրենդավորված մեծ բեմում սկսվեց համերգը, որտեղ իրենց ամենասիրված ու հայտնի երգերով հանդես եկան 12 Project-ը, Leah-ն, Parg-ը եւ Ներսես Ավետիսյանը։ Եզրափակիչ ելույթը Brunette-ինն էր, որը ներկայացավ նաեւ իր նոր՝ «Try» երգով։ Ucom-ի հետ համագործակցությամբ ստեղծված երգի տեսահոլովակն արդեն հասանելի է YouTube-ում եւ երաժշտական մյուս հարթակներում։ Իր ուղերձով այն համահունչ է Ucom-ի այս արշավի կարգախոսին՝ «Փորձիր ապագան»։
5G ցանցի մասին՝ ավելի մանրամասն
Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված եւ շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: