Մարալ Գասպարյանը փոքր տարիքում հեքիաթներ էր հորինում, հետո սիրահարվեց ջութակի ձայնին, իսկ տարիներ անց հասկացավ, որ իր տեղը բեմում է։ Սիրիայից տեղափոխվելուց հետո նա սկսեց հարմարվել նոր միջավայրին, իսկ այսօր արդեն Հայաստանը նրա կյանքի կարեւոր մասն է։ Մարալը հանդես է գալիս թատրոնում եւ կինոյում, զբաղվում է նաեւ երաժշտությամբ։ Վերջին շրջանում նա նկարահանվում է «Մի գեղեցիկ օր» սերիալում: Դերասանուհու համար Բելլայի կերպարը հնարավորություն է խոսելու այն զգացողությունների մասին, որոնք կարող են ծանոթ լինել շատ դեռահասների։
Մանկություն եւ արվեստ
- Եթե վերադառնանք Ձեր մանկություն, ինչպիսի՞ երեխա եք եղել։
- Իր համար հեքիաթներ հորինող։ Իմ սենյակում փոքրիկ տան նկար կար։ Հորինել էի, որ ես շենքի պահակն եմ ու այդ նկարի միջոցով տեսնում եմ ամբողջ շենքի անցուդարձը։ Եվ իսկապես հավատում էի իմ մտքերին, ինչպես հավատում եմ մինչեւ հիմա։ Այն, ինչ չկա, ես հավատում եմ, որ կա։
- Մանկուց ակտիվ եք եղել. զբաղվել եք երաժշտությամբ, ջութակ եք նվագել։ Ինչպե՞ս ընտրեցիք գործիքը, եւ այսօր ժամանակ տրամադրո՞ւմ եք ջութակին։
- 6-7 տարեկան էի, հորս ընկերոջ տղան ջութակ էր նվագում, ու ես մի օր լսեցի ջութակի ձայնն ու սիրահարվեցի այդ գործիքին: Այդ տղան սովորեցրեց ինձ 2-3 նոտա նվագել, նվագեցի բոլորի մոտ ու ստացա առաջին ծափահարություններս: Գնացի տուն ու Ձմեռ Պապիկից ջութակ խնդրեցի, եւ նա խնդրանքս չմերժեց:
- Ե՞րբ հասկացաք, որ արվեստը կարող է դառնալ Ձեր մասնագիտությունը։
- Երբ արդեն մասնագիտություն ընտրելու եւ համալսարան ընդունվելու ժամանակն էր, հասկացա, որ ոչինչ չեմ ուզում, բացի բեմում լինելուց։
- Մանկության ո՞ր սովորությունն եք մինչեւ այսօր պահպանել։
- Շատ հանգիստ երեխա եմ եղել։ Կարող եմ ժամերով լուռ նստել, եթե սիրած զբաղմունքներս կողքիս են։ Ինձ եթե չխոսեցնեն, չեմ խոսի:
- Եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով վերադառնալ մանկություն, ո՞ւր կգնայիք եւ ինչո՞ւ։
- Կվերադառնայի Սիրիա՝ պապիկիս ու տատիկիս տուն։ Կգիշերեի այնտեղ, որ կիրակի առավոտյան պապիկիս հետ գնայի եկեղեցի։ Ամեն կիրակի պարտադիր նրա հետ էի գնում։
Նոր միջավայր
- Փոքր տարիքում Սիրիայից տեղափոխվեցիք Հայաստան։ Ինչպե՞ս եք հիշում այդ շրջանը։
- Միշտ սիրահարված եմ եղել Հայաստանին։ Այդ սերն իմ մեջ արթնացրել է հայրս։ Նախանձում էի բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել էին Հայաստանում։ Ամեն կիրակի ընտանիքով նստում էինք ու հեռուստացույցով նայում Հրապարակի երգող շատրվաններին... Մի խոսքով՝ անսահման երջանիկ էի։
- Ի՞նչն էր ամենադժվարը Հայաստանում ապրելու առաջին շրջանում։
- Ամենադժվարը հենց հայերենն էր՝ արեւմտահայերենի ու արեւելահայերենի տարբերությունը։ Դպրոցում ինձ բարդ շրջան էր սպասվում․ բոլորս հայերեն էինք խոսում, բայց իրար չէինք հասկանում։ Դա իմ առաջին հիասթափությունն էր։
- Սիրիայում եւ Հայաստանում ապրելու փորձը համեմատելով՝ ի՞նչ տարբերություններ եք ամենից շատ զգում առօրյայում եւ մտածելակերպում։
- Ավելի ճիշտ կլինի ասել, որ բացարձակ նմանություն չեմ տեսնում․ ամեն ինչ տարբեր է։
- Եթե այսօր հանդիպեիք այն Մարալին, որը նոր էր տեղափոխվել Հայաստան եւ դեռ չգիտեր՝ ինչ է իրեն սպասվում, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան։
- Կասեի՝ շարունակիր այդպես, ամեն ինչ ճիշտ ես անում։
Թատրոն, էկրան եւ Բելլա
- Հայաստան գալուց հետո Ձեր ճանապարհը Ձեզ բերեց դեպի դերասանություն։ Այսօր ե՛ւ թատրոնում եք խաղում, ե՛ւ կինոյում։ Ի՞նչ է տվել Ձեզ թատրոնը, որը տեսախցիկը չի կարող տալ։
- Թատրոնում ստացած էմոցիաները երբեք չեմ կարող համեմատել կինոյի հետ։ Թատրոնում ամեն ինչ իրական է, կենդանի, կատարվում է հենց այդ պահին։ Դու ապրում ես հիմա ու ապրում ես բեմում։
- Իսկ տեսախցիկի առաջ աշխատելիս ի՞նչն է Ձեզ համար ամենադժվարը։
- Երբեմն պետք է խաղալ ինչ-որ բանի ավարտը, երբ դեռ սկիզբը չեք նկարահանել։
- Երբ առաջարկեցին Բելլայի կերպարը մարմնավորել, ո՞րն էր Ձեր առաջին արձագանքը։
- Հանուն Բելլայի արժի նկարվել:
- Բելլան դպրոցում բուլինգի է ենթարկվում իր արտաքինի եւ մյուսներից տարբերվելու պատճառով։ Որքանո՞վ էր դժվար մարմնավորել մի կերպար, որի հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է հենց նրա արտաքինով։
- Սկզբում բարդություն չէի զգում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ Բելլային շատ եմ շփոթում Մարալի հետ։ Ինձ համար Բելլան շատ գեղեցիկ է, պարզապես առանձնահատկություններ ունի։ Բայց այն խոսքերը, որոնք հնչում էին Բելլայի հասցեին, ես վերագրում էի Մարալին։ Դեր խաղալիս խոսքերը սուր ես ընկալում, որպեսզի կարողանաս ճիշտ զգացողություն փոխանցել, եւ կարող ես շատ բան սխալ հասկանալ։
- Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Բելլայի պատմությունն արտացոլում այսօրվա դպրոցական իրականությունը։
- Վստահեցնում եմ՝ ամեն ինչ շատ մոտ է իրականությանը։
- Բուլինգի մասին խոսելիս հաճախ կենտրոնանում ենք ենթարկվողի վրա, բայց կա նաեւ մյուս կողմը։ Ի՞նչ կուզեիք, որ հասկանար այն մարդը, ով ծաղրում է ուրիշներին կամ միանում է նրանց։
- Մի օր անպայման իրեն են ծաղրելու։
- Իսկ եթե սերիալը դիտող դեռահասն է բուլինգի ենթարկվում, ի՞նչ կուզեիք, որ նա քաղեր Բելլայի պատմությունից։
- Լինել ուժեղ եւ վստահել ճիշտ մարդկանց։
- Բելլային մարմնավորելու ընթացքում եղե՞լ է տեսարան, որը հոգեբանորեն հատկապես դժվար է եղել։
- Վերջերս խաղացի մի տեսարան, որին սպասել եմ սերիալի սկզբից։ Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը վաղուց էր ասել, որ նման տեսարան է լինելու։ Չգիտեի՝ ինչպես եմ այն խաղալու, ինչպես անեմ, որ հանկարծ չսխալվեմ ու կարողանամ ճիշտ փոխանցել զգացողությունները։ Երբ նկարահանվեցի այդ տեսարանում, գրեցի Անիին ու շնորհակալություն հայտնեցի, որ դերասանին հնարավորություն է տալիս այդքան շատ շերտեր խաղալու։ Իրականում երջանիկ եմ, որ հենց այս թիմում եմ ու աշխատում եմ ռեժիսոր Հայկ Վարդանյանի եւ Անի Մաղաքյանի հետ։
– Բելլայի կերպարը փոխե՞լ է Ձեր վերաբերմունքը սեփական անձի հանդեպ։
- Շատ։ Սկսել եմ ինձ շատ ավելի սիրել ու գնահատել։ Կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ տարբեր բարդույթներ: Ինչպես Բելլան է հիմա փորձում քչացնել դրանք, այնպես էլ Մարալը։
Երաժշտություն եւ անձնական կյանք
- Բացի դերասանությունից, զբաղվում եք երաժշտությամբ եւ համագործակցում Նարեկ Կոսմոսի հետ։ Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
- Նարեկի հետ սկսել ենք աշխատել իմ կուրսղեկ Գոռ Մարգարյանի շնորհիվ։ Երկրորդ կուրսում պետք է ներկայացում ունենայինք՝ հիմնված Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի վրա։ Այն կոչվեց «Բովանդակություն»։ Հետագայում ներկայացումը «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Լավագույն երաժշտության հեղինակ» մրցանակին։ Նարեկ Կոսմոսն էր գրել երաժշտությունը, իսկ ներկայացումը խաղում ենք մինչ օրս։
Մեր ամբողջ կուրսը պետք է մասնակցեր ներկայացմանը, բայց քանի որ ես ջութակ էի նվագում, եւ պարզվեց, որ նաեւ վոկալային տվյալներ ունեմ, Գոռ Մարգարյանն առաջարկեց միանալ Նարեկի խմբին։ Այդպես ներկայացման ընթացքում չորսով երգում ենք ու խաղում։
Հիմա նույնիսկ ավելի շատ երգում եմ, քան ջութակ նվագում։ Հետագայում բենդ ստեղծեցինք։ Ես, Նարեկն ու Քրիստը մշտական անդամներն ենք, մեզ միացել են եւս երկու տղա։ Բենդը կոչեցինք «Ջրաներկ», եւ այժմ այդ անվան ներքո ենք հանդես գալիս։ Նարեկը մեր գեղարվեստական ղեկավարն է, համերգներ ենք ունենում տարբեր վայրերում, հիմնականում՝ Աշտարակի թատրոնում։
- Ձեր նշանածը սկզբում եղել է Ձեր դասախոսը։ Ինչպե՞ս դասախոս-ուսանող հարաբերությունը վերածվեց ավելի անձնական կապի։
- Սկզբում ոչինչ չի եղել։ Մեր հարաբերությունները սովորական ուսանող-դասախոս հարաբերություններ էին, եւ բոլորս իրեն շատ էինք սիրում։ Նրա դասերն ու փորձերն այսօր էլ առանձնահատուկ ենք հիշում, երբ կուրսով հավաքվում ու խոսում ենք այդ տարիների մասին։
Երբ Անդոն մտնում էր լսարան, բոլորս գոռում էինք՝ «Անդո՛, Անդո՛, Անդո՛», վազում էինք դեպի իրեն ու գրկում։ Ես իրեն առանձնահատուկ շատ էի սիրում։ Զգում էի, որ մեր միջեւ ուրիշ էներգետիկա կա, բայց դա շատ ընկերական էր։ Ավագ ընկերոջ պես էի ընկալում եւ երբեք չէի մտածում, որ կարող եմ սիրահարվել։
Իմ բեմական խոսքի դասախոս Տաթեւ Ղազարյանը, որին շատ եմ սիրում, մեր միջեւ արվեստի առումով նմանություն էր տեսնում եւ անընդհատ Անդոյին ասում էր, որ մենք իրար սազում ենք։ Դրանից հետո Անդոն էլ սկսեց ինձ ավելի ուշադիր նայել ու ինչ-որ բաներ նկատել։
- Ո՞վ առաջինը զգաց, որ ձեր շփումն արդեն պարզապես դասախոս-ուսանող հարաբերություն չէ։
- «Ջրաներկի» առաջին համերգն էր։ Ես պետք է երգեի, իսկ Անդրանիկն ու Տաթեւը՝ կարդային Նարեկի բանաստեղծություններից։ Համերգի ընթացքում նրանք ինձ էին նայում ու խոսում, եւ ես հասկանում էի, որ իմ մասին են խոսում։ Բայց մտածում էի՝ երեւի ասում են՝ «Վա՜յ, ինչ լավ է երգում» կամ նման մի բան։ Անդոն հենց այդ համերգի ժամանակ է սիրահարվել։
Մինչեւ ավարտելս դեռ մոտ մեկ ամիս կար, եւ նա ոչինչ չէր խոստովանել։ Շարունակում էինք շփվել որպես դասախոս ու ուսանող, թեեւ անձնական նամակագրություն էլ ունեինք, ֆիլմեր ու այլ թեմաներ էինք քննարկում։ Այդ ամենը, սակայն, սովորական շփման շրջանակում էր։
Մարալ Գասպարյանը եւ Անդրանիկ Միքայելյանը
Ավարտելուց հետո ամեն ինչ շատ արագ զարգացավ։ Ես էլ արդեն զգում էի, որ ինչ-որ բան է կատարվում, բայց առաջինը նա էր գիտակցել իր զգացմունքները։ Հետ նայելով՝ հասկանում եմ, որ իմ վերաբերմունքն էլ էր առանձնահատուկ։ Մյուս դասախոսների հետ այլ կերպ էի շփվում, իսկ Անդոյի դեպքում ամեն ինչ ուրիշ էր։ Բայց չէի էլ թույլ տալիս ինձ մտածել, որ կարող եմ նրա հանդեպ նման զգացմունքներ ունենալ, քանի որ դասախոս էր, իսկ ես՝ ուսանող։
Երբ ավարտեցի, Անդոն գրեց, որ սիրում է ինձ։ Պարզվեց՝ երկուսս էլ նույն զգացմունքներն ունեինք, պարզապես չէինք խոսում դրանց մասին, քանի դեռ նա իմ դասախոսն էր։
- Անդրանիկը որքանո՞վ է ձեզ օգնում մասնագիտական կյանքում, եւ ինչպե՞ս եք կարողանում տարանջատել անձնական հարաբերություններն ու աշխատանքը։
- Ինձ շատ է օգնում թե՛ կինոյում, թե՛ թատրոնում։ Իմ առաջին քննադատն ու ոգեւորողն է։ Երբ տեսնում է, որ ինչ-որ բան շատ լավ եմ խաղացել, միանգամից գրում է․ «Խզարել ես»։ Նույնիսկ ամենափոքր հաջողությունն այնքան է կարեւորում ու ոգեւորում ինձ, որ թվում է՝ կարող եմ ամբողջ աշխարհը նվաճել։ Իսկ եթե ինչ-որ բան այն չեմ արել, շատ նրբորեն խորհուրդ է տալիս՝ հաջորդ անգամ ինչպես փորձել, որ ավելի հետաքրքիր ստացվի։ Ես փորձում եմ, եւ սովորաբար իսկապես ավելի լավ է ստացվում։
Նա իմ կյանքում ամենակարեւոր մարդկանցից է․ միշտ ուժ է տալիս, ուղղորդում ու կողքիս է ամեն հարցում։ Գիտակից կյանքիս ընթացքում միշտ ասել եմ, որ երբեք չեմ ցանկանա հարաբերություններ ունենալ դերասանի, ռեժիսորի կամ արվեստի հետ կապ ունեցող որեւէ մեկի հետ, բայց հիմա երջանիկ եմ, որ ամեն ինչ այսպես է դասավորվել։
- Ի՞նչն է ամենակարեւորը ձեր հարաբերություններում, եւ ինչպիսի՞ ընտանիք եք պատկերացնում ապագայում։
- Վերջերս եմ հասկացել, թե որքան շատ ենք շփվում ու ամենատարբեր թեմաներ քննարկում։ Մինչեւ որեւէ խնդիր առաջանա, արդեն հասցնում ենք դրա մասին խոսել ու հարթել։ Դրա շնորհիվ շատ քիչ ենք վիճում։ Նույնիսկ եթե թեթեւ տարաձայնություն է լինում, մեկ-երկու ժամ անց ամեն ինչ հարթվում է, ու այլեւս չենք վերադառնում այդ հարցին։ Երկուսուկես տարվա ընթացքում երբեք չի եղել, որ օրերով իրարից նեղացած մնանք կամ նույնիսկ 24 ժամ չշփվենք։ Հասկանում ենք, որ նման մանրուքների վրա չարժե ժամանակ ու էներգիա վատնել։ Կյանքն այնքան կարճ է, իսկ դրա մեջ այնքան սիրուն բաներ կան, որ պետք է պարզապես վայելել։
Ուզում ենք շատ երեխաներ ունենալ եւ պատկերացնում ենք, որ մեր տանը միշտ ծիծաղ ու աղմուկ է լինելու։ Մեր ընկերներն էլ անընդհատ մեր տանն են լինելու։ Հուսանք՝ այդպես էլ կլինի։
- Թատրո՞ն, թե՞ կինո։
- Թատրոն։
- Դերասանությո՞ւն, թե՞ երաժշտություն։
- Խաղալ՝ երգելով։
- Սիրելի դերասան եւ դերասանուհի:
- Մարլոն Բրանդո եւ Ջեսսի Բաքլին։
- Սիրելի երգիչ, երաժշտական ժանր:
- Քենդրիկ Լամար: Ռեփ, հիփ-հոփ։
- Երգ, որը երբեք չի ձանձրացնում։
- Pink Floyd-ի «Wish You Were Here»-ը:
- Սիրելի ֆիլմը։
- «Կնքահայրը»։
- Երազանքի դերը։
- Չունեմ: Ուզում եմ միշտ տարբեր կերպարներ խաղալ։
- Եթե մեկ օրով դերասանուհի չլինեիք, ո՞վ կլինեիք։
- Բանկի կառավարիչ։
Մարալ Գասպարյանը եւ Անդրանիկ Միքայելյանը
- Եթե կարողանայիք խաղալ մեկ հայտնի դերասանի հետ, ո՞ւմ կընտրեիք։
- Անդրանիկ Միքայելյանին։
- Եթե Ձեր կյանքը ֆիլմ լիներ, ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ։
- Տրագիկոմեդիա։
- Ո՞ր հարցն են Ձեզ շատ տալիս, բայց արդեն հոգնել եք դրանից։
- «Բելլան ե՞րբ է կերպարանափոխվելու»։
Տեքստը՝ Կիմա Սարգսյանի
Լուսանկարները՝ Մարալ Գասպարյանի անձնական արխիվից


×
326






