×


«Կաթիլ»-ի նոր ալբոմի շնորհանդեսն ու «թափանցիկ» համերգը

Նոր մոտեցմամբ ու նոր ստեղծագործություններով «Կաթիլ» հայկական ինդի-ֆոլկ խումբը ներկայացնում է իր նոր ձայնասկավառակը, որը հավակնում է սիրելի դառնալ ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի երաժշտասերների համար՝ ուղի հարթելով դեպի միջազգային բեմեր։ «Ակներ»՝ այսպես է կոչվում «Կաթիլ»-ի նոր ալբոմը, որի շնորհանդեսը յուրօրինակ միջավայրում էր՝ Հանրային ռադիոյի նորաբաց ձայնագրման ստուդիայում: BRAVO.am-ը լուսանկարել է միջոցառումը եւ զրուցել բենդի անդամների հետ։

2019 թվականին թողարկված «Կուզիմ» երգով հայտնի դարձած խումբը, որ այնուհետեւ շարունակում էր հայկական տարբեր շրջանների ֆոլկ երգերի մշակումներով հանդես գալ, այժմ արդեն փորձում է հեղինակային գործեր ներկայացնել։ Նոր ալբոմում ընդգրկված յոթ երգերից երեքը, օրինակ, հեղինակային ստեղծագործություններ են, իսկ մյուս չորսը՝ ֆոլկ մշակումներ։ Առաջիկայում բոլոր այդ երգերը ներկայացված կլինեն երաժշտական օնլայն հարթակներում, իսկ մինչ այդ ձայնասկավառակը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ հարյուր օրինակով։


Հայաստանի տարբեր շրջաններից եկած ու Երեւանում միմյանց հանդիպած երաժիշտները՝ Սեւադա Համբարչյանը (վոկալ, կիթառ), Արեգ Սուքիասյանը (կիթառ), Գրիգոր Քարտաշյանը (հայկական փողային գործիքներ), Գրիգոր Դավթյանը (հարվածային գործիքներ) եւ Ռոբերտ Սիմոնյանը (բաս կիթառ), ասում են, որ իրենց ճանապարհի 3 տոկոսն են համարում անցած, իսկ մնացած 97-ը դեռ պիտի անցնեն։ Խոստովանում են՝ սկզբում, երբ դեռ նոր էր ձեւավորվում խումբը, միմյանց հետ նվագելիս զգում էին, որ հետաքրքիր է ստացվում, բայց այժմ իրենց համատեղ աշխատանքում նոր շերտեր են բացահայտում, հասկանում են՝ իրենց երաժշտությունը բնավորության պես է դարձել։

Գրիգոր Քարտաշյանը մեր զրույցում պատմում է, որ «Ակներ» ալբոմի աշխատանքները նախորդ տարի էին սկսվել, երբ երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին․«Երբ հասկացանք, որ էլ չենք կարող նվագել, համերգներով հանդես գալ, որոշեցինք վերջապես ալբոմ ձայնագրել։ Մեզ այդ հարցում օգնեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որը ֆինանսավորեց ձայնագրման աշխատանքները, ինչպես նաեւ օգնեցին մեր ընկերները՝ Հայկ Պիջոյանը եւ Արթուր Եղիազարյանը։ Մեր նախորդ գործերի նման հայկական տարբեր շրջանների երգ-երաժշտության գույները կան, սակայն մեր հեղինակային ոճով եւ ստեղծագործություններով»։


Ինչ վերաբերում է շնորհանդեսի համերգ-ներկայացմանը, ապա խումբը լրիվ նոր ու չլսված ծրագրով էր հանդես գալիս՝ ներկայացնելով նաեւ փոքր հատվածներ նոր ձայնասկավառակից։ Մեր հարցին, թե համերգի համար ինչու էր ընտրվել հենց Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիան, Սեւադա Համբարչյանն ասաց, որ նպատակ ունեին բարձր որակի ձայնային հնչողություն ստանալ եւ մարդկանց ցույց տալ, թե ստուդիայում եւ առհասարակ ճիշտ պայմաններում ինչպես է լսվում «Կաթիլը»․ «Այս տարածքը մեզ նաեւ թույլ կտա համերգը տեսաձայնագրել ու բարձր որակի նյութ ունենալ։ Դրա համար շնորհակալ ենք ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին, ինչպես նաեւ այստեղի ողջ անձնակազմին, որ մեզ օգնել են հնարավոր ու անհնար ամեն ինչով»։

Խմբի անդամներից նաեւ հետաքրքրվեցինք, թե դեպի ուր է շարժվում «Կաթիլը», որոնք են առաջիկա ծրագրերը։ Սեւադան իր խոսքում նկատեց, որ խմբի անունը հենց հուշում է՝ իրենք ինչ-որ տեղ կանգնած չեն, միշտ շարժման մեջ են, ինչպես կաթիլը․ «Եվ ամբողջ գաղտնիքը հենց դրանում է, որ կաթիլը ջրից ու գոլորշուց տարբերվում է հենց իր շարժունակությամբ։ Մեր նպատակը հիմա ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում ներկայանալի դառնալն է, դեպի միջազգային հարթակներ շարժվելը»։


Արեգ Սուքիասյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենք արդեն սկսել են ու ձգտելու են ավելի պրոֆեսիոնալ մակարդակի․«Պարզ է՝ սկիզբը լավ է, պինդ է, որովհետեւ հաճույք ենք ստանում նվագելուց եւ ուզում ենք այդ հաճույքը փոխանցել։ Հիմա դա կարող է լինել բեմի վրա, կարող է այսպես թափանցիկ լինել, երբ հանդիսատեսն ավելի մոտ է, եւ մարդիկ իրենց այս ներկայացման մեջ են զգում․․․ Կարեւորն՝ այդ հաճույքն է, որ մենք ստանում ենք ու փոխանցում»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/
Համերգային կադրերը տրամադրել է «Կաթիլ» բենդը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին