×


Վիկտորյա Սահակյանը՝ Լուիզի կերպարի, թարմ վերքերի, համբույրի տեսարանների եւ «Երկուսով»-ի մասին

Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանն այս շրջանում հեռուստադիտողին է ներկայանում «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում: Նոր կերպարի, բաց տեսարաններում նկարահանվելու, «Երկուսով» սերիալի հնարավոր վերսկսման մասին Վիկտորյան պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Նոր սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Ելենա Արշակյանից: Վաղուց էի ուզում աշխատել նրա հետ, եւ վերջապես ստացվեց: Հրավիրեցին քասթինգի, գնացի, հաստատեցին: Մի քանի րոպե տեւեց»,-ասել է նա:

Լուիզի կերպարն այսպես է բնութագրում դերասանուհին.«Սիրահարված ուսանողուհի է: Գերզգայուն էակ է՝ առանց ցայտուն արտահայտված ըմբոստության եւ գոռոզության: Բարի է, կարոտով սպասում է ընկերոջը, ով պատերազմում է: Իմ խաղացած ցանկացած կերպարի մեջ կամ ես, որովհետեւ նրանք իմ ներաշխարհով, զգացմունքային դաշտով են ստեղծված: Ներկայացնում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ ես դեռ չէի ծնվել, իսկ հայրս արդեն վիրավոր էր: Բավական ծանր է պատերազմ խաղալն իրական պատերազմից հետո: Եռակի էներգիա է պետք՝ հաղթահարելու ներսիդ ցավը... Բոլորիս վերքերն են թարմ. դա գիտակցում է նկարահանող խումբը, սերիալի պրոդյուսերը: Ենթադրում եմ, որ կարծիքները կկիսվեն, այդ իսկ պատճառով նախօրոք հիշեցնում եմ, բոլորիս ներսում էլ ցավ կա: Կարճ, բայց ծանր նկարահանման շրջան ունեցանք՝ ե՛ւ էմոցիոնալ, ե՛ւ եղանակային, ե՛ւ հետպատերազմյան անխուսափելի հետեւանքներով պայմանավորված»:

Վիկտորյա Սահակյանը


Խոսելով իր մասնակցությամբ համբույրի տեսարանների մասին՝ Վիկտորյան ասել է. «Եթե որոշել ես լինել դերասան, պիտի պատրաստ լինես ռեժիսորի կողմից տրվող ցանկացած խնդրի: Հավատացնում եմ՝ սերիալում ավելի բարդ տեսարաններ եմ խաղացել, որոնց կողքին բաց (համբույրի) տեսարաններն այնքան հեշտ են թվում: Ունեցել եմ հրաշալի զուգընկեր. Վարուժ Մարգարյանն իրոք լավ դերասան է եւ ընկեր»:

Վիկտորյայի խոսքով՝ «Շանթ» հեռուստաընկերության հետ համաձայնեցրել է նոր նախագծում նկարահանվելը, եւ երբ սկսվի «Երկուսով» սերիալը, նորից հանդես կգա Եվայի կերպարում: «Իսկ այժմ շատ ակտիվ փորձեր են ընթանում Կամերային թատրոնում: Շուտով ես եւ Զիրոյանը հանդիսատեսին կներկայանանք նոր կերպարներով, նոր ներկայացմամբ»,-եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վիկտորյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին