×


Սմբատ Ստեփանյանը եւ Անահիտ Կիրակոսյանը

«Փրկության հրեշտակը» ներկայացումն արժանապատիվ հայի մասին է

Հովհաննես Էսքիջյանը դարձավ «փրկության հրեշտակ» Եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայ մանուկների համար: Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ հանդիսատեսի դատին հանձնվեց «Փրկության հրեշտակը» ներկայացումը:

Այն հիմնված է գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերի հեղինակած փաստավավերագրական գրքի հիման վրա: Վերջին տարիներին պատմաբանն ուսումնասիրություններ է կատարել թուրքական արխիվներում եւ բավականին ուշագրավ ու արժեքավոր փաստեր է հավաքագրել պատվելի Հովհաննես Էսքիջյանի մասին:

Սմբատ Ստեփանյանը` Հովհաննես Էսքիջյանի դերում


Ներկայացման հեղինակ եւ բեմադրիչը Նունե Աբրահամյանն է, երաժշտական ձեւավորումը՝ Միքայել Մարգարյանի։ Դերերում հանդես են գալիս Սմբատ Ստեփանյանը, Արա Գեւորգյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Լաուրա Բաբայանը։

Հովհաննես Էսքիջյանը եղել է բավականին ապահովված հայ ընտանիքի ներկայացուցիչ, նրա ծնողները եղել են Ադանայից: Ադանայի ջարդերից հետո նրա ընտանիքը մի կերպ փրկվել ու փախել է Հալեպ, որտեղ նա շարունակել է հայապահպանության ու հայ մանուկներին օգնության իր գործունեությունը։ Մեզ հասած վավերագրությունը փաստում է, որ ամեն շաբաթ Էսքիջյանը, իմանալով, թե որ ժամին է առեւտրային գնացքը Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններում լինում, գալիս  էր այնտեղ։ Այս կայարաններից գնացքներով հայերին տեղափոխում էին դեպի Դեր Զոր անապատ։ Էսքիջյանը կայարանում թուրք զինվորականներից մեկի հետ նախապես պայմանավորվում էր եւ, ամեն երեխայի համար վճարելով մեկ ոսկի, կարողանում էր մահվան գնացքից փրկել 10-15 հայ մանուկների։ Նա մեծ  վերարկուի տակ թաքցրած երեխաներին տանում էր իր տուն, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար:

Սմբատ Ստեփանյանը` Հովհաննես Էսքիջյանի դերում


«Այս ներկայացումը բեմադրված է փաստավավերագրական ժանրում. բեմադրական սպեցիֆիկ լուծումներից հեռու ենք մնացել։ Շեշտը դրվել է Էսքիջյանի ու փրկված երեխանների վրա: Ցավոք, Էսքիջյանի մասին շատ քչերը գիտեն՝ թերեւս միայն պատմաբանները։ Այս ներկայացումը արժանապատիվ հայի մասին է, որն ամեն վայրկյան իր կյանքը վտանգելով փորձում էր փրկել մեկ հայի կյանք։ Այսօր ԱՄՆ-ում ապրում են նրա փրկած որբերից շատերի ժառանգները, ովքեր նաեւ բարձր ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում», - ասում է սցենարի հեղինակ եւ բեմադրիչ Նունե Աբրահամյանը։

Գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Սմբատ Ստեփանյանը, որը մինչ այդ ծանոթ չի եղել Էսքիջյանի պատմությանը։

«Ներկայացումն ավելի շատ վավերագրումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին եւ դրանից հետո: 100 տարի անց էլ ոչինչ չի փոխվել։ Նրանք իրենց ջարդելու, կոտրելու, արմատից կտրելու ձեռագիրը չեն փոխել։ Բայց  բարեբախտաբար չի ստացվել ու չի ստացվելու»,-նշեց դերասանը։

Անահիտ Կիրակոսյանը՝ Գուլենիայի դերում


Էսքիջյանի կնոջը՝ Գուլենիային, մարմնավորող դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս պատմությունը նմանեցնում է Սփիլբերգի «Շինդլերի ցուցակ»-ին։

«Շատ պատասխանատու դեր է։ Նա իր ամուսնուն նվիրված կին է, նաեւ շատ ուժեղ է իր բնույթով, կին, որը գիտակցում է ամուսնու ընտրած ճանապարհը եւ պատրաստ է իր ուսերին կրել այդ ճանապարհին հանդիպած խնդիրները։ Միեւնույն ժամանակ, նա փխրուն է, գիտակցաբար պատրաստ է շարունակել իր ամուսնու գործը: Այս պարագայում նա իր ամուսնու մահը համարում է փրկություն, որովհետեւ միայն ուժեղ մարդը կարող էր հասկանալ, որ նրան չձերբակալեցին, նա չընկավ թուրքերի ձեռքը, այլ գնաց դեպի լույսը եւ մնաց՝ որպես «փրկության հրեշտակ»»,–նշեց դերասանուհին։

Արա Գեւորգյանը՝ թուրքի դերում


Դերասան Արա Գեւորգյանը մարմնավորում է թուրք փաշային: Ասում է, որ թուրքի կերպար չի սիրում խաղալ, քանի որ իրենք չարիքի գործիքներից մեկն են:

«Բայց երբ չարագործին ճիշտ ես ներկայացնում, հաղթող կողմը, տվյալ դեպքում՝ Հովհաննես Էսքիջյանը, որն իր առջեւ նպատակ էր դրել փրկել հայ մանուկներին, ավելի ակնհայտ է բացահայտվում: Նաեւ փորձել եմ փաշայի կերպարով ցույց տալ այսօրվա թուրք կառավարության չարագործներին, որոնք երբեք չեն փոխվելու»,–շեշտեց դերասանը։

Մանկատան միսիոներուհու կերպարը մարմնավորող Լաուրա Բաբայանը մայրական խնամք ու գուրգուրանք է տալիս հայ մանուկներին, բայց թուրքական կառավարությունը փակում է մանկատունը, եւ մանուկները կրկին հայտնվում են Դեր Զորում։

Լաուրա Բաբայանը՝ միսիոներուհու դերում


«Այս դերը տարբերվում է իմ  կերտած կերպարներից։ Անհամբեր սպասում եմ հանդիսատեսի արձագանքին՝ արդյոք այս կերպարն ինձ մոտ ստացվել է»,–նշեց  դերասանուհին։

Նշենք, որ այս պատմությունը թատրոնի բեմ պետք է բարձրանար նախորդ տարի  ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրեին։ Պետք է   ներկայացվեր նաեւ աշխարհասփյուռ հայերին՝ ԱՄՆ-ում, այլ երկրներում: Բայց կորոնավիրուսը հետաձգեց բոլոր պլանները։ «Փրկության հրեշտակը» ներկայացման հաջորդ խաղը կկայանա մարտի 25-ին՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին