×


«Առաջ գուցե 4-5 օր ինձ կորցնեի, ուշ տուն գայի, խմեի, քանի որ իմ կյանքում այլեւս չկա նա». Լյուսի Հայրապետյան

Մոդել Լյուսի Հայրապետյանը BRAVO.am-ի օբյեկտիվի կենտրոնում է: Մեր նոր ֆոտոշարքում նա ներկայացել է համարձակ կերպարով, իսկ զրույցում՝ անկեղծացել միշտ հնչող քննադատությունների, սիրո եւ բաժանությունների, ինչպես նաեւ՝ կարիերայի նոր զարգացումների մասին:

- Լյուսի, Ձեր լուսանկարները հաճախ սուր քննադատությունների են ենթարկվում սոցցանցերում. ինչպե՞ս եք սրան վերաբերվում:

- Այո, շատ եմ նման մեկնաբանություններ ստանում եւ հաճախ ջնջում եմ, քանի որ երբեմն մարդիկ անցնում են բոլոր չափերն ու սահմանները: Գրում էին՝ մենք պատերազմական իրավիճակում, ինչպե՞ս եք կարողանում նման լուսանկարներ տեղադրել: Մի բան կարող եմ ասել՝ հայ աշխարհահռչակ մոդելներ անդրադարձան պատերազմին, օգնություն ցուցաբերելու կարեւորությանը, բայց միեւնույն ժամանակ չմոռացան իրենց մասնագիտության մասին. այն, ինչն իրենց առօրյան է: Լինել մոդել, ունենալ ֆոտոշարքեր, որոնք թեկուզ մի քիչ հմայիչ են, ինձ համար առօրյա է, եւ ես չեմ կարող ամեն ինչ մի կողմ դնել՝ հասկանալով, որ դա իմ կարիերայի եւ, ինչու ոչ, օրվա հացիս մի մասն է: Ինձ համար էլ շատ դժվար ժամանակներ են, բազմաթիվ ընկերներ եմ կորցրել, բայց հասկանում եմ նաեւ, որ պետք է շարունակենք ապրել. տղաները գնացել են, որ մենք ապրենք:

Լյուսի Հայրապետյանը


- Որքան անկեղծ են Ձեր ֆոտոշարքերը, նույնքան Դուք եք անկեղծանում հարցազրույցներում. տարիներ առաջ նույնիսկ շատ անձնական մանրամասներ կարող էիք հանրայնացնել. այսօ՞ր էլ չեք խուսափի այդքան բաց լինել հասարակության հետ:

- Ես միշտ եմ եղել բաց եւ ոչ մի խաղի կանոնների չեմ ենթարկվել. այդպես էլ չսովորեցի լինել կեղծ. երեւի ծննդյանս օրն այդ դասին բացակա եմ եղել:
Իհարկե, հասարակությանն այդպես ներկայանալը հաճախ վնասում է՝ սկսած մտերիմ ընկերուհիներից, մինչեւ անծանոթներ, բայց նաեւ դրականն եմ ստանում՝ ջերմ խոսքեր ու մոտիվացիա: Իսկ եթե որոշները քննարկում ու քննադատում են, դա ոչ թե իմ, այլ իրենց խնդիրն է. ես 6 տարեկանից պարել եմ ու միշտ եղել քննարկումների կենտրոնում. արդեն սովորել եմ այդ երեւույթին: Կարծում եմ՝ տեսակս երբեք չի փոխվի, ու դա լավ է, քանի որ այսօր անկեղծությունը շատ է պակասում մարդկանց:

Լյուսի Հայրապետյանը


- Իսկ աշխատանքո՞ւմ. այստեղ կա՞ն սահմաններ, որոնք չեք հատում:

- Այո, քանի որ ի վերջո, ծնողներս այստեղ են ապրում, բայց հենց հնարավորություն եղավ, ես կլինեմ շատ ավելի անկախ: Ֆոտոշարքեր կան, որոնք չեմ անի՝ մտածելով, որ երեկոյան տուն պետք է վերադառնամ, եւ մայրս հարցնի՝ «Սա ի՞նչ է»: Եվ իսկապես, այս հարցը երբեմն հնչում է, բայց, իհարկե, կարողանում ենք ընդհանուր հայտարարի գալ: Կերպարներ էլ կան, որոնցում ինքս հանդես չեմ գա, քանի որ դրանք իմ մտահորիզոնից դուրս են:

- Լյուսի, վերջերս շատ էմոցիոնալ գրառում էիք կատարել Ինստագրամում. «Հենց այս պահին փակում եմ աչքերս, որ ջնջեմ ու փակեմ կյանքիս երկար էջերից մեկը, որ էլ չցավի». հարաբերություններից հետո հե՞շտ եք առաջ շարժվում:

- Կարծում եմ՝ սիրելու, գրկելու, համբուրելու, նվիրվելու, նաեւ՝ սեքսուալ էներգիաները մի դույլի մեջ են, որոնք մի օր վերջանալու են: Բայց ամեն էջ փակելուց հետո սպասում եմ նոր սիրո. նույնիսկ դեռ չփակած, երբ հասկանում եմ, որ ավարտը մոտ է, տրամադրվում եմ, որ կգա նոր սեր, եւ ավելի լավ. չէ՞ որ ամեն նոր բան դեպի լավն է տանում: Առաջ գուցե 4-5 օր ինձ կորցնեի, ուշ տուն գայի, խմիչք ընդունեի, իսկ հիմա պարզապես կարող եմ մի քանի ժամ միայնակ լավ երաժշտություն լսել, երեկոյան մեքենա վարել ու վերադառնալ տուն այն մտքով, որ վաղը ես արթնանալու եմ նոր Լյուսի, եւ որ իմ կյանքում այլեւս չկա նա. դռները ոչ միայն գալու, այլեւ գնալու համար են: Պետք է հասկանալ՝ եթե մեկի հետ այլեւս ճանապարհ չկա անցնելու, շատ ավելի լավ կլինի՝ քո կողքով քայլի այն մարդն, ով արժանի է:

Լյուսի Հայրապետյանը


Այո, ես կարողանում եմ նոր էջ բացել: Քույրս միշտ զարմանում է՝ ինչպես եմ տարիքի հետ ավելի ուժեղ սիրում, նույն փայլփլուն աչքերն ու սիրահարված հայացքն ունենում: Եթե լավ մարդ է հանդիպում, նկատում եմ, տարվում, ուղղակի հիմա լավերը դժվար են հանդիպում (ծիծաղում է,- հեղ.):

- Եվ, խոսենք նաեւ աշխատանքից. նորություններ կա՞ն:

- Վերջերս շատ հետաքրքիր ու ինձ համար առանձնացող ֆոտոշարք ունեցա. պատկերվում էր կյանքը կորոնավիրուսից ու պատերազմից հետո: Արամ Նիկոլյանի մոդելն էի, եւ նա ինձ ներկայացրեց հղի կնոջ կերպարով: Այդպիսով դիզայները փոխանցում էր ուղերձ՝ կյանքը շարունակվում է, եւ մենք պարտավոր ենք ապրել ու արարել:

Ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ երբեւէ չէի եղել այդ կերպարում, թեեւ միշտ ցանկություն եմ ունեցել մայրանալու, քանի որ երեխաների շատ եմ սիրում: Կան նաեւ ֆիլմերի առաջարկներ, որոնց շուրջ, սակայն, համաձայնության չեմ գալիս. օրինակ՝ կար առաջարկ՝ լինելու սիրուհու կերպարում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ֆիլմում կարելի է համբուրվել, բայց կան բաներ, որ չեմ ցանկանա լինեն կադրում, քանի որ վստահ չեմ, որ այդ տեսարանները չեն լինի վուլգար, ինչից ես խուսափում եմ:

Լյուսի Հայրապետյանը


Հիմա ունեմ նոր հետաքրքրություն, նոր զբաղմունք, որը կապված չէ ո՛չ մոդելինգի, ո՛չ դերասանական արվեստի, ո՛չ էլ դիզայներության հետ: Նոր աշխատանք է, որի մասին, սակայն,  չեմ ցանկանում մանրամասնել. հուսամ՝ ամեն ինչ կստացվի:
2021-ը լավագույն տարին է լինելու. ես այդպես եմ տրամադրված:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW