×


Ինչպես «Փիսոն» Ֆրանսիայից Հայաստան հասավ եւ դարձավ հայ երեխաների ընկերը

«Փիսո» գրքերի շարքը շատերին է ծանոթ. մանուկների սիրելի գրքերից է։ Գարնանային լավ նորությունն այն է, որ «Էջ» հրատարակչությունում լույս է տեսել արդեն չորրորդ գիրքը՝ «Փիսոն խաղում է բակում» վերնագրով։ Վանա կատվից ոգեշնչված այս փոքրիկ կատուն Ֆրանսիայում պատկերվում, իսկ Հայաստանում շունչ է ստանում. կատվիկն արդեն դարձել է հայ փոքրիկների ընկերը։ Այս բարի կերպարին ստեղծելիս հեղինակ Աննա Իսաբեկյանը հենց այդպես էլ պատկերացնում էր, որ փոքրիկ փիսիկը ուղեկցելու է երեխաներին իրենց առօրյա կյանքում եւ ամենակարեւորը՝ գրքի հանդեպ սեր է առաջացնելու վաղ տարիքից։ Բայց ինչպես է «Փիսոն» ամեն անգամ Ֆրանսիայից Հայաստան հասնում, այնուհետեւ էլ մեկնում աշխարհի տարբեր անկյուններ. հետաքրքիր ճանապարհորդության մասին BRAVO.am-ի փարիզյան թղթակցին պատմել է գրքի տեքստերի եւ նկարների հեղինակը՝ նկարչուհի Աննա Իսաբեկյանը։

Արվեստագետների ընտանիքում մեծանալն արդեն իսկ ուղեգծել էր ապագա նկարչուհու կյանքի ճանապարհը, իսկ մեծ երազանքը դարձել որոշիչ ապագան կերտելու հարցում։ «Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ուրիշ մասնագիտություն ունենամ, բնական էր արվեստի որեւէ ճյուղում մասնագիտանալը։ Փոքր ժամանակվանից էլ տանը ներկի հոտ կար. պապան նկարում էր, մեծ սենյակում իր կտավներն էին միշտ դրված, պապիկիս արվեստանոցն էլ մեր հինգերորդ հարկում էր... Հայրիկիս ընկերների այցերը, անցուդարձը, ամեն ինչ ոգեշնչող էր։ Մայրիկիս կողմում բժիշկներ են, բայց քանի որ նրա քույրիկներն ապրում էին արտերկրում, իրենց անցուդարձը շատ չէր, դրա համար էլ բժշկական ազդեցությունն ավելի քիչ եղավ»,-պատմում է Աննան, ով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի դուստրն է, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի եւ ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի թոռնուհին։  

Աննա Իսաբեկյանը


Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուց հետո Աննան ուսումը շարունակել է Փարիզում՝ համակարգչային գրաֆիկայի եւ տիպոգրաֆիայի բաժնում.«Ֆրանսիա եմ եկել ուսումս շարունակելու համար, բայց Փարիզը նաեւ իմ երազանքի քաղաքն էր։ Այդ սերը հայրիկիցս է գալիս, երբ ցուցահանդեսներով Փարիզ էր գնում, մասնակցում էր տարբեր միջոցառումների, ինձ բացիկներ էր ուղարկում Փարիզից, տարբեր պատմություններ էր պատմում ֆրանսիական կյանքից, այդ երազանքը պապան մեջս արթնացրեց, հիմա գուցե փոշմանել է դրա համար, քանի որ հեռվում եմ ապրում(ծիծաղում է,-հեղ.)»:

Ուսանող լինելուց առաջ նկարչուհին արդեն մի քանի անգամ այցելել էր Փարիզ՝ ծնողների հետ, հասցրել շրջել թանգարաններում։ Ապագայում, սակայն, ոչ միայն քաղաքին սիրահարվեց, այլ գտավ իր կեսին եւ ընտանիք կազմեց այստեղ. «Փարիզն իմ պատկերացրածն էր, գուցե մի քիչ էլ ավելին, չնայած, որ կարոտում եմ Հայաստանը, հատկապես ծնողներիս ու ընտանիքիս, բայց այստեղ էլ իմ ընտանիքն ունեմ»։


Իսկ մայրանալը նոր գաղափարներ է առաջացրել եւ նորաթուխ մայրիկը սկսել է երեխաների համար նոր կերպար ստեղծելու եւ նրանց գրքերի աշխարհ տեղափոխելու իր ծրագիրը: Երկու փոքրիկ ունենալուց հետո ծնվել է նաեւ «Փիսոն»։

«Տարիներ շարունակ ունեի այդ միտքը. սկսվեց տղայիցս՝ Թեոդորից, որը ծնվեց 2011 թվականին, ու մեկ տարեկանից սկսած՝ հաճախ գնում էինք գրադարան եւ մինչեւ հիմա պահել ենք այդ ավանդույթը։ Միշտ կարդացել եմ շատ հեքիաթներ, տարբեր պատկերազարդ գրքեր տղայիս համար, իսկ կարդալու սերն էլ նորից գալիս է իմ մանկությունից եւ իմ ընտանիքից. մեր տանը մեծ գրադարան ունեինք, մամաս ու պապաս շատ ընթերցասեր էին, միշտ գիրք կար իրենց ձեռքում, անկողնու կողքին մի քանի գիրք էր դրված լինում եւ մեզ էլ միշտ խրախուսում էին, որ կարդանք»,-վերհիշում է Աննան եւ շարունակում․«Այն ժամանակ գուցե այդքան էլ շատ չէի ընթերցում, բայց հիմա լրացնում եմ այդ բացը։ Այդ միտքը միշտ ունեցել եմ, որ պետք է անպայման կարդացող լինեն երեխաներս, հիմա տղաս 9 տարեկան է եւ շատ է սիրում կարդալ, հպարտանում եմ դրանով, քանի որ կարծում եմ՝ իմ լուման ունեմ դրա մեջ»։

Երբ որդին արդեն մեկ տարեկան է դարձել, արվեստագետը սկսել է Հայաստանում նրա տարիքին համապատասխան գրքեր փնտրել եւ հայտնաբերել է, որ ընտրությունն այդքան էլ մեծ չէ.«Մեր դասական հեքիաթներն ինչքան էլ, որ լավն են, մեկ տարեկան երեխայի համար չես կարող կարդալ։ Թեթեւ եւ հասանելի հեքիաթներ հայերենով ընթերցելն այդպիսով հետաձգվեց, տարիներն անցան, այլ գրքեր գնեցի, որոնք այդքան էլ տարիքին չէին համապատասխանում, կարդալուց բացատրում էի»։

Աննա Իսաբեկյանը


Դստեր՝ Էլիզայի ծնվելուց հետո արդեն գլխում պտտվող միտքը հասունացավ, եւ սկսեց զբաղվել դրանով: Ափսոսանքով նկատեցինք, որ Հայաստանում մանկական գրականության շատ հարուստ չլինելուց բացի, հաճախ չկա այդ սովորույթը, որ մանկահասակ երեխաների համար գիրք կարդան, քնելուց առաջ հեքիաթով բարի գիշեր մաղթեն։ Ցավոք, շատ կան ընտանիքներ, որոնք ոչ թե հեքիաթով, այլ մուլտֆիլմերով են քնեցնում երեխաներին, որն էլ վնասակար է երեխայի մտավոր եւ հոգեկան առողջության համար։ Ըստ հեղինակի՝ գուցե հենց գրքերի պակասից էր, որ սովորույթը չէր ձեւավորվել.«Մեր տանն, օրինակ, նույնիսկ եթե իմ տարիքին համապատասխան գրքեր չկային, մերոնք հեքիաթներ էին հորինում եւ պատմում ինձ։ Այո, անիմացիան եւ մուլտֆիլմերն էլ են օգտակար երեխաների համար ինչ-որ տարիքից սկսած, բայց կարծում եմ՝ ոչ շատ փոքր տարիքում։ Այս գրքերի շարքը սկսելով՝ ես նաեւ հենց դա էի ուզում ասել ծնողներին․ եկեք գիրք կարդանք մեր երեխաների համար, նրանց գրքերով մեծացնենք, գրքերի հերոսներն իրենց ընկերները դառնան, քնելուց գիրք կարդալով քնեն։ Հենց առաջին գիրքս էլ «գիշերային» թեմա է՝ «Փիսոն վատ երազ է տեսնում». առաջին էջում հայրիկն իր համար հեքիաթ է կարդում։ Կուզեի «Փիսոյով» նման ավանդույթ էլ մտցնել, որ ընթերցասեր սերունդ ունենանք, ես էլ այսպես եմ իմ լուման ներդնում»։

Մեր հեքիաթներում խոսում ենք բարդ հարաբերությունների մասին, բայց ոչ՝ երեխաների առօրյայի։ Հայկական մանկական գրականության մեջ շատ քիչ ենք անդրադառնում հասարակ եւ պարզունակ թեմաներին, օրինակ, թե ինչպես հագնվել, ինչպես գնալ այգի եւ այլն, «Փիսոն» հենց այդ թեմաներն է առաջարկում փոքրիկ ընթերցողներին.«Հենց դրանով էլ այս գրքերն ավելի մանկական են, ավելի հեշտ ընկալելի եւ դա է իրենց հետաքրքիր։ Երբ երեխաներիս համար առաջին տարիներին նման գրքեր էի կարդում ֆրանսերենով, նկատում էի, որ երեխաս ուրախանում է, որ գրքի հերոսը նույն բանն է անում, ինչ ինքը, կամ օրինակ, երբ հերոսն ինչ-որ բան կարողանում է, բայց ինքը՝ դեռ ոչ, դա իրեն մոտիվացնում է, որ ինքն էլ հաջողի։ Օրինակ, երբ աղջկաս այն տարիքն էր, որ պետք էր արդեն հրաժարվել ծծակից, գրքերի միջոցով այնպես արեցինք, որ հրաժարվեց։ Ես էլ ցանկացա հայերենով այնպիսի թեմաներով գրքեր անել, որոնք մանուկներին ավելի հոգեհարազատ են, երեխաները կհասկանան, որ իրենք նման են հերոսներին։ Երբ երեխան կարդում է «Փիսոն հագնվում է ինքնուրույն» գիրքը, սովորում է, թե ինչպես պետք է հագնվել, սա կարող է մոտիվացնել երեխային, որ միայնակ հագնվի, ինչպես նաեւ ծնողին, որ թողնի երեխան դա անի։ Երեխաներն այդ տարիքում սիրում են ինքնուրույն բաներ անել, բայց ծնողները հաճախ ժամանակ չեն ունենում սպասելու, արագ իրենք են հագցնում, բայց չէ, թողնենք երեխաները ինքնուրույն անեն (ժպտում է,-հեղ.)»։

Ամենափոքր տարիքից արդեն կարելի է կարդալ այս գրքերը երեխաների համար. պատկերազարդումները պարզ են ու գունավոր, իսկ տեքստը կհասկանան երկու տարեկանից մինչեւ 5-6 տարեկանները, բայց 6 տարեկանից էլ արդեն կարող է դառնալ մատչելի տեքստ հենց երեխայի կարդալու համար, քանի որ նոր են սովորելու տառերը:  «Փիսոն վատ երազ է տեսնում», «Փիսոն հագնվում է ինքնուրույն», «Փիսոն գնում է բժշկի», «Փիսոն խաղում է բակում»՝ հետագա թեմաներն անակնկալ կլինեն երեխաների եւ ծնողների համար, բայց մի բան հաստատ է, հեղինակը փորձելու է իր գրքերի շարքով երեխաներին ուղեկցել իրենց կյանքի տարբեր բնագավառներում։ «Փիսոն խաղում է բակում» գրքում փոքրիկ կատուն իր ընկերներին է ներկայացնում, առայժմ նոր կերպարներն իրենք են, բայց ուրիշ կերպարներ էլ դեռ կլինեն։


«Այս գիրքը սկսել եմ իմ երեխաների համար, բայց նաեւ ինձ նման՝ արտերկրում ապրող հայ ծնողների համար, ովքեր տարբեր լեզուներով ընտրություն ունեն, բայց հայերենով չունեն։ Իսկապես ես հուսով եմ, որ Հայաստանում եւ ընդհանրապես ամենուր երեխաները գրքերի հանդեպ ավելի շատ սեր կունենան, ավելի շատ կկարդան, գրադարաններն ու գրախանութներն ավելի շատ այցելուներ կունենան, ինձ թվում է՝ գրականությամբ, երաժշտությամբ եւ արվեստով մեծանալը շատ կարեւոր է մանուկների համար»,-հույս հայտնեց հեղինակը։

Նա նոր ծրագրեր եւս ունի եւ հուսով է՝ ավելի արագ կկարողանա իրագործել, քան «Փիսոյի» դեպքում, երբ սկիզբը դժվարությամբ տրվեց, բայց երբ սկսեցին ճանաչել, արագ սիրվեց, եւ հիմա հեղինակը բավական շատ նամակներ է ստանում աշխարհի տարբեր անկյուններից, որն իր համար շատ հաճելի է: Տարբեր ծնողներ պատմում են, թե որքան են իրենց բալիկները սիրում «Փիսոյին»։ Օրինակ՝ Սան-Ֆրանցիսկոյից մեկը պատմում է, որ իրենք ընտանիքում հաճախ օգտագործում են «պիժամա» բառը, բայց փոքրիկը գրքից սովորել է գիշերազգեստ բառն ու այդ բառն է օգտագործում։ Աննայի համար էլ, իհարկե, ուրախալի է սա լսել, որովհետեւ ցանկանում է, որ իր գրքերը նպաստեն, որ օտար բառերից մի քիչ ազատվենք, բառապաշարը զարգանա եւ տարօրինակ չթվա, երբ գրական հայերենով նման բառեր ենք լսում, որ սովոր չենք լսել։ Գրքերը տպագրվում են նաեւ արեւմտահայերենով։

Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Աննա Իսաբեկյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW