Անահիտ Կիրակոսյանը շուտով տեսահոլովակ կներկայացնի: Դերասանուհու հետ խոսել ենք նոր աշխատանքով ներկայանալու, երգչուհու կարիերա սկսելու, նկարահանումների եւ երգի ընտրության մասին:
«Իմ մեջ անդադար միտք էր պտտվում թարգմանել կամ հայերեն տեքստ գրել այն երգերի համար, որոնք ինձ հոգեհարազատ են: Այսպես ասած` հայերենով փորձել ներկայացնել արդեն վաղուց սիրված երգը. hիթ, որ շատ սրտամոտ է ինձ եւ իմ սերնդի մարդկանց: Ալլա Պուգաչովայի այս երգն արդեն ունի քավերներ: Ես լսել էի երգչուհի Պալինայի եւ Ցոյի տարբերակները, եւ այդ օրվանից այս երգն անդադար գլխիս մեջ էր: Դե, բոլորին ծանոթ «Позови меня с собой» երգն է»,- պատմել է Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին եւ ավելացրել, որ հայերեն խոսքերը շատ հեշտ եւ արագ է գրել՝ մեկ գիշերվա մեջ.«Կիսաթարգմանություն, կիսաստեղծագործություն է»:
Անահիտ Կիրակոսյանը
Անահիտը միշտ էլ երգել է, ներկայացրել տարբեր կատարումներ, սակայն տեսահոլովակ առաջին անգամ է նկարահանում: Հետաքրքրվել ենք՝ արդյոք որոշել է երգչուհու կարիերա սկսել.«Այո, միշտ երգել եմ, երգն ուղեկցում է ինձ ամբողջ կյանքիս ընթացքում: Առանց երաժշտության եւ երգի չեմ կարող, այն ինձ ապրեցնում է, հույզեր եմ փոխանցում: Բայց երբեք ինձ երգչուհի չեմ համարել եւ այժմ էլ չեմ համարում. ես դերասանուհի եմ, ով փորձում է նոր կերպարներով եւ կատարողական նոր մոտեցմամբ ներկայանալ: Կարծում եմ՝ այս ոճը նույնպես նորություն է եւ կոմերցիա չպարունակող»:
Նա նշել է, որ երգի ձայնագրությունն իրականացրել են իրենց տանը՝ իր փոքրիկ ստուդիայում.«Իմ լավ ընկեր, հնչյունային օպերատոր Հրայր Հովհաննիսյանն է օգնել: Իսկ այ, հոլովակն ամենահետաքրքիր մասն է: Քովիդի ժամանակ վարպետության հեռավար դասեր անցկացրի ուսանողների հետ, ծանոթացա ռեժիսուրայի երկրորդ կուրսի ուսանող Նարեկ Հակոբյանի հետ: Միշտ սիրում եմ էքսպերիմենտներ անել եւ հնարավորություն տալ այսօրվա երիտասարդներին իրենց միտքն իրագործել: Երբ երգը ձայնագրեցի, մտածեցի՝ ինչու ոչ, հոլովակը վստահել նոր քայլեր անող ուսանողին, հետաքրքիր է՝ ինչպես է մտածում ժամանակակից սերունդը, ինչ լուծումներ է առաջարկում եւ այլն: Նարեկն էլ շատ մեծ սիրով համաձայնեց եւ անցավ գործի: Ես, իհարկե, ունեի իմ պատկերացումները, բայց փորձեցի չխանգարել, եւ ստացանք այս «անՏանելի» տեսահոլովակը»:
Նոր տեսահոլովակի նկարահանումներին
Նկարահանումներն իրականացրել են Արմավիրում.«Շատ ցուրտ էր այդ քանդված տարածքում, բայց շատ լավ է անցել: Նարեկն ու իրեն օգնող թիմը սրտացավ էին: Ի դեպ, մոնտաժն ամբողջությամբ վստահել եմ Նարեկի եղբորը՝ 16-ամյա Էդգար Հակոբյանին: Շնորհակալ եմ նրանց: Մի խոսքով՝ այս գործն ամբողջովին նոր, սկսնակ երիտասարդների աշխատանք է: Օպերատորներն Օնիկ Հակոբյանը, Սամվել Հմայակյանն ու Արթուր Սողոմոնյանն են, մոդելը՝ Նինա Պետրոսյանը, իսկ ռեժիսորի օգնականներն են Նարեկ Պետրոսյանն ու Անժել Կյուրեղյանը: Խիստ չդատեք, ցանկացած բնագավառում պետք է միշտ ունենալ առաջին քայլերն անելու հնարավորություն, ես էլ սիրով օգնում ու աջակցում եմ երիտասարդներին, չէ՞ որ կար ժամանակ, երբ ինքս ուսանող էի եւ ունեի դրա կարիքը»:
Անահիտը նշել է նաեւ, որ կախված նոր աշխատանքի արձագանքներից, հնարավոր է՝ շարունակի այլ հոլովակներ էլ նկարահանել.«Ի վերջո ես երգող դերասանուհի եմ, ով միշտ ուզում է նորովի ներկայանալ ու, ինչո՞ւ ոչ, զարմացնել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: