Լուսանկարները Հայկուհի Մաթեւոսյանի համար հաճախ հոգեվիճակն արտահայտելու հրաշալի ձեւ են: 2019 թվականի գեղեցկուհու տիտղոսը նվաճած մոդելը օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել: Այս անգամ նրա հետ խոսել ենք մանկությունից, հուզական լինելու, մրցույթի ժամանակ լացելու իրական պատճառի մասին, եւ ոչ միայն:
Հուշեր
Վառ ու լուսավոր է եղել մանկությունս՝ զարդարված ուրախ, զավեշտալի դեպքերով: Կարոտով ու ժպիտով եմ հիշում մանկությունս: Դա այն աշխարհն է, որտեղ բոլորը անկեղծ են, բարի ու երազկոտ: Ես էլ բազում երազանքներ ունեի ու սրտի թրթիռով սպասում էի դրանց իրականացմանը: Հեռուստացույցով գեղեցկության միջազգային մրցույթներ էի դիտում, հետեւում գեղեցկուհիներին ու երազում էի հայտնվել նմանատիպ բեմերում: Այդ սպասված, գեղեցիկ օրն իմ կյանքում էլ եղավ: Ըստ իս, բոլորն էլ պետք է երազանքներ ունենան, չէ՞ որ հաճախ հենց դրանք են մեզ ապրեցնում: Երազանք, նպատակ, ձեռքբերում՝ այս 3-ն են տանում մեզ հաջողության:
Հայկուհի Մաթեւոսյանը
Հուզական լինելու մասին
Բավական էմոցիոնալ եմ: Կարող եմ հուզվել ինձ շրջապատող ամեն մի անարդար երեւույթից: Հաճախ եմ հասկանում ծանր իրավիճակում գտնվող զրուցակցիս, ապրում նույն ապրումները:
Մրցույթի ժամանակ լացելու պատճառը
Գեղեցկության մրցույթից թեեւ երկար ժամանակ է անցել, սակայն դեռ քննարկվում է այդ օրն իմ հուզական վիճակը: Անշուշտ, շատ հուզիչ օր էր, բայց դա չէր լաց լինելու պատճառը: Այդ օրն իրականում անասելի վատ էի զգում: Այնքան վատ, որ մտածում էի՝ կկորցնեմ գիտակցությունս: Ճնշում էր այն միտքը, որ չեմ կարողանա ելույթ ունենալ, ամեն ինչ կփչանա, երազանքս չի իրականանա: Փառք Աստծո, լավ ավարտվեց: Վերջում ուրախության արցունքներ էին:
Երկրի ծանր վիճակը եւս իր մեծ ազդեցությունն է թողել ինձ վրա: Կարծում եմ՝ ինձ նման շատերն են հոգեբանորեն ճնշված վիճակում: Այդ ամենից դուրս գալու համար, կարծում եմ, դեռ երկար ժամանակ է պետք:
Ֆոտոշարքերը երբեմն օգնում են հոգեվիճակս ներկայացնել:
Հայկուհի Մաթեւոսյանը
Գործնականի մասին
Եվրոպական մոդելային գործակալությունների հետ պայմանագիր ունեմ: Այն ուժի մեջ է: Գործնական առաջարկներ կան թե՛ արատասահմանից, թե՛ Հայաստանից, սակայն այս փուլում կենտրոնացել եմ իմ կրթության վրա: Իրավաբանի մասնագիտությունը լրջություն եւ պատասխանատվություն է պահանջում, այդ պատճառով ժամանակիս մեծ մասը հատկացնում եմ կրթությանս:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մանե Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: