×


Հերոսներին՝ սխրանքի համար, BRAVO-ն՝ լավագույն ժամանցային կայք, Իննան՝ լավագույն դերասանուհի. AAD-ն մրցանակներ է հանձնել

Տարվա ամփոփումը՝ AAD.am-ի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով․ արդեն 11-րդ անգամ անցկացված միջոցառմանը երեկ պարգեւատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Այս տարի «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանի նախաձեռնած մրցանակաբաշխությունը կրում էր «Վերածնունդ» խորագիրը։

Զինված ուժերի, հասարակական, քաղաքական, առողջապահական, լրատվական, սպորտի եւ այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ լավագույնների պատվոգրեր ստացան իրենց կատարած աշխատանքի համար։ Պարգեւատրումներից անմասն չմնաց նաեւ BRAVO.am-ը, որը լավագույնը ճանաչվեց «Տարվա ժամանցային կայք» անվանակարգում։

Մամիկոն Խուրշուդյանը


Մինչ այդ, սակայն, միջոցառման հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակը, որի մահվան լուրը հենց երեկ եղավ։ Ի դեպ, մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ Արցախյան երկրորդ եւ Ապրիլյան պատերազմների մասնակիցներ, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ծնողներ։ Նրանք նույնպես պարգեւատրվեցին «Տարվա սխրանք» եւ «Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգերում։


«Հպարտ եմ, որ անցած տարի պատիվ ունեցա այս մրցանակաբաշխության ժամանակ Կոմանդոսին պատվել... Խնդրում եմ՝ այս միջոցառումը չքաղաքականացնենք, բայց միաժամանակ բոլորս հիշենք, որ 1993 թվականի այս օրերին ազատագրվեց Քարվաճառը, որը մերն է», - բացման իր խոսքում նշել է Մամիկոն Խուրշուդյանը:

BRAVO.am-ն իր ֆոտոշարքում ներկայացնում է միջոցառման հիշարժան դրվագները, հյուրերին ու պարգեւատրված մասնակիցներին։

Կարին Տոնոյանը եւ Դավիթ Ամալյանը


Երեկոյին ներկա էին «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացած հայորդիների հարազատները՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը, Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈՒ սպա, Անբասիր ծառայության առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ Զինված Ուժերի Դրաստամատ Կանայան մեդալակիր, կապիտան Արտուշ Արզումանյանի փոքր որդին՝ 10-ամյա Կարեն Արզումանյանը, դերասան Հովհաննես Հաջինյանի եղբայրը՝ Մանուկ Հաջինյանը, որոնք էլ վերցրին մրցանակները:

Սամվել Գրիգորյանը եւ Ռաֆայել Երանոսյանը


Ինչ վերաբերում է շոու-բիզնեսային անվանակարգերին, ապա «Տարվա լավագույն կերպարային դերասանուհի» տիտղոսին արժանացավ Եվա Բաղդասարյանը, սիթքոմի լավագույն դերասանն Անդրանիկ Հարությունյանն է, սերիալային լավագույն դերասանը՝ Լեռնիկ Հարությունյանը, սերիալային լավագույն դերասանուհին՝ Մերի Երեմյանը: «Լավագույն դերասան» տիտղոսը Ռաֆայել Երանոսյանինն է, «Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Իննա Խոջամիրյանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին