Երեւան տեղափոխված արցախցի փոքրիկներն ու տեղի երաժիշտներն ամիսներ առաջ հանդիպեցին «Նեքսուս» արվեստի կենտրոնում ու միասին ստեղծեցին ինքնատիպ մի նախագիծ, որ սկսվեց «Արցախիկներ»-ով ու հասավ մինչեւ «Nexus Project»։ Երեխաներին կենտրոնում օգնեցին հմտանալ երգեցողության ու երաժշտական տարբեր գործիքներ նվագելու հարցում։ Հետո հասկացան, որ կարող են միասին երաժշտություն ստեղծել ու հանդես գալ համերգներով։ Փետրվարի 19-ին խմբի նոր ելույթն էր «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում: BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի ընթացքն ու զրուցել նախագծի հեղինակների եւ փոքրիկ արցախցիների հետ։
«Անկեղծ ասած՝ այս ծրագիրը պատահական ստացվեց։ Պատերազմի ժամանակ բոլորս հավաքվում էինք Նեքսուսում եւ ինքներս մեզ բուժում մեր երաժշտությամբ։ Հետո եկավ մի պահ, որ Արցախից երեխաներ սկսեցին գալ մեր կենտրոն։ Սկզբում աղմուկ էր (ժպտում է,- հեղ․), հետո կամաց-կամաց սկսեցինք միասին երաժշտություն ստեղծել։ Շատ բնական ստացվեց ամեն ինչ»,- մեր զրույցում պատմում է «Nexus» կենտրոնի հիմնադիր Աննա Միքայելյանը։
Նրա խոսքով՝ խմբի փոքրիկ անդամների հետ հիմնականում աշխատում է շեփորահար, կոմպոզիտոր Տիգրան Սուչյանը, որի օգնությամբ էլ գրվում են նոր ստեղծագործություններ, մշակվում են հայկական ժողովրդական երգեր։ Տիգրանի՝ «Nexus» գալը, սակայն, այնքան էլ պատահական չի եղել։ Խմբի սաներից մեկը՝ արցախցի Վահագն Աբաղյանը, նույնպես շեփորահար է։ Կենտրոն հաճախելիս հետաքրքրվել է՝ արդյոք Երեւանում կա մեկը, ով կարող է իրեն օգնել ավելի հմտանալ գործիքը նվագելու հարցում։ Հենց այդ ժամանակ էլ Աննա Միքայելյանը կենտրոն է հրավիրել Տիգրան Սուչյանին, որն էլ սիրով համաձայնել է։ Եկել է ու հասկացել, որ պետք է շարունակի աշխատել նաեւ մյուս երեխաների հետ։
Աննա Միքայելյանը
«Առաջին հերթին բոլորս սկսեցինք հասկանալ, թե ինչքան ենք սիրում երաժիշտ լինելը, ինչքան ենք մենք շնորհակալ, որ երաժիշտ ենք դարձել, որովհետեւ արվեստն իսկապես արտահայտվելու միջոց է։ Տարբեր տեղերից եկած մարդկանցով միավորվել ենք երաժշտության շուրջ, սիրում ենք իրար ու ընկերներ ենք մեծից փոքր, շփվում ենք ամեն օր։ Հիմա հուսով ենք՝ կկարողանանք կիսվել մեր զգացածով, մեր երաժշտությամբ, որ մարդիկ էլ ապրեն այդ պահով, փորձեն օգտագործել ստեղծագործելու եւ արվեստին ավելի մոտ լինելու իրենց հնարավորությունը»,- նշեց Աննան։
Տիգրան Սուչյանը
Տիգրան Սուչյանը, որ «Nexus» կենտրոն հաճախող երեխաներին որոշել է «Արցախիկներ» անվանել, քանի որ խմբի անդամների մեծ մասը հենց Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից են, մեր զրույցում նկատեց՝ բացարձակ կապ չունի, թե ինչ ժանրում են ստեղծագործում, քանի որ երաժշտության մեջ սահմաններ չկան, բայց կարեւոր է, որ երեխաները ճանաչեն իրենց ինքնությունը․«Ես՝ որպես երաժիշտ, համարում եմ, որ ժանրային սահմաններ գոյություն չունեն, բայց կա մի շատ կարեւոր բան՝ երբ առաջին քայլերն ես անում այս ասպարեզում, ճիշտ կլինի՝ սկսես քո ազգային երաժշտությունը ճանաչելով։ Իհարկե, կարող ես տաղանդավոր լինել ու սկսել ինչ-որ արտասահմանյան երգերի քավերներ կատարելով, բայց ճիշտ կլինի՝ դասական ոճի հիմքի վրա աշխատել։ Այդ դեպքում ինչ էլ ուզենաս, կարող ես նվագել հետագայում»,- ընդգծեց երաժիշտը։
Նրանից հետաքրքրվեցինք՝ շարունակելու է արդյոք խումբն իր աշխատանքը։ Տիգրանը վստահեցրեց, որ անպայման շարունակելու են միասին ստեղծագործել՝ անկախ նրանից, թե ովքեր կմնան կենտրոնում, ովքեր կորոշեն այլ ճանապարհով գնալ․«Իհարկե, երբեք չի կարելի կանգնել, որովհետեւ ինչ բարդություն էլ ուզում է լինի, միշտ պետք է առաջ քայլել։ Երեխաների հետ խոսելիս էլ ես միշտ դա եմ ասում, որ հիասթափություններն ու դժվարությունները չպիտի վախեցնեն։ Կապ չունի՝ դիմացինը լավ մարդ է, թե վատ, կարեւոր է այդ մարդուց վերցնելը, սովորելը այն, ինչ քեզ պետք է։ Հիմա մենք աջակցում ենք երեխաներին, որ նրանք վստահ լինեն՝ իրենց հետեւում կանգնած են մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, գիտեն՝ երաժշտությունն ինչ է։ Արցախիկները դեռ մեծ փորձ չունեն, բայց կարծում եմ՝ երբեք չեն մոռանա այս օրերը․ շատերը կերազեն, որ նոր սկսելով՝ միանգամից համագործակցեն պրոֆեսիոնալ երաժիշտների հետ»։
Դարինեն եւ Միլենան
Ստեփանակերտից եկած Դարինեն ու Միլենան, որ պատերազմի օրերին ընտանիքներով տեղափոխվել են Երեւան, խոստովանում են՝ կենտրոնն իրենց շատ է օգնում փորձի ու կատարելագործման առումով։ Առանձնակի ուրախ են Տիգրան Սուչյանի հետ աշխատելու համար, ասում են՝ նա նրանց առաջնորդն է ու ամենամոտ ընկերը, ոչ թե ուսուցիչը․«Իրոք նա մեզ շատ է օգնում, որպեսզի ավելի առաջ գնանք, լավատես լինենք, երբեք հետ չնայենք ու չնեղվենք մեր անցյալից։ Մենք շատ շնորհակալ ենք իրենց, որ մեզ այդպիսի հնարավորություն են ընձեռում»,- ասում է Միլենան։ Դարինեն էլ նկատում է, որ ոչ միայն կենտրոնի ուսուցիչները, այլեւ իրենք են օգնել մյուս երաժիշտներին կտրվել բարդ իրականությունից․«Մեկս մյուսին օգնել ենք, իսկապես երաժշտությունը փրկել է»։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: