×


«Հայն ու հայը»․ երիտասարդ դերասանների մուտքը Կամերային՝ պրեմիերայով

Երեւանի կամերային թատրոնում շարունակում են հարթակ տրամադրել երիտասարդ դերասաններին՝ նրանց ընդգրկելով բազմաժանր ներկայացումներում, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով ստեղծագործել ու հանդիսատեսին ներկայացնել իրենց բեմադրությունները։ Այդպիսի մի համագործակցության արդյունքում էլ ծնվել է թատրոնի նոր ներկայացումներից մեկը՝ «Հայն ու հայը», որ բեմադրել է երիտասարդ դերասան եւ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն իր խաղընկերոջ՝ Սարգիս Շողունցի հետ։ Կամերայինի լավատեսական նոր կատակերգության պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է ու զրուցել բեմադրության հեղինակների հետ։

Ով է հայն ի վերջո, որն է իրականում բոլորիս երազած հայի կերպարը, ինչպիսի ասոցացիաներ կան հայ, հայրենիք, Հայաստան հասկացությունների հետ՝ այս թեմաների շուրջ է կառուցված Դավիթի եւ Սարգսի ներկայացումը։ Դերակատարները հանդիսատեսի հետ կիսվում են իրենց պատմություններով, մանկության ու պատանեկության տարիների ամենավառ հիշողություններով, անցնում տարիքային շրջափուլերով՝ այդպես մինչեւ մեր օրեր։ Եվ հատկանշական է, որ այդ պատմությունները հանդիսատեսին կարող են շատ ծանոթ թվալ, յուրաքանչյուրն իր կյանքում կարող է ունենալ այդպիսի հիշողություններ։

«Հայն ու հայը» ներկայացման պրեմիերային


Թե ինչպես է ստացվել Դավիթ Աբրահամյանի եւ Սարգիս Շողունցի մուտքը Կամերային թատրոն, դերասանները մեր զրույցում պատմեցին, որ առաջարկն իրենք են արել․«Մենք ներկայացմանը հրավիրեցինք թատրոնի ղեկավար կազմին՝ Արա Երնջակյանին, Լուսինե Երնջակյանին եւ Արշալույս Հարությունյանին։ Նրանք դիտեցին, բավական հետաքրքիր արձագանք եղավ, եւ մենք էլ առաջարկեցինք, որ այս թատրոնում ներկայացումը շատ ավելի լավ կարող է ընկալվել հանդիսատեսի կողմից։ Ու քանի որ նրանք էլ կիսում էին մեր այդ միտքը, հրավիրեցին, մենք էլ միանգամից մեծ ուրախությամբ համաձայնեցինք։ Եկանք, ու զարմանալիորեն այստեղ էլ ամեն ինչ շատ սահուն ընթացավ։ Պարոն Հարությունյանը մեզ օգնեց ադապտացիայի, բեմին հարմարվելու, լուսային էֆեկտները նորովի ստանալու հարցերում։ Ու նաեւ թատրոնը մեզ շատ ջերմ ընդունեց, այնպես որ մթնոլորտն այստեղ շատ դրական է աշխատելու համար, շատ նպաստավոր պայմաններ կան ստեղծագործելու համար»,- անկեղծացավ Դավիթը։

«Հայն ու հայը» ներկայացման պրեմիերային


Նա նաեւ նշեց, որ դեռ 2016 թվականին աշխատել է Կամերային թատրոնում որպես ռեկվիզիտոր, ինչպես ինքն է կեսկատակ բացատրում՝ բեմի բանվորի մի տեսակ է:): Այնուհետեւ ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ եւ ավարտել աշխատանքը թատրոնում՝ ուսումը թերի չթողնելու համար։ Հետո այնպես է ստացվել, որ Արա Երնջակյանը եղել է Դավիթի դիպլոմային աշխատանքի քննիչ հանձնաժողովի նախագահը։ Այդպես էլ հաջողվել է հետագայում պահպանել կապը թատրոնի անձնակազմի հետ։ Սարգիսն էլ պատմում է, որ նախկինում ճանաչել է Արշալույս Հարությունյանին, քանի որ նա չորս ամիս եղել է իրենց կուրսի ղեկավարը։

«Հայն ու հայը» ներկայացման պրեմիերային


Ինչ վերաբերում է ներկայացման գաղափարին, ապա դերասանները պատմում են, որ կարանտինային շրջանն է նպաստել աշխատանքները սկսելուն, մտքերը գրի առնելուն եւ հետագայում պիեսը բեմադրելուն․«Ուղղակի ժամանակ կար ինքներս մեզ ուսումնասիրելու, մեզ՝ հայերիս փորձել հասկանալու։ Այս ներկայացման միջոցով մենք ցույց ենք տալիս մեր որոնումների ճանապարհը, թե ինչ հայերի ենք հանդիպել մեր կյանքում, ովքեր ինչ հետք են թողել մեզ վրա, ինչ եզրահանգումներ  ունենք այդ ամենից եւ ինչ խնդիրներ ենք առաջ քաշում հանդիսատեսի համար»,- ասում է Դավիթը։ Սարգիսն էլ հավելում է, որ ի զարմանս իրենց՝ աշխատանքը շատ սահուն է ընթացել՝ սկսած պիեսը գրելուց մինչեւ բեմադրության վերջնական փուլը՝ չհաշված փոքրիկ տարաձայնությունները․«Այնպիսի տպավորություն էր, որ այս գործն անպայման պիտի լիներ, հատկապես որ մեր պատմությունները շատ նման էին իրար»։

«Հայն ու հայը» ներկայացման պրեմիերային


Նրանցից հետաքրքրվեցինք նաեւ՝ առաջիկայում այլ ներկայացումներ սպասվո՞ւմ են իրենց մասնակցությամբ։ Դավիթ Աբրահամյանը պատմեց, որ Լուսինե Երնջակյանն իրեն առաջարկել է նոր ներկայացում բեմադրել թատրոնի մյուս դերասանների հետ։ Միասին ընտրել են գործը, եւ մարտին կլինի առաջնախաղը, որտեղ ինքը հանդես կգա որպես ռեժիսոր․««Մի պատմություն սիրո մասին»՝ այսպես է կոչվում մեր ներկայացումը։ Խաղալու են երկու շատ տաղանդավոր դերասաններ՝ Էվա Խաչատրյանն ու Մխիթար Ավետիսյանը։ Կարծում եմ՝ Կամերայինի հանդիսատեսը շատ ջերմ կընդունի մեր աշխատանքը, որովհետեւ բազմաժանր է․ մի ներկայացման մեջ հինգ ներկայացում է լինելու»,- եզրափակեց նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW