Միջազգային կինոփառատոների ընթացքում հետաքրքիր միջադեպերն անպակաս են: Էմմա Սթոունը Վենետիկի 82-րդ կինոփառատոնում «Բուգոնիա» ֆիլմի պրեմիերայից առաջ խոստովանեց, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը, իսկ Ջուլիա Ռոբերթսն ու Ամանդա Սեյֆրիդը ներկայացան նույն կոստյումով:
Երեկ 39-ամյա Սեյֆրիդն իր մասնակցությամբ «Աննա Լիի կտակը» ֆիլմի պրեմիերային ներկայացել է Versace-ի այն նույն կոստյումով, որով մի քանի օր առաջ կարմիր գորգին հայտնվել էր Ջուլիա Ռոբերթսը: Ինչպես պարզվեց, Սեյֆրիդն այնքան է հավանել Ռոբերթսի կերպարը, որ կապվել է դերասանուհու հետ ու խնդրել է միջոցառման համար հագուստն իրեն տրամադրել: Տեղեկությունը հաստատել է նրանց ոճաբան Էլիզաբեթ Սթյուարտը:
Բացի այդ էլ ոճաբանի ինստագրամյան հրապարակման տակ Սեյֆրիդի մեկնաբանությունը կա, որում նա խնդրում է իրեն թույլ տալ նույն հագուստը հագնել: Ռոբերթսը ժլատություն չի արել, ոչ էլ նեղվել է, որ մեկ այլ դերասանուհի իր պես հագնված կհայտնի կինոփառատոնում, ու այն նվիրել է Սեյֆրիդին:
«Շնորհակալություն Ջուլիա Ռոներթսին իր առատաձեռնության ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության համար: Կիսվել՝ նշանակում է հոգ տանել»,- գրել է ոճաբանը:
Չի բացառվում, որ սա հնարամիտ քայլ է, որպեսզի եւս մեկ անգամ ուշադրություն սեւեռեն ու ազդարարեն Versace-ի նոր ժամանակաշրջանի մեկնարկը: Նորաձեւության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնում Դոնաթելա Վերսաչեին ապրիլից փոխարինում է Դարիո Վիտալեն:


×
3,475






