×


78-րդ Ոսկե գլոբուսի հետաքրքիր դրվագները, կամ ինչպես արթնացրին Ալ Պաչինոյին

«Ոսկե գլոբուսը» տարվա առաջին ամենախոշոր կինոիրադարձությունն է համարվում ու բացում է կարմիր գորգերի շքերթը: Այս տարի, սակայն, ամեն ինչ մի փոքր այլ էր. մրցանակաբաշխությունը կայացավ պլանավորվածից 2 ամիս ուշ, իսկ կարմիր գորգն այնքան էլ շքեղ չէր, ինչպես սովորաբար լինում է:

Միայն ամենահամարձակ հյուրերն ու դերասաններն անձամբ ներկա եղան միջոցառմանը, որը կայացավ Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում: Թեեւ այն մարդաշատ չէր, սակայն յուրահատուկ դարձավ կինոսերների համար:


«Ոսկե գլոբուս» 78-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի պատճառով անցկացվեց phygital ձեւաչափով՝ միաժամանակ Նյու Յորքի «Ռոքֆելլեր» կենտրոնում ու Լոս Անջելեսում: Երեկոյի հաղորդավարները դերասանուհիներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերն էին:



Միջոցառման ձեւաչափի պատճառով դերասանները մի քիչ նաեւ ձանձրանում էին, քանի որ մի մասը տնից էր հետեւում մրցանակաբաշխությանն ու ստիպված էր երկար սպասել իր հերթին: Դրամատիկ սերիալում լավագույն դերի համար առաջադրված Ալ Պաչինոն, օրինակ, քնել էր ուղիղ միացման ընթացքում: 80-ամյա դերասանը, որը 5 «Ոսկե գլոբուս» ունի, տեսախցիկի առաջ նստած մի քիչ ննջել է, թեեւ կարեւոր պահին ամեն դեպքում հասցրեց արթնանալ:




Իսկ միջոցառման ամենայուրահատուկ տեսքն ապահովել է Բիլ Մյուրեյը: Նա մրցանակաբաշխությանը միացել է տնից՝ հավայան ոճի վերնաշապիկով ու մարտինիի բաժակով: Մյուրեյին համացանցում ավելի շատ են քննարկել, քան երեկոյի նորաձեւ զգեստներն ու կոստյումները միասին վերցրած:

Բիլ Մյուրեյը


Հետաքրքիր միջադեպերից անցում կատարենք երեկոյի հաղթողներին. կինոյի ու հեռուստատեսության ոլորտում մեծ ավանդի համար «Ոսկե գլոբուսներ» ստացան քառակի Օսկարակիր Ջեյն Ֆոնդան ու Էմմիի վեցակի հաղթող, սցենարիստ, պրոդյուսեր ու ռեժիսոր Նորման Լիրը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող դարձավ «Քոչվորների երկիրը», որի ռեժիսոր Քլոյա Չժաոն էլ մրցանակի արժանացավ: Ջեյսոն Ուոլիների «Բորատ 2»-ը լավագույն ֆիլմ ճանաչվեց կատակերգության ժանրում:

Դրամայում լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ Անդրա Դեյը՝ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլլի Հոլիդեի» ֆիլմում մարմնավորած դերի համար: 2020 թվականի օգոստոսին 43 տարեկանում քաղցկեղից մահացած Չեդվիկ Բոուզմանն էլ դրամատիկ ժանրում լավագույն դերասան ճանաչվեց («Մա Ռեյնի. բլյուզի մայրը»):




Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհին Ռոզամունդ Փայկն է («Խաբեբան»), իսկ դերասանը՝ Սաշա Բարոն Քոենը («Բորատ 2»): Երկրորդ պլանի լավագույն դերասանն ու դերասանուհին Դանիել Կալույան («Հուդան ու Սեւ մեսիան») եւ Ջոդի Ֆոսթերն («Մավրիտանիացին») են:

Ռենե Զելվեգերը


Լավագույն անիմացիոն ֆիլմը լայն տարածում ստացած ու քննարկված «Հոգին» է, որի երաժշտությունն էլ առանձին գլոբուսի է արժանացել: «Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է Սոֆի Լորենի մասնակցությամբ «Ամբողջ կյանքն առջեւում է» ֆիլմում հնչող «Io sì (Seen)»-ը:

Հեռուստատեսության ոլորտում էլ մրցանակները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Լավագույն դրամատիկ սերիալ՝ «Թագը»

Դրամատիկ սերիալի լավագույն դերասան՝
Ջոշ Օ'Քոնոր («Թագը»)

Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի՝ Էմմա Կորին («Թագը»)

Լավագույն կատակերգական սերիալ՝ «Շիթս Կրիկ»

Կատակերգական սերիալի լավագույն դերասան՝ Ջեյսոն Սուդեյքիս («Թեդ Լասո»)

Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի՝ Քեթրին Օ'Հարա («Շիթս Կրիկ»)

Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի-սերիալ՝ «Թագուհու գամբիտը»

Մինի-սերիալի լավագույն դերասան՝ Մարկ Ռուֆալո («Ես գիտեմ, որ դա ճիշտ է»)

Մինի-սերիալի լավագույն դերասանուհի՝  Անյա Թեյլոր Ջոյ («Թագուհու գամբիտը»):

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին