×


Ֆրանսիացի մշակույթի 120 գործիչների կոչը՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի

Ֆրանսիացի մշակութային հանրահայտ գործիչներն ու մտավորականները՝ կինոռեժիսորներ, գրողներ, դերասաններ, երաժիշտներ, փիլիսոփաներ, լրագրողներ եւ երգիչներ, համախմբվել են՝ ի աջակցություն հայերի:

Սատարողների թվում են հանրահայտ դերասաններ Ալեն Դելոնը, Պիեռ Ռիշարը, Կլաուդիա Կարդինալեն, Ֆանի Արդանը, Ժան Ռենոն, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Ժան Դյուժարդենը, հայտնի մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լեւին, հանրաճանաչ ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, ճանաչված խոհարար Ալեն Դյուկասը եւ ուրիշներ։  

Ֆրանսիական հայտնի «Ֆիգարո» պարբերականը տպագրել է 120 աստղերի կոչը, որն էլ թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողին։

«1915 թ.-ին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության իրագործումից ավելի քան մեկ դար անց նույն ժողովուրդը կրկին զոհ է դառնում երկու բռնապետությունների, որոնք ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Անկարայում բորբոքում են հայերի նկատմամբ ունեցած ազգամիջյան ատելությունը՝ իրենց անբաժան իշխանությանն օժտելով նոր «արյունոտ գավաթ»:

Հայերի ճակատագիրը պարզապես դաժանորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։ Համեստ ու հպարտ մարդիկ են ապրել այնտեղ ավելի քան երկու հազարամյակ՝ անդառնալիորեն կապված իրենց քարքարոտ ու հոյակապ հողին։

Նրանք ցանկանում էին շարունակել իրենց գոյությունը այնտեղ, որտեղ իրենց նախնիները կառուցել էին իրենց տները, դպրոցները եւ հիասքանչ վանքերը՝ անառիկ լեռների եւ հերկված դաշտերի սրտում: Մարդկային հատկանիշներից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան եւ Իլհամ Ալիեւի Ադրբեջանը հարձակվեցին արցախահայերի վրա՝ ձգտելով ոչնչացնել նրանց օրինական ձգտումը:

Հայերի համար Ղարաբաղն ամենից առաջ ժողովուրդն է՝ իր նախնյաց մշակույթով, իր երաժշտությամբ, իր պարերով եւ անկլավային կարգավիճակից ազատվելու դեպքում՝ աշխարհի երթին միանալու ցանկությամբ:

Բաքվի եւ Անկարայի իշխանությունների համար սա սոսկ տարածք է, որի վրա պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը ՝ լինի դա թուրքական հատուկ ջոկատայինների աջակցությունը ստանալու միջոցով, կամիկաձե անօդաչու թռչող սարքերի համազարկեր ուղարկելով՝ քաղաքացիական թիրախները ջախջախելու, կամ էլ սպանելու համար վճարված ջիհադական վարձկանների դիմելով: Այժմ ապացույցներ կան, որ Ադրբեջանն օգտագործել է կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային իրավունքով: Պայքարը միանգամայն անհավասար էր:

Հայերը չէին ցանկանում այս պատերազմը, նրանք ստիպված էին պայքարել իրենց գոյատեւման համար: Ադրբեջանի բռնապետության համար դա միայն ազգայնական փառասիրության խնդիր է: Ադրբեջանի առաջնորդը պարզ էր իր մտադրություններում, երբ հակամարտության առաջին օրերին ասաց՝ «Մենք նրանց որսում ենք շների պես»: Այս նույն նախադասությունը նա կրկնել է Արցախից քաղաքացիական անձանց արտագաղթից հետո՝ հպարտ հայտարարելով, որ կատարել է այս սարսափելի խոստումը:

21-րդ դարում մարդկանց նկատմամբ նման ատելությունը, ատելության այդպիսի պոռթկումը առաջացնում է ամենախոր վրդովմունքը եւ չի կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում։ Ահա այս պատճառով մենք սատարում ենք Հայաստանին։  Մենք սատարում ենք Արցախին»։

Պատրաստեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին