Մեկնարկել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» կինոնախագծի քրաուդֆանդինգը: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից ստեղծվող չորրորդ լիամետրաժ կինոնախագիծն է, որը կրկին արցախյան թեմայով է: BRAVO.am-ը ներկայացնում է նախագծի մանրամասները:
Ո՞վ եմ ես
«Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը 2018 թվականից աշխատում է նոր՝ «Վերածնվածը» կինոնախագծի ուղղությամբ: Նրա խոսքով՝ այսօր հայկական կինոյի ինտեգրումը եվրոպական, համաշխարհային կինոհամակարգին մեծ մարտահրավեր է, ուստի ինքն աշխատում է ստեղծել ֆիլմեր, որոնք օտար հանդիսատեսի համար ընկալելի կլինեն:
«Նոր ֆիլմի առանցքում տարբեր ժամանակների պատերազմների, աղետների հետեւանքները կրող սերունդների ինքնության վերագտնումն ու պահպանումն է: Ֆիլմի տարբեր հերոսներին հետապնդում է «ո՞վ եմ ես» հարցն ու դառնում դրդող ուժ՝ փնտրելու իրենց ինքնությունը»,- ասում է ռեժիսորը:
Նա հավելում է, որ եթե ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձում էին պատմել աշխարհին մեր մասին, ապա հիմա դա առավել եւս կարեւոր է նաեւ պատմել մեր ապագա սերունդներին:
«Պետք է կարողանանք իսկապես գնահատել ու տեղ հասցնել այն իրողությունը, որը կատարվել է մեզ հետ, ու բարձրորակ ֆիլմի միջոցով ներկայացնել թե՛ մեզ, թե՛ միջազգային հանրությանը»,- ընդգծում է Ջիվան Ավետիսյանը:
Սցենարիստ Նարինե Ոսկանյանի խոսքով՝ ֆիլմի թեման խաղաղությունն է, որին հասնելու համար յուրաքանչյուրը կարիք ունի գտնելու իր ինքնությունը:
«Այսօր աշխարհն է կորցրել իր ինքնությունը: Այժմյան մարդածին աղետները հենց ինքնության կորստի պատճառով են տեղի ունենում: Մենք էլ կարիք ունենք վերածնվելու: Ջիվանը հաճախ է ասում, որ Արցախը մեր Երուսաղեմն է: Այդպես էլ կա, ու այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու»,- նշում է նա:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը
Ֆիլմի սյուժեն
Արցախում տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք դառնում է հերոսների ինքնության վերագտնման առիթը: Մի կնոջ գաղտնիք փոխկապակցում է երեք տարբեր ճակատագրեր:
Ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան/Արցախ: Նրա ֆրանսիաբնակ ընկերուհին իր կանադական արմատների հայտնաբերման համար որոշում է մեկնել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ: Ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, որ հրեական Հոլոքստից փրկված սերնդից է, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին:
Հերոսներին իրենց իրական ինքնությանը մոտեցնող դժվարություններին եւ զոհաբերություններին զուգահեռ՝ զարգանում է արհեստական բանականության ծրագիրը:
Նարինե Ոսկանյանը եւ Գոհար Գասպարյանը
Նարինե Ոսկանյանի խոսքով՝ արհեստական բանականության ուղղության զարգացումը հայկական կինոարտադրության մեջ բացառիկ է, գուցե նաեւ նորարարություն է առհասարակ նմանատիպ ֆիլմերում:
«Հերոսների ճակատագրերի զարգացման արցախյան շղթային զուգահեռ՝ զարգանում է նաեւ արհեստական բանականությունը, որը եւս վերածնվում է»,- նշում է սցենարիստը:
Նա հավելում է, որ սցենարի սկզբնական տարբերակում ֆիլմում ընդգրկվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, սակայն 2020 թվականի վերահաս պատերազմը ստիպել է փոփոխություններ կատարել եւ անդրադառնալ հենց 44-օրյա աղետին:
Արցախը եւ միջազգային հանրությունը
Սցենարի խորհրդատու, կինոգետ Զավեն Բոյաջյանը կարծում է, որ կինոնախագիծը բովանդակային նոր շերտ կբերի հայկական ժամանակակից կինոյին: Նրա խոսքով՝ Ջիվան Ավետիսյանն իր նախորդ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմից սկսած փոփոխություն է կատարել Արցախի ներկայացման իր մոտեցումներում:
«Ջիվան Ավետիսյանի ֆիլմերում արցախյան թեման մի տեսակ միջազգայնացվել է: Մեզ հուզող հարցադրումները ֆիլմի գեղարվեստական հյուսվածքի առումով տեղափոխվել են միջազգային շրջանակներ: Դեպքերը այլեւս չեն կատարվում միայն Արցախում: Օրինակ՝ նախորդ ֆիլմում գործողությունների կարեւոր վայրերից մեկը Եվրոպան էր, հերոսները օտարազգի էին: Այսինքն՝ Արցախը ներկայացնելու շրջանակները լայնացել են: Այս գիծը շարունակվում է «Վերածնվածը» կինոնախագծում: Այստեղ եւս գործ ունեք տարբեր ազգի հերոսների, արցախաբնակ հայերի եւ սփյուռքահայերի հետ, որոնք ունեն միավորող գծեր՝ բոլորին հատուկ է արմատների որոնումը»,- նշել է Բոյաջյանը՝ հավելելով, որ արցախյան թեմայի նման ներկայացումը կինոյում կարող է բերել միջազգային արձագանք:
Զավեն Բոյաջյանը
Ինչպես ֆիլմում միաձուլվում են տարբեր ազգի հերոսների ճակատագրեր, այնպես էլ ֆիլմարտադրության գործընթացում նախագծի հեղինակները փորձում են ներգրավել միջազգային ֆոնդերի, համաարտադրողների, դերակատարների: Բացի այդ, ֆիլմը նկարահանվելու է մի քանի երկրում:
«Երեք տարի առաջ, երբ ֆիլմը դեռեւս սաղմնային վիճակում էր, մենք արդեն սկսել էինք դրա ներկայացումը Բեռլինի կինոշուկայում, որտեղ ոչ միայն ձեռք ենք բերել կոնկրետ գործակցության առաջարկներ, այլ նաեւ հավաքել համակիրների բանակ, որոնք հետաքրքրությամբ սպասում են ֆիլմի ստեղծմանը: Աշխատել ենք ներգրավել համաարտադրողների հիմնականում եվրոպական երկրներից, որպեսզի ֆիլմարտադրության ողջ գործընթացը համապատասխանի միջազգային չափանիշներին: Աշխատել ենք նաեւ եվրոպական եւ հայկական ֆոնդերի հետ, արդեն իսկ բանակցում ենք հեռարձակողների հետ»,- մանրամասնում է արտադրության խորհրդատու Հասմիկ Ավետիսյանը:
Դերասանական կազմ
Ջիվան Ավետիսյանի խոսքով՝ դերասանական կազմում կան թե´ օտարերկրացիներ, թե´ հայաստանաբնակ հայեր, եւ թե´ սփյուռքահայեր, որոնք դեռեւս հանրաճանաչ չեն, սակայն հետաքրքիր բացահայտում կդառնան ֆիլմում: Այժմ բանակցություններ են ընթանում օտարերկրացի երկու մեծանուն դերասանների հետ, սակայն նրանց անունները չեն հնչեցվելու իրենց իսկ անվտանգության համար:
«Ինչպես նախորդ փորձն է ցույց տալիս, ադրբեջանական կողմը գտնում է դերասաններին եւ սկսում հալածել նրանց: Ռիխարդ Զամելը («Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր դերակատար՝ հեղ.) ստացել է տասանյակ նամակներ, որոնցում նշվում էր, թե ֆիլմը ոչ թե դրախտի, այլ դժոխքի դարպաս է, պետք է մաս չկազմի դրան: Զամելի հետ վերջին անգամ զրուցելիս խոսեցինք այն մասին, որ իրենք հենց դժոխքի դարպասի էլ վերածեցին Հունոտի կիրճը՝ այն վայրը, որտեղ նկարահանումների ժամանակ մենք եղանք»,- պատմում է Ջիվան Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք դերասանների հետ շատ ազնիվ են եւ մշտապես զգուշացնում են ֆիլմի մաս կազմելու ռիսկերի մասին:
Քրաուդֆանդինգ
Յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ կինոնախագծի մաս՝ կատարելով նվիրատվություն նախագծի իրականացման համար: Նախաձեռնող խումբը նվիրատուներին առաջարկում է նաեւ նվերներ՝ որոշակի չափից ավելի բարձր գումար ներդնելու պարագայում: Ջիվան Ավետիսյանի կարծիքով՝ այդ պարգեւներից ամենահետաքրքրականն ու արժեքավորը ֆիլմի ռեժիսորական տարբերակը դիտելու հնարավորությունն է, որովհետեւ սովորաբար ֆիլմերը պրոդյուսերների կողմից շատ են փոփոխությունների ենթարկվում:
Քրաուդֆանդինգի շեմը 100 000 դոլարն է, որը կազմում է ֆիլմի արտադրության 10 %-ը: Պետական աջակցության համար «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը դիմել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնին եւ ֆիլմերի մրցակցության փուլում ընտրվել զարգացման փուլի ֆինանսավորման համար: Կինոնախագծի զարգացման փուլի ֆինանսավորումն ամբողջացված է նաեւ ամերիկյան «Արցախ արվեստի եւ մշակութային հիմնադրամի», լիտվական «Արտբոքս» կինոընկերության, ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանի ֆինանսական ներդրումների շնորհիվ:
Գալիք տարում սկսվելու է միջազգային ֆոնդերին հայտի ներկայացումը: Բուն ֆիլմարտադրության գործընթացը նախատեսվում է 2022 թվականի աշնանը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: