×


«Համոզված եմ՝ կհաղթենք». Լեւոն Արոնյանն իրականացրել է «Մատ տեռորին» միջոցառումը

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ քաղաքի ամենամեծ շախմատի կողքին, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Մանուել Պետրոսյանն այսօր շախմատային հանդիպում են անցկացրել Հայաստանից եւ Արցախից 20 տաղանդավոր երեխայի հետ:

Արոնյանը համոզված է՝ կարեւոր է մեր պայքարը նաեւ սպորտի եւ մշակույթի միջոցով:


«Երբ թշնամիդ գիտի, որ պատերազմում է մի ազգի հետ, ով աշխարհին շատ բան է տվել, նա արդեն իրեն թերի է զգում: Մշակույթն առանձնահատուկ կարեւոր է, որովհետեւ աշխարհն առաջին հերթին մեզ ճանաչում է հենց մեր մշակութային ականավոր գործիչների շնորհիվ:

Յուրաքանչյուր Նժդեհի կողքին պետք է ունենանք Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան: Բոլորս պետք է ոգեւորվենք եւ մեր բնագավառում լավագույնը լինենք: Համոզված եմ, որ կհաղթենք չարին», - նշել է շախմատիստը:


Ծնունդով արցախցի երիտասարդ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն էլ ընդգծել է՝ խաղին մասնակցող երեխաներից մի քանիսի հետ «պայքարում» արդեն պարտություն է նշմարվում.«Կարծում եմ՝ իրենց տարիքայինների խմբում լավագույնների հետ ենք խաղում, քանի որ մի քանի տախտակներում բավական վատ դրություն ունենք (ժպտում է,-հեղ)»:

«Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ ձեռք բերել Լեւոն Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լեւոն Արոնյան» գիրքը՝ գրոսմայստերի մակագրությամբ: Վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW