×


8 կամավորական աշխատանք, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը

Պատերազմի առաջին օրվանից թիկունքն ինքնակազմակերպվեց եւ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ շարունակվում են մինչ օրս։ Մեկ տեղում ենք հավաքել բոլոր նախաձեռնությունները, որոնց մասին գուցե դեռ չեք լսել։ Ընտրեք ձեզ հարմար տարբերակը եւ ձեր ներդրումն ունեցեք հաղթանակում։

«Քողարկող ցանցեր». «Արեգնազան» կրթահամալիրում ուսուցիչները, աշակերտները, ծնողներն ու այլ կամավորներ զինտեխնիկան քողարկող ցանցեր են գործում։ Նոր կամավորներին սովորեցնում են՝ ինչպես գործել կամ տրամադրում են կտորներ՝ աշխատանքի մի մասն այլ տարածքում կատարելու եւ վերադարձնելու համար, օրինակ՝ կտորը կտրատելը։ Կրթահամալիրը Սարյան 22 հասցեում է (Գլխավոր փոստի շենք, մուտքը՝ Ֆրիկի փողոցից)։ Աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ երեկոյան 20։00-ը։ Նախընտրելի է ներկայանալ սեփական մկրատով։ Նմանատիպ աշխատանքներ են սկսել նաեւ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։ Գործում են ցանցեր եւ կարում վերմակներ։ Հասցե՝ Մաշտոցի 2/1, ամեն օր, ժամը՝ 10։00-ից։

«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության անդամները հավաքում են ցանկացած տեսակի թուղթ (տետրեր, ամսագրեր, ալբոմներ, գրքեր)՝ բացառությամբ ստվարաթղթի։ Կարող եք նաեւ տեղում գնել Ձեզ անհրաժեշտ գիրքը՝ վճարելով այնքան, որքան ցանկանում եք։ Թուղթը շուկայականից բարձր գնով (80 դրամով՝ սպիտակը, 40–ով՝ դեղինը) հանձնում են, իսկ գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ժամը 12:00-ից 20:00-ը՝ Մաշտոցի պուրակում։ Նախաձեռնության հեղինակն Արթուր Oհանյանն է։  

«ԻնստագրաԴ»-ը լավագույն տարբերակն է օգնել ցանկացող, բայց շատ զբաղված մարդկանց համար։ Յություբի որոնման հարթակում հավաքեք այս բառը եւ լսեք տեսանյութում առկա երաժշտությունն՝ առանց առաջ տալու, իսկ եթե գովազդին էլ դիմադրեք ու չանջատեք՝ ավելի շատ կհանգանակեք։ Երաժշտությունը՝ ձեզ, իսկ դիտումներից առաջացած գումարը՝ հիմնադրամին։ Նախաձեռնության հեղինակը բլոգեր Ռուբեն Եսայանն է։

Անձրեւապաշտպան թիկնոցներ. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից մեկը՝ Միքայելը, Ապրիլիան քառօրյա պատերազմի մասնակից է եւ այս նախաձեռնության հեղինակը։ Հիշելով, որ իրենց բաժանել են անձրեւապաշտպան թիկնոցներ, որոշեց՝ հիմա էլ ինքը ուղարկի սահման։ Կուրսընկերների հետ համացանցում նայեցին, սովորեցին ու լսարանը վերածեցին արտադրամասի։ Կամավորները կարող են մոտենալ, տեղում սովորել ու անցնել գործի։ Համագործակցում են ԿԳՄՍ նախարարության հետ։ Նախաձեռնությանը կարող եք աջակցել նաեւ հումքով կամ այն ձեռք բերելու գումարով։ Հասցեն՝ Ամիրյան 26, ամեն օր, ժամը՝ 11:00-ից 21:00-ը։

Պռոշյան 12 հասցեում ինժեներներն են հավաքվել. կարող եք տանել ձեր սարքին կամ անսարք UPS փոխարկիչները (անխափան սնուցման սարքեր), որոնք մասնագետները կձեւափոխեն, հզորությունը կդարձնեն 220 վոլտ եւ կուղարկեն Արցախ։ Եթե ոլորտի հետ կապ ունեցող մարդ եք, կարող եք գրանցվել այս հղումով եւ օգնել նաեւ սարքերի ձեւափոխման աշխատանքներում, որոնք իրականացվում են ամեն օր, ժամը՝ 12։00-ից 20։00-ն։ Նախաձեռնության հեղինակը Կարեն Դերձյանն է։

«ՈՄԱ» ակումբում կամավորագրված քաղաքացիներին սովորեցնում են զենք քանդել-հավաքել, զենքից օգտվել, առաջին օգնություն ցուցաբերելու կանոններ եւ ալպինիզմ։ Կարող են դիմել նաեւ աղջիկները: Դասընթացն անվճար է, միայն պետք է կամավորագրվել։ Կամավորները գնում են սահմանի թիկունք՝ ինժեներական աշխատանքներ կատարելու համար։ Հասցեն՝ Արմենակյան 121/7 (Նաիրի հյուրանոցի ետնաբակ)։

«Հոգ տա՛ր»․ սոցիալական նախաձեռնությունը Արցախից Հայաստան տեղափոված ընտանիքներին աջակցելու համար հավաքագրում է առաջնային անհրաժեշտության պարագաներ եւ սնունդ։ Նախաձեռնությունը համագործակցում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։  Այս պահին նախաձեռնությանն անհրաժեշտ են կամավոր վարորդներ՝ անձնական մեքենաներով (անհրաժեշտության դեպքում կհոգան վարորդների բենզինի գումարները) եւ ապրանքը տեսակավորողներ։

«Թվիթերի համահայկական զորքեր». Կրկին նրանց համար, ովքեր ուզում են օնլայն կամավորություն անել։ Խմբի համակարգողները տեղադրում են թվիթերյան հղումներ, որոնք պետք է տարածել կամ «Report» անել. այդպիսով մեզ համար ցանկալի տեղեկատվությունը տարածվում է, իսկ անցանկալին՝ կորչում դաշտից։

Նմանատիպ կամավորական աշխատանք կարող եք գնտել նաեւ «ԱՍՄԱ» եւ «Մեդիա գրոհայինների բանակ» խմբերում։

Պատրաստեց Նանե Պետրոսյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին