×


Ջիլ Բայդենի՝ քննարկվող զգեստի միայն անունն է հայկական

Վաշինգտոնում երեկ կայացել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: Ինչպես միշտ, նման միջոցառումների ժամանակ հետաքրքրության հարց է դառնում նաեւ գլխավոր գործող անձանց հագուկապը:

ԱՄՆ նախագահի երդմնակալությունը նորաձեւության առանձին մասն է դարձել 1961 թվականից, երբ Ջոն ու Ժաքլին Քենեդիները արարողությանը հաջորդած երեկույթին ներկայացան «Brooks Brothers» եւ «Oleg Cassini» ապրանքանիշերի շքեղ հագուստներով:

Ժաքլին եւ Ջոն Քենեդիները


Սկսենք առաջին տիկին Ջիլ Բայդենից, որը կրում էր «Markarian» բրենդի արտադրանքը: Նա ընտրել էր կապույտի երանգները՝ պաշտպանիչ դիմակից մինչեւ ձեռնոցներ: Բայդենի զգեստը եւ վերարկուն պատված են մարգարիտներով ու «Swarowski» բյուրեղներով:

Առաջին տիկնոջ տեսքի համար պատասխանատու էր ծնունդով Կոլորադոյից դիզայներ Ալեքսանդրա Օ’Նիլը, որը բրենդի համահիմնադիրներից է:

«Կապույտ գույնն ենք ընտրել, քանի որ այն խորհրդանշում է վստահություն, համարձակություն ու կայունություն: Կերպարը ստեղծել ենք մեր թիմով, իսկ այն ավարտուն տեսքի է հասցրել Օ’Նիլը»,- նշված է Markarian-ի հայտարարության մեջ:


Դիզայներն էլ խոստովանել է, որ իր համար մեծագույն պատիվ էր կարել առաջին տիկնոջ զգեստն ու այդկերպ Միացյալ Նահանգների պատմության մի մասը դառնալ:

Markarian բրենդը ստեղծվել է 2017 թվականին: Այն կրում է աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի հայտնաբերած «Մարգարյանի գալակտիկաների» անունը։ Ամերիկյան բրենդի ընտրությունը պատահական չի եղել Սպիտակ տան կողմից. նախկինում ամերիկյան շատ ընկերություններ հրաժարվել էին համագործակցել Մելանիա Թրամփի հետ, քանի որ համաձայն չէին նրա ամուսնու վարած քաղաքականության հետ, եւ կարեւոր միջոցառումների ժամանակ նա կրում էր եվրոպական նորաձեւության տների զգեստներ, որոնց թվում էին Alexander McQueen-ը, Valentino-ն, Dolce&Gabbana-ն:

Ջիլ Բայդենի երեկվա տեսքը ոչ բոլորին է դուր եկել. սոցցանցերում նրան համեմատել են «Աղախնի պատմությունը» սերիալում Սերենա Ջոյի կերպարի հետ: Քիչ չեն եղել նրանք, որոնք Ջիլին մեղադրել են Մելանյա Թրամփի կերպարը կրկնօրինակելու համար. վերջինս էլ ամուսնու երդմնակալությանը ներկայացել էր նույն ոճի կապույտ հագուստով:

Առաջին տիկնոջ կարգավիճակում առաջին անգամ Բայդենը ներկայացել է Oscar de la Renta-ի ծաղկավոր զգեստով:


Նշենք, որ երդմնակալության պաշտոնական արարողությանը Ջո Բայդենը կրել է ԱՄՆ-ում ամենահայտնի Ralph Lauren ապրանքանիշի մուգ կապույտ կոստյում: «Այդ գույնը խորհրդանշում է վերադարձ ԱՄՆ-ի պաշտպանած արժեքներին ու կանոններին»,- վստահեցնում են Ralph Lauren-ից:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ CNN, GQ, Vanity Fair, Esquire

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին