×


Ջուլիանա Գրիգորյան. «Զուլոն հառնեց, որ հույս բերի հայերին»

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը երգչուհու կարիերան համատեղում է նկարահանումների ու մոդելի աշխատանքի հետ: Հենց նա է Վիգեն Հովսեփյանի «Զուլո» երգի տեսահոլովակի գլխավոր հերոսուհին:

BRAVO-ն զրուցել է նրա հետ եւ բացահայտել բազում հետաքրքրությունները, գեղեցիկը ստեղծելու ձգտումն ու Զուլոյի դերի մեջ մտնելու գաղտնիքները:

- Ջուլիանա, սկսենք Ձեզ հետ ծանոթությունից. կպատմե՞ք Ձեր մասին՝ կրթության, աշխատանքի, նախասիրությունների:

- Այժմ սովորում եմ Երեւանի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսում: Բախտի բերումով, մինչ օրս ուսանողական կյանքիս զուգընթաց կատարածս տարբեր աշխատանքներն առնչվել են երգարվեստի եւ առհասարակ արվեստի բնագավառի հետ:

Նախասիրություններ շատ ունեմ, ամենագերադասելին կարդալն է եւ կարուձեւը, քանի որ սիրում եմ ստեղծել տարբեր ժամանակաշրջանների զգեստներ եւ երեւակայական հերոսուհիներիս իրական շունչ հաղորդել:


- Ելույթ եք ունենում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ինչպե՞ս եք այնտեղ հայտնվել:

- Ինձ Երիտասարդական օպերային ծրագիր է հրավիրել մաեստրո Լեւոն Ջավադյանը: Թատրոնի բեմում առաջին անգամ ելույթ եմ ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 28-ին՝ «Opera Gala»-ի շրջանակում, զուգընկերոջս՝ բարիտոն Նավասարդ Հակոբյանի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Այնուհետ դեկտեմբերի 31-ին ելույթ ունեցա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

- Ի՞նչ ներկայացումներում եք հանդես եկել ու ի՞նչ է Ձեզ համար դասական երաժշտությունը:

- Անցյալ տարի շատ պլաններ ունեինք, որոնք, ցավոք, հետաձգվեցին համավարակի պատճառով: Պատրաստվում էի հանդես գալ «Ալեկո» օպերայում՝ Զեմֆիրայի դերերգով: Հիմա փորձում եմ ինձ Նեդդայի դերերգում՝ «Պայացներ» օպերայից:


- Ցեղասպանության 105-րդ տարելիցին «Ոգեկոչման գիշեր» համերգային ծրագրին եք մասնակցել։ Ի՞նչ կասեք նման կարեւոր միջոցառման ժամանակ ելույթ ունենալու պատասխանատվության մասին:

- Համերգային ծրագիրն իրականցվել է Քովիդի ամենածանր օրերին: Կազմակերպիչները հոգացել էին ամեն բանի մասին: Մենք՝ այդ օրվա արտիստներս, չենք սխալվել՝ նրանց վստահելով մեր առողջությունը: Երեկոն առանց այդ էլ շատ հուզիչ էր, պարտադրող, պատասխանատվության խոր զգացումով եւ աներեւույթ նվիրումով: Ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել նման պատասխանատվություն եւ հանդես գալ մեծանուն երգիչների կողքին: Շնորհակալ եմ սիրելի մաեստրո Լեւոն Ջավադյանին, ով անվերապահորեն վստահեց ինձ այդ առաքելությունը:



- Ո՞րն է օպերային արվեստում հաջողության հասնելու գրավականը:

- Օպերային արվեստը որքան դյութիչ է ու հեքիաթային, կրկնակի բարդ է ու առեղծվածային: Այն քմահաճ է, տարերային, հարկավոր է ամենօրյա ջերմեռանդ աշխատանք, նվիրում, մեծ սեր:

- Ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները, ո՞ւմ կատարումներն ենք հավանում ու դասականից բացի ո՞ր երաժշտությունն է Ձեզ հոգեհարազատ:

- Ի սկզբանե ուսուցչուհիս մայրս է, ով արդեն իսկ ինձ կրելիս վստահորեն համոզված է եղել, որ օպերային երգչուհի է ծնվելու: Նա անվերջ ինձ համար իր սիրելի արիաներն է մրմնջացել, նաեւ «սնել» է ինձ մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Առնո Բաբաջանյանի թովիչ հնչյուններով, որոնք ինձ շատ հոգեհարազատ են ու մեծ սիրով դրանք կատարում եմ, երբ հնարավորություն է ընձեռվում:

Այդ պատմություններն ավելի հուզական դարձան, երբ ծանոթացա սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ: Հետագայում նրա նվագակցությամբ կատարեցի «Դավիթ Մարգարե»-ն, երբ 2020 թվականի օգոստոսին ինձ հրավիրեցին Մարզահամերգային համալիրում մասնակցել Սթեյնվեյ ռոյալի շնորհանդեսին:


Մեծ երախտագիտությամբ եմ հիշում առաջին ուսուցչուհուս` մեցցո սոպրանո Անահիտ Կիրակոսյանին: Երկար տարիներ ուսանել եմ Վիոլետա Սահակյանի մոտ, ով նաեւ իմ դասախոսն է ԵՊԿ-ում եւ շատ կարեւոր դեր է ունեցել իմ՝ որպես օպերային երգչուհու կայացման ճանապարհին:

Դասականներից սիրում եմ Լուսինե Զաքարյան, Միրելլա Ֆրենի, Ջեսսի Նորման, Աննա Մոֆո, Մոնսերատ Կաբալյե, Լուչիանո Պավարոտի: Ոչ դասականներից` Շառլ Ազնավուր, Էլվինա Մակարյան, Զառա Տոնիկյան, Պիաֆ, Ուիթնի Հյուսթոն…

- Դերը, որի մասին երազում եք:

- Ներկա պահին ինձ համար առավել բաղձալի է Տատյանայի դերերգը՝ Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:


- Հետաքրքիր ու ոչ հաճախ հանդիպող անուն ունեք, կասե՞ք որտեղից է այն գալիս:

- Տատիկիս անունն է: Անվանս հետ կապված հետաքրքիր պատմություն կա, մի օր կպատմեմ:

- Վերջերս ներկայացվեց Վիգեն Հովսեփյանի «Զուլո» տեսահոլովակը, որում գլխավոր դերում եք: Ինչպե՞ս եղավ, որ Դուք ընտրվեցիք այդ դերի համար. քասթինգի մասնակցե՞լ եք:

- Քասթինգների առհասարակ չեմ մասնակցում: Սիրելի ընկերս՝ տաղանդավոր ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհին հրավիրեց նկարահանվելու: Կերպարն ինձ հոգեհարազատ էր, նաեւ «Հայրենեանից» Արմենի հետ աշխատելու բավական փորձ ունեի: Առանց հապաղելու համաձայնեցի: Այնուհետեւ ծանոթացա Վիգեն Հովսեփյանի ազգանվեր գործունեությանը եւ լսեցի այդ երգի ուղղակի հրաշալի կատարումը: Վստահորեն կարող եմ ասել, որ գոհ եմ համագործակցությունից:



- Տեսահոլովակում շատ հետաքրքիր կերպարով եք հանդես գալիս:

- Շատ եմ սիրում հայկական տարազը, դրան նպաստել է նաեւ երջանկահիշատակ Լուսիկ Ագուլեցու կերտած հայուհու մնայուն, կարկառուն կերպարը, որն անընդհատ աչքիս առաջ է ու մտքումս:


- Վիգեն Հովսեփյանը նշել է, որ Ձեր մարմնավորած Զուլոն հեզ ու գեղեցիկ է ստացվել: Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք, ինչպիսի՞ն է Զուլոն:

- Ես միայն ուրախ եմ, որ այդ կերպարը ստացվել է այնպես, ինչպես Վիգենն էր պատկերացնում: Ինքս կարծում եմ, որ Զուլոն հայուհու կամային, հավաքական կերպար է՝ հանդուգն, ըմբոստ եւ անվախ:

- Ո՞վ է մինչեւ նկարահանումներն օգնել ձեզ գտնել ու հասկանալ նրա իրական էությունը:

- Ավետիս Ահարոնյանը՝ վշտի եւ պայքարի երգիչը: Նրա գրական ստեղծագործություններն ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր են հանդիսացել: Երբ ինձ առաջարկեցին Զուլոյի կերպարը, ակամայից մտաբերեցի հայուհուն ուղղված գրողի խոսքերը.«Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ ամենից գեղեցիկ, ամենից խիզախ երազներ հյուսեցիք: Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ ուռած ու մրրկածուփ եռում էր ձեր ոտքերի տակ: Դուք էիք, որ բռնության եւ արհավիրքի խեղդող խավարի մեջ բոցավառ աչքերի փայլով մոլորված ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք: Փա՜ռք ձեզ»: Անզոր եմ ավելին ասելու:


Նաեւ երբ կարդում էի ծպտյալ հայուհիների մասին մեզ հասած բազմաթիվ կենսագրականները, նրանց աննկարագրելի, անասելի տառապանքները` մեծ ցանկություն կար նրանց նորովի շունչ ու ոգի հաղորդելու, մեկիկ-մեկիկ յուրաքանչյուրին փարատելու, գգվելու, այդ սերն ու ուժը այսօր էլ՝ տարիներ անց, ավաղ, մեր որդեկորույս առյուծածին մայրերին`ազգի մութ տան ճրագը դարձած հայուհիներին նվիրելու, խոնարհվելու նրանց առջեւ, ցավը մեղմելու, լուռ զրուցելու ձգտումով: Ու Զուլոն հառնեց, որ հույս բերի...

- Ի՞նչ տվեց Ձեզ այդ աշխատանքը:

-Ապրելու, ապրեցնելու, շարունակվելու մեծ ներուժ:

- Եթե հնարավորություն լիներ Զուլոյի զգեստներից որեւէ հագուստ կամ դետալ վերցնել, ի՞նչը կընտրեիք:

- Քունքազարդը...


-Քանի որ զգեստների մասին խոսեցինք, հետաքրքիր է իմանալ ի՞նչ ոճ եք Դուք նախընտրում:

-Առօրյա կյանքում նախընտրում եմ մինիմալիզմը: Հագուստի մեջ սիրելի ատրիբուտը զարդերն են:

- Ո՞րն է առաջնային պայմանը, որ համաձայնում եք որպես մոդել հանդես գալ:

- Անհատականության հնարավորինս դրսեւորումն ամենակարեւոր նախապայմանն է:

- Ի՞նչն է մոդելային աշխատանքում Ձեզ դուր գալիս:

-Նոր, հետաքրքիր կերպարների կերտման ընթացքը:

- Ի՞նչ է Ձեզ համար գեղեցկությունն ու ինչպե՞ս է այն դրսեւորվում:

- Գեղեցկությունը հոգեվիճակ է՝ յուրահատուկ էներգիայով պայմանավորված, որը ծով հանգստություն եւ վստահություն է ներշնչում՝ ոգեշնչելով եւ ուղղորդելով: Գեղեցկությունը ոչ միայն նայողի աչքերում է, այլ այն տեսնողի սրտում:


- Ո՞րն է մշակույթի ուժն ու հայկական մշակույթում ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգեշնչում:

- Մշակույթը պետք է հուզի, զարմացնի, ոգեւորի: Հայկական մշակույթն ինձ ոգեշնչում է իր հերոսապատումներով, պայքարի ոգով:

- Քանի որ մեկամսյակի շրջանում ենք, կնոջ դերի մասին եւս խոսենք: Ինչպիսի՞ն պետք է Ձեր պատկերացմամբ լինի ժամանակակից հայ կինը:

- Բարեբախտաբար, ամեն ինչ արդեն իսկ ասված ու նկարագրված է մեր գեղարվեստական գրականության էջերում՝ ունենք հայ կնոջ դիմագիծը, նրա կատարյալ կերպարը: Ընդամենը լինենք հետեւողական, խնամքով պահպանենք մեր ինքնությունը եւ փոխանցենք այն սերնդեսերունդ՝ հարատեւելու ակնկալիքով: Համոզված եմ՝ մենք դա կարող ենք, քանի որ գնահատված ենք եւ սիրված, որեւէ այլ երկրում կանանց տոնը մեկ ամիս շարունակ չի նշվում:

- Ի՞նչ կցանկանաք հայուհիներին:

- Փյունիկի պես վերածնվել ու հարատեւել:


-Եվ վերջում, որտե՞ղ կարող ենք լսել Ձեր կատարումներն առաջիկայում:

- Մարտի 21-ին կլինեմ Պետական կամերային երաժշտության թատրոնի բեմում՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կկատարենք Բախի «Մագնիֆիկատը»: Մարտի 27-ին էլ հանդիսատեսի կողմից սիրված դուետով ելույթ կունենամ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Արտավազդ» մրցանակաբաշխությանը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Զրուցեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ջուլիանա Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին