×


Լիանա Վանոյանն՝ իր կազմվածքը քննադատողների եւ արտասվելու պատճառի մասին

Դերասանուհի Լիանա Վանոյանը, ով հասարակության շրջանում ճանաչելի դարձավ ինստագրամյան զվարճալի հոլովակներով, այս օրերին էլ փորձում է ժպիտ պարգեւել մարդկանց՝ երբեմն հեգնելով արատավոր շատ երեւույթներ, սակայն այս դեպքում էլ  բացասական արձագանքներից խուսափել չի ստացվում: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է՝ դրանք իրեն այլեւս չեն անհանգստացնում.

«Գիտեք, չարիք ծնողը մարդկային տգիտությունն է: Այսօր ատելությունը մեր շրջապատում, կյանքում մաքսիմալ է դրսեւորվում, ինչը, կարծում եմ, մարդկանց գիտակցության պակասից է: Մեր երկրում նախընտրում են ատել հաջողակ մարդկանց, քան օրինակ՝ ավելի շուտ արթնանալ, մի քանի գործ անել ու այս կյանքում ինչ-որ բանի հասնել»:

Լիանա Վանոյանը


Հետեւորդների կողմից քննարկման առիթ կարող է դառնալ անգամ դերասանուհու արտաքինը, ինչին Լիանան նույնպես հումորով է մոտենում, բայց հիմքում ցավալի իրականություն տեսնում.«Ես կուզեի, որ հայ հասարակությունն ավելի մեծ ուշադրություն դարձներ մեր մշակույթին, գրականությանը, քան իմ կառուցվածքին: Այն մարդիկ, ովքեր քննադատում են իմ կազմվածքը, իրենց անուն-ազգանունը գրելիս երեւի վեց սխալ են թույլ տալիս: Եթե ես իմ մարմնում ինձ շատ լավ եմ ինձ զգում, դա այլեւս ոչ մեկի խնդիրը լինել չի կարող: Նույն մարդիկ խոսում են, թե ինչու է դերասանուհին ազատորեն արտահայտում իր հայացքները այս կամ այն հարցի շուրջ. բայց չէ՞ որ դերասանուհի լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, ով կարծում է, որ լռելով կդառնա մեղսագործ: Ես ընդհանրապես տեսակով այն մարդկանցից չեմ, ովքեր վտանգի ժամանակ իջնում են ջրի հատակը. ունեմ իմ կարծիքը եւ չեմ վախենում այն արտահայտել»:

Լիանա Վանոյանը


Դերասանուհին փորձում է ժպտալու եւ ուրախանալու առիթներ գտնել.«Վերջին անգամ ուրախությունից արտասվել եմ, երբ անհետ կորած վեց զինվոր գտնվեց, որոնց մեջ էին նաեւ Իրինայի եւ Վարուժի եղբայրները: Ամեն օր ինձ ուրախացնում է այն առավոտը, որը սկսվում է առանց պատերազմի: Ուրիշ առիթներով հիմա ուրախանալ չի ստացվում: Իմ Փիսն էլ է (կատուն) կյանքս գունավոր դարձնում. հենց իր անունն էլ խաղաղություն է նշանակում»:

Զրույցն ամփոփելով աշխատանքային անցուդարձով՝ Լիանան նշեց՝ դեռ նորություններ չկան.«Լիահույս եմ, որ կլինեն նախագծեր, բայց կարծում եմ՝ երկրի իրավիճակով պայմանավորված, եթերը դեռ ուշքի պիտի գա»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիանա Վանոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին