«Девочка живущая в сети, нашедшая любовь». Զեմֆիրայի հայտնի երգի հերոսուհու նման, շատերը հարաբերություններ են փնտրում համացանցում: Ամենատարածված տարբերակներից են ծանոթության օնլայն հարթակները, դրանց մեջ ամենահայտնիներից՝ Թինդերը։
Ռոմանտիկ ծանոթությունների համար նախատեսված այս հավելվածը ստեղծվել է 2012 թվականին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այն ներբեռնվել է ավելի քան 340 մլն անգամ եւ հասանելի է աշխարհի 190 երկրներում՝ 40+ լեզուներով։
Թինդերը ներկայանում է որպես հարթակ, որտեղ կարելի է ծանոթություններ հաստատել, գնալ ժամադրությունների եւ հանդիպել նոր մարդկանց։ Սակայն ինչպե՞ս է այն ընկալվում Հայաստանում եւ ովքե՞ր են Թինդերի օգտատերերը մեզ մոտ։
Մի քիչ սեփական փորձից
Թինդերի հետ իմ առաջին ծանոթությունը բավականին հաջող էր։ Հենց գրանցվելուս օրը ես ծանոթացա մի տղայի հետ, եւ սկսվեցին իմ կյանքի մինչ այժմ ամենաերկարատեւ հարաբերությունները։
Բայց ինչպես ասում են՝ առաջին տպավորությունը խաբուսիկ է։ Մոտ մեկ տարի անց ես վերադարձա Թինդեր՝ հետաքրքիր շփումների ակնկալիքով։ Այստեղ ինձ հանդիպած հայ տղաների մեծ մասը փորձում էր կա՛մ արագ անցում կատարել այլ հարթակում շփմանը՝ Մեսինջեր, Տելեգրամ եւ այլն, կա՛մ միանգամից հանդիպման կանչել։
Ի դեպ, նրանց մի մասը պատրաստ էր, ժամանակ չկորցնելով եւ ավելորդ սիրախաղից խուսափելով, ասել, որ իր ուզածն ընդամենը սեքս է։ Իհարկե, հանդիպում են նաեւ դեպքեր, երբ դուք կարող եք մի ամբողջ գիշեր քննարկել ձեր սիրելի ֆիլմերն ու նախընտրած երաժշտությամբ կիսվել։
Իսկ Թինդեր «դեյթերը» կարող են ունենալ ամենաբազմազան ընթացքը՝ պարզապես քայլելուց մինչեւ միասին ուրբաթ երեկո անցկացնելը, one-night stand-ից (պատահական սեքս) մինչեւ ընկերական հարաբերություններ ձեւավորելը։ Յուրաքանչյուրի փորձառությունն այստեղ առանձնահատուկ է։ Հետեւապես առաջարկում եմ ծանոթանալ նաեւ մի քանի հերոսների հետ, ովքեր նախընտրեցին մնալ անանուն եւ կիսվել Թինդերում ունեցած իրենց պատմություններով։
Պատմություն 1. «Աղջիկ-չղջիկ», կարծրատիպեր եւ պատահական սեքս
Ժամանակին իմ բիոյում գրված էր՝ «Don’t waste my time», որովհետեւ այդ ընթացքում, երբ ինչ-որ մեկի հետ խոսում էի, ուզում էի՝ հանդիպեինք, եւ կապ չուներ, թե ինչ կլիներ հետո։
Թինդերում կարող ես ուղղակի գրել՝ բարեւ, բայց եթե ուզում ես, որ պատասխանեն, այլ բան է պետք ասել՝ մարդուց եւ իրավիճակից կախված։ Օրինակ՝ Աստղիկ անունով օգտատեր կար, ու իր անունից հիշեցի՝ «Աղջիկ-չղջիկ» երգը, եւ այդ երգի բառերը գրեցի, բայց ոչ նրա համար, որ այդպես ավելի հեշտ «կկպներ», ուղղակի տրամադրության թելադրանքով։ Կամ էլ մեկն ուներ լողազգեստով նկար, իսկ այդ ժամանակ մեզ մոտ ցուրտ էր, ես էլ պարզապես գրեցի՝ տաք ա, մյուսի էջում ուղղակի տան նկար էր, ասացի՝ սիրուն տուն ա, որ ասում են՝ տանը մնացած, կուզեիր էս տանը մնայիր։
Թինդերում ամենատարբեր մարդկանց եմ հանդիպել՝ շատ «монашка»-ների, ծանոթների, նախկին հաճախորդների, «Քիսո մերսում» անունով էջերի, ամուսնացած կանանց եւ այլն։
Իսկ դեյթերը կարող են լինել ծանոթանալուց կես ժամ կամ մի քանի օր հետո՝ երկուսիդ հավեսից կախված։ Օրինակ, մի աղջկա հետ հանդիպեցինք երկու օր խոսելուց հետո։ Հանդիպման ընթացքում իր միտքը հետեւյալն էր՝ «Հո չեմ քնելու առաջին պատահածի հետ», արդեն հանդիպման վերջում հարցրի՝ «Բա ո՞նց եղավ»։ Դա էլ արդեն կախված է նրանից, թե ինչպես ես դիմացինին վերաբերվում․ եթե ուղղակի ապրանք, որի հետ պետք է քնել, չի ստացվի։
Իհարկե, հասարակության մտածելակերպը եւ եղած կարծրատիպերը շատ են անդրադառնում նաեւ «դեյթինգ էփերի» վրա։ Օրինակ, առաջինը գրող աղջիկներն ավելի քիչ են, քան տղաները․ սա այն կարծրատիպի արդյունքն է, որ աղջիկը չի կարող նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել կամ առաջարկություն անել։
Ի դեպ, այս ամենից բացի, Թինդերը լրիվ այլ իմաստով էլ կարելի է օգտագործել, ինչպես, օրինակ, իմ դեպքում ստացվեց նախագիծ գտնել Մոսկվայում։
Այնուամենայնիվ, Թինդերում շփվելու ընթացքում լուրջ հարաբերություններ չեն սկսվել, քանի որ այն օգտագործելու ընթացքում չեմ ուզել ընկերուհի ունենալ։ Հիմա էլ չեմ ուզում, ինձ լավ եմ զգում մենակ։
Պատմություն 2. Թինդերը Ռուսաստանում vs Թինդերը Հայաստանում
Թինդերը սկսել եմ օգտագործել Պետերբուրգում, քանի որ ձանձրանում էի։ Զգացի, որ ծանոթանալու համար շատ հեշտ տարբերակ է։ Այնտեղ ամեն ինչ էլ կարող է լինել՝ ուղղակի հանդիպելուց մինչեւ հարաբերություններ, կամ էլ սեքս։ Չնայած՝ ես հիմնականում Հայաստանի աղջիկներին փորձում եմ համոզել, որ այս հավելվածը հենց սեքս գտնելու համար է, մի՛ սկսեք ականջ ծեծել, որ այնտեղ կարելի է լուրջ հարաբերություններ կամ ամուսին գտնել, հա, կարելի է, ինչպես ասում են՝ մանրադիտակով նույնպես կարելի է մեխ խփել:
Եթե համեմատենք Հայաստանի հետ, ապա Պետերբուրգում ավելի շատ են ադեկվատ աղջիկները։ Եթե այնտեղ կարող էի ուղղակի գրել, որ ինձ միայն սեքսն է հետաքրքրում, այստեղ դա վաղուց չեմ անում, քանի որ մեզ մոտ, եթե նույնիսկ այդ նպատակով են գրանցվել, օնլայն հարթակում միանգամից չեն համաձայնում. բոլորս էլ գիտենք, թե ինչ հետեւանքներ կլինեն դրանից հետո։ Բացի այդ այստեղ շատ են այն աղջիկները, ովքեր խուսափում են իրենց նկարով կամ անունով էջ ունենալ, քանի որ մտավախություն կա՝ «վայ, ինչ որ մեկը կտեսնի, կգնա ախպորս կասի, որ ես Թինդերում եմ»։
Հիմա էլ ես հիմնականում ձանձրույթից եմ մտնում Թինդեր ու ինչ-որ մեկին դեյթի կանչում, ինչպես ասում են՝ ալկոհոլ հյուրասիրել եւ միաժամանակ զվարճանալ:
Վերջին դեյթերից մեկին մի քիչ չաղլիկ ու «քյարթու» աղջկա հետ էի։ Փաբում էինք, ու այնպես ստացվեց, որ ընկերներս նույնպես այնտեղ էին։ Մենք միացանք իրենց, ու չորսով սկսեցինք տարբեր հարցեր տալ այդ աղջկան, ինտելեկտուալ հումորներ անել, որոնք ինքը չէր հասկանում։ Դա մեր միակ հանդիպումն էր, բայց դե, ինչո՞ւ ոչ, ամբողջ օրը հավես անցավ։
Մեկ այլ հանդիպման ժամանակ արդեն այդ աղջիկն ինձ դուր էր եկել, հետաքրքիր մարդ էր, լավ շփվեցինք, հետո իրեն տուն ճանապարհեցի, գրեցի հաջորդ օրը, բայց չպատասխանեց։ Հավանաբար, իրեն ինչ-որ բան դուր չէր եկել։ Նման դեպքեր էլ են լինում։ Իսկ ընդհանուր առմամբ, Թինդերի իմաստը «speed dating»-ն է. մի երկու բան արագ խոսել ու հանդիպել, դրանից հետո արդեն պարզ կլինի, թե ուր կտանի այդ շփումը։
Պատմություն 3. Տղա, որի մականունը մնաց «Ումլաութ», եւ ամուսնացած հայ օգտատերերը
Մոտ չորս տարի առաջ եմ իմացել Թինդերի մասին։ Այդ ժամանակ 19 տարեկան էի եւ որոշեցի գրանցվել՝ ուղղակի օնլայն շփման համար։ Նոր էի բաժանվել ընկերոջիցս ու, ինչպես լինում է նման դեպքերում, ուզում էի դուրս գալ այդ վիճակից, նորից ինձ պետքական եւ ցանկալի զգալ։
Սկզբում պատկերացում չունեի, թե ինչի համար են գրանցվում հայկական Թինդերում, հետո երբ սկսեցի շփվել մի տղայի հետ, ու ինտիմ թեմաներ բացեց, ասացի, որ տարօրինակ է, իսկ ինքը պատասխանեց՝ «Բա մտածում էիր՝ ընկերներ ենք լինելու»։
Իմ առաջին Թինդեր դեյթը մի տղայի հետ էր, որ ինձ դուր էր եկել արտաքնապես, բայց շփումն այնքան էլ չէր ստացվում։ Առաջարկեց հանդիպել։ Երբ տեսա նրան, հասկացա, որ նկարներից բավականին տարբերվում է. իմ պատկերացրածը չէր։ Ամբողջ ընթացքում չէր ստացվում նորմալ խոսել, իսկ ընթացքում ինքն ասաց՝ «Գիտես, որ աուտիկները խոսելիս աչքերի մեջ չեն նայում», իբր ինձ նկատի ուներ, հետո ասաց, որ կողմ չի ֆեմինիստական շարժմանը եւ այլն։ Մի ծիծաղելի բան էլ եղավ՝ ուրեմն ասաց, որ կարդացել է Արցախի բարբառով գրված առաջին գիրքը, ես ասացի՝ ումլաութներով, շատ զարմացած պատասխանեց՝ վա՜յ, դու գիտե՞ս էդ բառը։ Հիմա՝ երբ իր մասին պատմում եմ՝ ասում եմ՝ «Ումլաութը», ու բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը։ Նա ինձ ճանապարհեց, չգիտեմ՝ ինչու, բայց հենց տաքսիի մեջ գրեցի՝ «Կներես, էլ չենք տեսնվի»։
Առաջին անգամ գրանցվելուց կարճ ժամանակ հետո ջնջել եմ հավելվածը, իսկ երբ գրանցվեցի երկրորդ անգամ, արդեն գիտեի, թե ուր եմ գալիս․ ուզում էի գտնել վստահելի ու հասուն մարդու, որի հետ կարելի էր սեռական հարաբերություն ունենալ։ Իմ ուզածը ստացվեց, բայց այդ կապը կարճատեւ էր․ իրար տալու բան չունեինք էլ։
Դրանից հետո էլի ջնջել եմ էջս։ Իսկ երբ գրանցվեցի երրորդ անգամ, նպատակն ուղղակի ընկերոջս ջղայնացնելն էր։ Իրականում Թինդերը շատ հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն է տալիս, բայց վերջերս նկատել եմ, որ այնտեղ շատ են ամուսնացած տղամարդիկ, որոնք ակտիվ գրում են, իրենց էջում ոչ միայն նշում են, որ ամուսնացած են, այլ նաեւ հեռախոսահամար են գրում, որ իրենց զանգեն միայն այդ համարով։
Լուրջ հարաբերություններ ցանկացող մարդիկ քիչ են, բայց ես դա հասկանում եմ, այստեղ Թինդերն այլ կերպ են ընկալում՝ հիմնականում one-night-ի համար։
Բացի այդ, մի բան էլ կա, որ բնորոշ է հայկական Թինդերին․ տղաների դեպքում, նույնիսկ, երբ հարաբերությունների մեջ են, նորմալ է Թինդերում լինելը, իսկ աղջիկների դեպքում՝ ոչ։ Այստեղ գործում է հետեւյալ սկզբունքը՝աղջիկը մեր հասարակության մեջ ինչպե՞ս կարող է անլուրջ բան ցանկանալ։ Ամեն դեպքում Թինդերը շփման համար վատ տարբերակ չէ։
Պատմություն 4. «Мatch»-ը ընկերուհուս ընկերուհու հետ
Այնպես էր ստացվել, որ ճամփորդելու էի եվրոպական մի քանի երկրներում եւ որոշեցի այդ ընթացքում նաեւ Թինդերից օգտվել։ Բայց այն իրեն չարդարացրեց․ երբ ստացվում էր խոսել նորմալ, արդեն պետք է մեկնեի այդ երկրից։
Վերադառնալուց հետո Հայաստանում էլ եմ օգտագործել։ Եթե համեմատեմ այնտեղի հետ, թերեւս ամենամեծ տարբերությունն այն է, որ այնտեղ չես հանդիպի մերսման առաջարկ անող էջերի, կամ եթե քո աշխատանքային կոլեգային տեսնես, նրա մասին վատ բան չես մտածի, ինչը Հայաստանում այնքան էլ այդպես չէ։ Բացի այդ, իրենք վերաբերվում են Թինդերի էջին այնպես, ինչպես մնացած սոցիալական հարթակների էջերին՝ ունեն նորմալ նկարներ, բիոյում նշված հետաքրքիր տվյալներ։ Եվ իհարկե, մեզ մոտ աղջիկները հազվադեպ են գրում առաջինը, իսկ երբ Չեխիայում էի, մեկ օրվա մեջ չորս նամակ եկավ։
Մեզ մոտ աղջիկների մի մասը դրսի հետ կապ է ունեցել, ապրել ու մտածում է, որ կլինի նորմալ մարդ գտնել Թինդերում, մի մասն ընկեր ունի կամ ախպեր ու ֆեյք էջ է բացում, մի մասն էլ իր ընկերուհիների ընկերներին է փնտրում։ Ի դեպ, նման իրավիճակում ես էլ եմ հայտնվել․ «match» էր եղել ընկերուհուս ընկերուհիներից մեկի հետ, որը, բնականաբար, իրեն պատմել էր, եւ դա ողբերգություն էր ընկերուհուս համար։
Թինդեր դեյթի երբեք չեմ գնացել, քանի որ ի սկզբանե նպատակ չեմ ունեցել հանդիպել որեւէ մեկի հետ, պարզապես շփվել եմ։ Այն չեմ դիտարկել նաեւ one-night stand-ի համար, քանի որ դա ինձ համար նախընտրելի տարբերակ չէ. ես ավելի շատ կողմ եմ շփվելուն, խոսելուն։
Տեսականորեն Թինդերում դուք կգտնեք այն, ինչի հետեւից եկել եք։ Պարզապես կարեւոր է հստակ գիտակցել, թե ինչ ակնկալիքներ ունեք՝ ավելորդ հիասթափություններից խուսափելու համար։ Դե, իսկ կունենաք ամենահետաքրքիր ու ռոմանտիկ ժամադրությունը, թե հաջորդ առավոտյան արթնանալիս չեք էլ հիշի նրա անունը, կախված է ձեզնից։
Սոնա Վարդանյան
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: