Արփի Ալտոյի կատարումները նախորդ տարի նրան շատ կարճ ժամանակում հայտնի դարձրին: Համաշխարհային հիթերի տարբերվող մատուցումներն ու հզոր ձայնը երգչուհու նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացրին ինչպես Հայաստանում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս:
Արփին հաճախ չի համաձայնում հարցազրույցների, սակայն BRAVO.am-ի համար բացառություն է արել: Զրուցել ենք նոր ալբոմի եւ տեսահոլովակների մասին, բացահայտել մայրիկի ազգությունը եւ իրեն վերաբերող շա՜տ հետաքրքիր այլ մանրամասներ: Երգչուհին արտասահմանյան ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի, որոնց մասին եւս պատմել է:
- Օրեր առաջ ներկայացրիք Ձեր «Իմ սիրտը լեռներում է» ալբոմը: Ի՞նչ զգացողություններ ունեք այն ավարտելու հետ կապված:
- Ամբողջ ռեսուրսներս ու հույզերս ներդրել եմ հայկական այդ գործերը նորովի ներկայացնելու համար: Բոլոր երգերն իմ մեկնաբանությամբ են, գլուխ չեմ գովում, բայց նման չեն ոչ մեկի արածներին: Շատ վաղուց եմ աշխատում ալբոմի վրա, մանկուց մեղեդիներ են կուտակվել ու պատերազմական այս ընթացքում ամեն ինչ հոգեբանորեն հասունացավ: Երեւի թե այն չլինելու դեպքում, մի քիչ կհետաձգեի, բայց զգացի, որ հիմա եմ ուզում դրանք կատարել:
Արփի Ալտոն
- Իսկ լեռների հետ ինչպիսի՞ն է Ձեր կապն ու որքա՞ն հաճախ եք սիրում զգալ դրանք:
- Բնության հետ շատ սերտ կապ ունեմ, ինձ թողնեն այնտեղ էլ կապրեմ: Մեգապոլիս չեմ սիրում, բայց աշխատանքը ստիպում է լինել քաղաքում: Հույս ունեմ՝ որոշակի տարիքում կապրեմ լեռներում: Բնությունից ուժ եմ ստանում ու ժամանակ առ ժամանակ կարիքը զգում: Երաժշտությունը կլանում է ու առօրյան փոխելու կարիք է լինում:
- Փոխանցել եք Ձեր սերը ջազի ու հայկական երաժշտության նկատմամբ. ի՞նչ կտա նոր ալբոմը մարդկանց:
- Ամենակարեւորն այն է, որ փորձել եմ ջազային իմ մոտեցումը բերել: Այդ առումով մեզ մոտ Տաթեւիկ Հովհաննիսյանն է հայտնի. իր գործերը շատ եմ սիրում: Հուսով եմ՝ մարդիկ կսիրեն այդ սինթեզը: Ունկնդիրս հիմնականում հայ չէ. աշխարհին եմ ներկայացնում հայկական երաժշտությունը: Կարծում եմ, որ հայերն էլ կսիրեն:
- Իսկ ո՞րն է անձամբ Ձեզ ամենահոգեհարազատ երգն ալբոմում:
- Երգերիս կտավների պես եմ մոտենում: Ալբոմում մի գործ կա՝ ժողովրդական երգերի շարան է, բայց ջազաֆիկացված: Լրիվ համահունչ է այս դժվար օրերին: Սկսվում է բավական ուրախ ու կոլորիտային գույներով, ապա մոտենում է այն խավարումը եւ անորոշությունը, որի ականատեսը դարձանք: Բայց հույս միշտ կա, ուզում եմ այն լույսը, որ վերջում դրել եմ, իրականանա:
Արփի Ալտոն
- Իսկ եթե ալբոմը կտավի հետ համեմատենք, ո՞ր գույներն են գերակշռում:
- Գունապնակ է ստացվել, ամեն երգն իր յուրահատուկ կոլորիտն ունի: Կան ե՛ւ պաստելային, ե՛ւ վառ գույներ:
- Ալբոմում ընդգրկված «Անտունի»-ի Ձեր կատարումը պատերազմի օրերին շատ ազդեցիկ ու գեղեցիկ էր:
- Այն օրերն էին, երբ ճանապարհները փակվում էին, ու չհասցրի գնալ Արցախ: Ցանկացա հարազատ մեկ այլ վայրում լինել: Մոտ 7 տարի ամեն կիրակի Գեղարդի վանքում եմ երգել: Եկեղեցում մարդ չկար, ես այդպես ավելի շատ եմ սիրում առանձնանալ ու ինքս ինձ հետ մնալ, դրա համար էլ կատարումն այդքան զգացմունքային ստացվեց: Ամուսինս էլ պատահական էր նկարել. ոչ մի բեմադրություն չի եղել: Գեղարդը շատ ազդեցիկ է, այլ աուրա ունի: Երգը բավական տարածվեց ու քննարկվեց:
- Ունեք նաեւ նոր տեսահոլովակ՝ «Սարերի հովին մեռնեմ» երգի հիման վրա, որը մինիմալիստական է ստացվել: Ո՞ւմն էր գաղափարը:
- Շատ հաճելի մարդու հետ եմ համագործակցել՝ Օլգա Մուրադյանի: Ինձ հոգեհարազատ է նրա ոճը: Օլգային մեր հանդիպմանն ասացի, որ տեսահոլովակը կտավի պես եմ տեսնում, նա էլ իր ստեղծագործական լուման դրեց: Ամեն ինչ բավական հեշտ ստացվեց՝ անմիջական ու ընկերական մթնոլորտում: Հատուկ ոչ մի գործողություն չենք արել՝ ո՛չ դիմահարդարում, ո՛չ հագուստների ընտրություն: Ամեն ինչ զգացականի վրա է եղել: Սկզբում Սեւան գնացինք, շատ ցուրտ էր, բայց նկարահանումները լավ անցան: Այն ամենն, ինչ ցանկանում էինք՝ հնի, սարերի, կարոտի մասին, փոխանցել ենք:
Դրանից հետո եղավ «Համայակ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Ծանոթ շատ լավ երաժիշտներից մեկը՝ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, կատարումս լսելուց հետո ասաց, որ ականջ է պետք այդ երգից նման բան ստանալու համար: Գլխի վրա եմ երգը շրջել, հույս ունեմ՝ շատ չեն քննադատի:
- Փորձենք մի քիչ բացահայտել Ձեզ, խոսենք ընտանիքի ու մանկության մասին:
- Մայրիկս գերմանուհի է, կոնսերվատորիան է ավարտել, ես նրա տաղանդի կեսը չունեմ: Որպես ջազ դաշնակահար ու կոմպոզիտոր՝ արտառոց երեւույթ է: Հայրիկս էլ նկարիչ է, նրա արվեստանոցը, այդ մթնոլորտը շատ են ազդել ինձ վրա: Մանկությանս տարիներին ամեն ինչ հեքիաթային էր: Եղբայրս ինձնից 11 տարով մեծ է, նա էլ կայացած նկարիչ է: Երկուսս էլ իրարով հպարտանում ենք:
Հայաստանը շատ հոգեհարազատ է, ամբողջ կյանքս այստեղ է անցել, ինձ ավելի շատ հայ եմ զգում: Գերմանական արմատներս ամենաշատը ճշտապահության մեջ են դրսեւորվում: Այդ ամենը գերմանացի տատիկիցս է փոխանցվել: Ալբոմում իմ մեջ եղած հայկականի ու եվրոպականի «միքսն» էլ է զգացվում:
- Փաստորեն ընտրեցի՞ք մայրիկի մասնագիտությունը:
- Դեռ փոքր էի, երբ հայրիկս ու մայրիկս կռվում էին՝ նկարի՞չ, թե՞ երաժիշտ եմ դառնալու: Սկզբում ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա՝ հայրիկին ապացուցելու, որ կարող եմ: Կերամիկայի բաժնում էի սովորում. կավի հետ աշխատելիս հանգստանում եմ: Բայց երաժշտական արմատներս ավելի ուժեղ էին:
Պատանեկան տարիքում մի շրջան կար, երբ մոտ 5 տարի դաշնամուրին ընդհանրապես չեմ մոտեցել: Ինքնաքննադատական պահեր էին, մտածում էի՝ այնքան տաղանդավոր չեմ, որ երաժշտությամբ զբաղվեմ: Մինչեւ հիմա էլ այդպիսին եմ, երբեք իմ աշխատանքից գոհ չեմ լինում: Այդ դադարն էլ պետք էր, իսկ հիմա առհասարակ ինձ առանց երաժշտության չեմ պատկերացնում:
- Արփինե Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս դարձավ Արփի Ալտո:
- Փոքր տարիքից ինձ Ալտիկ են ասել, որովհետեւ տեսքիս հետ ձայնս չէր սազում: 3 տարեկանում Համալիրում ունեցած համերգից ձայնագրություն ունեմ բամբ ձայնով: Քանի որ հեշտ հիշվող ու ինձ հոգեհարազատ անուն էր պետք, Արփի Ալտոն շատ հարմար էր:
Արփի Ալտոն՝ եղբոր արվեստանոցում
- Իսկ ինչպե՞ս է անցել 3 տարեկանում ունեցած առաջին համերգը:
- Մայրիկիս սոլո համերգի ընթացքում հանդես եկա: Փոքր տարիքում սովորություն ունեի նկար դնել իմ առաջ ու դրա շուրջ մեղեդիներ հնարել: Այդ մեղեդիներից մեկն էլ համերգի ժամանակ կատարեցի, ու այն բավական սիրվեց: Շատ լավ հիշում եմ, որ այնքան ծաղիկ տվեցին, որ հազիվ էի գրել եւ ընկա բեմի վրա: Բավական զվարճալի էր:
Որպես երգչուհի՝ ինձ բացահայտեցի Գեղարդավանքում. շատ ուրախ եմ, որ ամեն ինչ սկսվեց հոգեւոր երաժշտությամբ: Ինձ չեմ համարում հոգեւոր երաժշտության տարածող, կարողանում եմ կատարել, բայց պատասխանատու է, քանի որ ես սիրում եմ իմպրովիզներ անել: Հոգեւոր երաժշտության մեջ սահմաններ կան, որոնք պետք է պահել:
- Իսկ ե՞րբ է Ձեր կատարումներում սկսվում իմպրովիզը:
- Գործերի վրա նախապես չեմ աշխատում, ինչ լսում եք՝ իմպրովիզ է: Ամեն ինչ լինում է ձայնագրության ընթացքում, ամեն անգամ երգերը տարբեր են ստացվում, համերգի ժամանակ նույն մեղեդին կարող եք չլսել, ես էլ հնարավոր է՝ չկարողանամ կրկնել: Ալբոմիս մեջ կան գործեր, որոնք մոտ 7-8 ձայնով բազմաձայնել եմ: Սիրում եմ ձայնն օգտագործել որպես գործիք ու հարմոնիկ պատկեր գծել: Իմ ամեն համերգը տարբեր է ստացվում:
- Ի՞նչ է տալիս խմբում աշխատանքը:
- 7 տարի է՝ օպերայում եմ երգում, 1 տարի՝ կապելլայում Հովհաննես Չեքիջյանի հետ աշխատում: Մաեստրոյի հետ շփումը ստեղծագործական ներշնչանքի աղբյուր է: Դեռ ուսանողական տարիներից էլ «Նաղաշ»-ում եմ երգում: Կանանց մեջ դժվար է գտնել ձայն, որն ունի շատ ցածր նոտաներ՝ կոնտրալտո է կոչվում, գրեթե տղամարդու ձայնին է մոտենում: Այդ առումով Ջոն Հոդյանի համար բացահայտում էի: Հաճելի է նրա հետ աշխատել «Նաղաշ» անսամբլում. իր երաժշտությունն եմ սիրում: Շատ ենք շրջագայում, թիմային ու ընկերական մթնոլորտ է: Հույս ունեմ՝ սոլո կարիերան չի խանգարի, քանի դեռ «լոքդաուն» է, համատեղում եմ: Շատ եմ գնահատում այդ համագործակցությունը, շուտով Ջոնը կվերադառնա, ու նորից կսկսենք «Նաղաշի» համերգները:
- Ի՞նչ անել, որ մեր երկրում բարձրաճաշակ երաժշտությունը սիրելի դառնա:
- Ամենադժվար ու ցավոտ հարցերից է: Մատուցենք, սկսենք հեռուստատեսությունից: Ինչ տալիս են, մարդիկ դա էլ լսում են: Երբ երեխային սովորեցնում են, որ ծաղիկը ցեխոտ ջրով են ջրում, այդպես է իմանում: Հաճախ են հարցնում՝ բա հարսանիքներին ինչի՞ տակ պարենք: Մենք ունենք հայկական շատ գեղեցիկ պարային երաժշտություն: Ամբողջ աշխարհում այդ «դրայվն» ու տեմպը չես հանդիպի: Եթե ռեստորաններում սկսենք այդ երաժշտությունը գոնե քիչ-քիչ մատուցել, չեք պատկերացնի՝ ինչքան լավ կպարեն դրա ներքո:
- Ձեր մասին հատկապես սկսեցին շատ խոսել, երբ արտակարգ դրության ընթացքում համացանցում ներկայացրիք հայտնի երգերի քավերները: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
- Մինչ իմ անվան շուրջ աժիոտաժը, ես էլ մտածում էի՝ ոչ մեկին լավ երաժշտություն պետք չէ: Մարդիկ կարող են համալիր լցնել, իսկ մաեստրոյի բարձրաճաշակ դասական երաժշտությամբ համերգները դատարկ դահլիճում են լինում: Ընկերներիցս մեկը համոզեց, որ երգ ձայնագրեմ իր ստուդիայում, քավեր տարբերակ էր ջազային մատուցմամբ, ու այն շատ սիրվեց: Հասկացա, որ այդ սովը կա: Մարդիկ մեկօրյա երգերից հոգնել են, որոնք որպես հիթ գալիս են, առավելագույնը մեկ շաբաթ մնում ու մոռացվում:
Արտակարգ դրության ընթացքում մոտ մեկ ամսվա ընթացքում սոցցանցային հարթակներում 80 մլն ավելի դիտումներ եղան: Արձագանքներն էլ շատ հաճելի էին: Սերժ Թանկյայից լավ խոսքեր ստացա, Շառլ Ազնավուրի «She» երգի կատարումից հետո նրա որդին էլ արձագանքեց: Շատ անսպասելի էր ու հաճելի:
- Ո՞վ է Ձեր լսարանը, ո՞ւմ համար եք երգում:
- Նպատակս ոչ միայն լսարան գրավելն է, թեեւ կցանկանամ, որ Հայաստանում ունկնդիրներս ավելանան, բայց երբեք դասակարգում չեմ անում: Իմ ունկնդրի երեւի 10 տոկոսն է այստեղ, մնացածը դրսում են: Նաեւ որպես մայրիկ, արդեն մտածում եմ, թե բալիկներս ինչ են լսելու:
Ալբոմս բավական զգացմունքային է ու մեջը ցավ կա, ժամանակին համահունչ է: Վերջին շրջանը ծանր եմ տարել: Իրավունք չունենք անընդհատ լացել, պետք է շարունակենք ապրել: Ինքս մեծ կորուստներ եմ ունեցել նախորդ տարում՝ քույրիկս մահացավ, ու դրանից հետո ինձ համար շատ դժվար է ուրախանալ: Իր հորդորն էր շարունակել տալ այն, ինչ ունեմ: Նրա կարծիքով՝ ասելիք ունեմ արվեստում: Հայկական ալբոմի վրա երկար աշխատելուց հետո թույլ տվեցի ինձ գնալ հանգստանալու ընտանիքիս հետ. երկար ժամանակ չէինք կարողանում:
- Ինչպե՞ս անցավ ընտանեկան ու ծովափնյա հանգիստը:
- Շատ լավ էր ամեն ինչ, բալիկիս հետ 14 օր անցկացրի: Ամեն ինչ ենք անում միասին, բայց չի սիրում, որ երգում եմ, ասում է՝ մամա, սուս: Այնքան եմ տանը մզմզում, ես էլ չեմ նկատում (ծիծաղում է, - հեղ.): Շուտով 4 տարեկան կլինի, փոքր ժամանակ էի նրա համար երգում, բայց հիմա ավելի շատ հեքիաթներ է սիրում լսել: Շուտով կարող եմ հեքիաթների գիրք հրապարակել. ամեն երեկո նրա համար նորերն եմ հորինում:
- Ձեր գեղեցկության մասին էլ խոսենք. առանց շպարի եք ու շատ բնական:
- Ինձ համար ինչքան բնական, այնքան՝ գեղեցիկ: Ամենակարեւորը՝ խնամված լինելն է: Ինձ վրա ջղայնանում են, թե ինչու համերգների ժամանակ չեմ շպարվում: Ասում են՝ բեմում չի կարելի չշպարվել: Բայց ես, միեւնույն է, չարություններ եմ անում ու առանց դիմահարդարման լինում: Նույնիսկ մազերս հատուկ չեմ հարդարում, տեսահոլովակներում էլ այդպես եմ հանդես գալիս:
Շպարված ինձ չեմ ընկալում, ավելի գեշ եմ թվում: Արտասահմանյան ֆիլմերում նկարվելու առաջարկներ ունեմ, մեծ նախագծեր են, ու արդեն պայմանագրերը ստորագրված են. մյուս տարի կսկսվեն աշխատանքները: Շատ եմ ուզում ինձ փորձել որպես դերասանուհի: Երբ ռեժիսորն ինձ գտավ, ասաց, որ իմ բնականությունն է գրավել:
- Ի՞նչ կանայք են իրենց գեղեցկությամբ օրինակ Ձեզ համար:
- Մոնիկա Բելուչին, թե որպես դերասանուհի ու թե գրավիչ կին: Իտալուհիներն էլ մեզ նման էմոցիոնալ են: Որքան էլ ինձ Ջուլիա Ռոբերթսին են նմանեցնում, ինձ իտալական գեղեցկությունն է հոգեհարազատ:
- Բայց իսկապես նման եք «Սիրունիկը» ֆիլմի ժամանակների Ռոբերթսին:
- Չեմ ժխտում, որոշակի նմանություն կա:
Ջուլիա Ռոբերթսը, Արփի Ալտոն
- Գիտեմ, որ կենդանիներ եք սիրում, իսկ նաեւ պահո՞ւմ եք:
- Եթե որոշ կենդանիներ վտանգավոր չլինեին, իրենց էլ կսիրեի՝ օձերին, կարիճներին: Երկու անգամ կարիճը կծել է, դրա համար եմ վախենում, բայց մնացած բոլոր տեսակի կենդանիներին սիրում եմ: Ամբողջ կյանքում կատուներ եմ պահել, բայց ամուսինս դեմ է, 2 շուն եւ թութակ ունենք: Կենդանիների հետ շատ հարմարավետ եմ զգում: Նրանք բնության մի մասն են, ինչքան մոտ լինենք նրանց, այնքան՝ ավելի լավ:
- Հիմա ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում:
- Հույս ունեմ, որ շուտով սահմանները կբացվեն. արտերկրում համերգներ ունեմ: Չնայած՝ մտածում եմ Հայաստանում էլ գարնան վերջում ոչ մեծ համերգ կազմակերպել: Այն հնարավորինս գողտրիկ կլինի:
Առցանց համերգներով նույն զգացողությունները չես կարող փոխանցել: Ֆրանսիայի Ռեն քաղաքում մեծ համերգ ունեի, ու այն հույզերն ու «դրայվը», որ տվեցի, հետո շատ երկար ուղեկցվում էին ինձ ու խթան տալիս: Բայց պետք է խոստովանեմ, որ միշտ համերգի առաջին 10 րոպեն վախ ունեմ. դրանից չեմ կարողանում ձերբազատվել:
Հասմիկ Բաբայանը եւ Արփի Ալտոն
- Եվ վերջում մի քանի արագ հարցեր. ասեք առաջինն ինչ կգա Ձեր մտքին: Որտե՞ղ կուզեիք հենց հիմա հայտնվել:
- Տաք երկրում:
- Այս պահին Ձեր գլխում ի՞նչ երգ է պտտվում:
- Զարմանալի է, որ ոչ մի. երբեմն այսպիսի շրջաններ լինում են, ուղղակի դադարի վիճակ է, որը եւս պետք է:
- Ո՞րն է մասնագիտական ամենալավ խորհուրդը, որ տվել են:
- Շարունակեմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ:
- Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:
- Մտերիմ մարդու կորստից:
- Մեր օրերում ապրող մարդկանցի ո՞վ է ամենաշատը հիացնում Ձեզ:
-Մայրիկս:
- Ի՞նչն է Ձեզ վստահ դարձնում:
- Լավ կատարած գործս:
Արփի Ալտոն
- Ի՞նչն է Ձեր արտաքինի մեջ ամենաշատը դուր գալիս:
- Մազերս:
- Իսկ հակառա՞կը՝ չեք հավանում:
- Կանացի բզիկ է. միշտ ինձ չաղ եմ զգում:
- Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար 1 բառով:
- Զգացմունք:
- Ինքներդ Ձեզ ի՞նչ հարց կտայիք:
- Ո՞ւր եմ հիմա գնում:
Զրուցեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Արփի Ալտոյի արխիվից
Լուսանկարահանումն իրականացվել է «Loft»-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: