×


«Իմ սերը պայթյունավտանգ էր, ու այդ աղմուկը կխանգարեր». Մարջան Ավետիսյան

«Ֆիլմի առաջարկը ստանալուց հետո որոշել էի, որ այն լինելու է իմ մասնակցությամբ վերջինը: Ուրախ էի, որ դերասանուհու էջը կփակեմ հայրենասեր ու հումանիստ կնոջ կերպարով։ 20 տարի պահանջվեց ինձնից զգալու մասնագիտական այն գերագույն հաճույքը, որ տեւում է րոպեներ, երբ չես խաղում՝ ապրում ես, չես ապրումակցում, չես փորձում նմանվել, դու բացակա ես. կերպարն է ապրեցնում քեզ իր կերպով...»:

Այս խոսքերը դերասանուհի Մարջան Ավետիսյանինն են, ով նկարահանվել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլում, եւ շատերի մեջ ձեւավորվել էր այնպիսի կարծիք, որ Մարջանը լքում է դերասանական աշխարհը։ Նա չէր բացել նաեւ փակագծերը, թե ում կերպարն է մարմնավորել ֆիլմում՝ խոստանալով այդ մասին խոսել ֆիլմի պրեմիերայից հետո։

BRAVO.am-ը հանդիպել է դերասանուհուն ու պարզել՝ իսկապե՞ս հրաժեշտ է տալիս իր մասնագիտությանը.

«Ենթադրում էի, որ սա կլինի վերջին դերը... Մհեր Մկրտչյանի հետ առաջին անգամ էի աշխատում ու շատ մեծ վախեր ունեի. նա չափազանց պահանջկոտ է։ Բայց ես չեմ հիշում՝ ինչպես է սկսվել ու ավարտվել նկարահանումը։ Երբեւէ նման զգացողություն չեմ ապրել։ Դժվար է բառերով ասել, բայց մի բան հստակ գիտեմ՝ իմ կյանքից դուրս մնացին այդ րոպեները. դրանք իր կյանքի րոպեներն էին, որոնք հիմա դժվարությամբ կնկարագրեմ: Իսկ դերի ու կնոջ մասին կխոսեմ ավելի ուշ։ Միայն կարող եմ ասել, որ այդ կնոջ մասին հակասական կարծիքներ կան հանրության շրջանում։ Հուսամ՝ ինչ-որ չափով կարողացել եմ այդ կարծիքները դրականի կողմը տանել։ Համոզված եմ, որ  ապագայում բոլորը կհասկանան՝ այդ կինը դրական կերպար էր»։

Մարջան Ավետիսյանը՝ նոր կերպարում


- Մարջան, բոլորը շտապեցին եզրակացություններ անել, որ Ձեր ամուսինն է արգելում այլեւս խաղալ ու նկարահանվել։ Ավելին՝ ասում են, թե պատրաստվում եք  լքել երկիրը։

- Անկեղծ ասած՝ մենք մեկ տարի է՝ ամեն օր ջանում ենք Հայաստանից մեկնել, ոչ թե որ այստեղ ամեն ինչ շատ վատ է, այլ ուղղակի պիտի մեկնեինք։ Անցյալ տարի եկանք Երեւան՝ ծնողներիս այցելության, հետո պետք է երկարատեւ ճամփորդության մեկնեինք, բաց սկսվեց համավարակն, ու մենք մնացինք այստեղ։ Կյանքիս մեծ մասը  մասնագիտությունս եղել է գերնպատակ, իմ կենսակերպում գոյության համար շատ կարեւոր է եղել, բայց հիմա շատ ավելի կարեւոր են իմ կողակիցն ու ընտանիքը։ Սակայն պետք է նշեմ, որ ինքն ինձնից շատ է շահագրգռված, որ նկարահանվեմ ու միշտ լինեմ այս դաշտում։ Ավելին ասեմ՝ գալուս նպատակներից մեկն էլ այն էր, որ այստեղ գեղարվեստական ֆիլմ էր նկարահանվում, ու ամուսինս որոշեց՝ ես անպայման պետք է մասնակցեմ այդ ֆիլմի քասթինգին։

- Ձեր ամուսինը ծնվել է Թեհրանում, ապրել Եվրոպայում։ Մշակութային առումով տարբեր միջավայրերում եք մեծացել։ Այս ընթացքում արդյո՞ք մշակութային  «բախումներ» ունեցել  եք, թե՞ ընդհանրություններն ավելի շատ են։

- Ապրել ենք տարբեր միջավայրերում, բայց մտածողությամբ շատ նման ենք։ Ես, իր տեսակը ճանաչելով, գիտեմ՝ ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ: Մեր հարաբերություններում ինքը դոմինանտ է, ու ես ոչ թե իր ստվերում եմ, այլ  չափազանց զգույշ եմ: Ինձ միշտ ասում է՝ «քեզնից մի քանի շապիկ ավելի մաշել եմ այս կյանքում ու գիտեմ՝ ինչն ինչից հետո է»։

Իր կողքին ես ավելի համարձակ եմ դարձել։ Ալենն այդքան գերակտիվ մարդ չէ, չի սիրում աղմկոտ տեղեր։ Գերակտիվ է աշխատանքի մեջ՝ նոր ծրագրեր, նոր գաղափարներ, նոր բիզնես նախագծեր եւ այլն։ Իսկ մշակույթի առումով իրեն շատ բաներ այստեղ կարող են զարմացնել, զայրացնել։ Նա մինչեւ 13 տարեկան ապրել է  Իրանում։ Պատմում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին Իրանում թուրքական դեսպանատան դռները, իրենց լեզվով ասած, քարահարում էին։ Եվ իր համար զարմանալի էր այն, որ այստեղ կարող են Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրանալ՝ արեւածաղիկ ուտելով կամ մաստակ ծամելով։ Նա կիրակի օրերը նվիրում է  եկեղեցուն։ Պարտադիր գնում է պատարագի, քանի որ այդ ամենն իր համար կենսական նշանակություն ունի։ Խոստովանում եմ՝ ես մինչ իրեն հանդիպելը եկեղեցի մտնում էի այն ժամանակ, երբ խնդրելու որեւէ բան ունեի։ Հիմա այդպես չէ։

- Ձեզ այդպես էլ հարսի շորով չտեսանք, հնարավո՞ր է՝ ինչ-որ մի օր հագնեք այն։

- Հարսի շորով չլինելը դարձյալ կապված էր աղմուկ չբարձրացնելու հետ։ Ես գիտեի, որ մեծ աղմուկ կլինի։ Այո, ինձ սիրող մարդիկ անհամբեր սպասում  էին, որ լինեմ  երջանիկ։ Բայց իմ սերը պայթյունավտանգ էր, ու այդ աղմուկը կխանգարեր։ Մենք  սահմանափակվեցինք ԶԱԳՍ-ով, բայց ամուսինս մտքեր ունի։ Դարձյալ անաղմուկ, հեռավոր մի ծովափնյա քաղաքում, որտեղ կլինենք ես, ինքը ու քահանան, ով կօրհնի մեր միությունը։ Հնարավոր է՝ լինենք արդեն երեխաների հետ, չգիտեմ (ծիծաղում է, -խմբ.):

Մարջան Ավետիսյանը


- Մի առիթով ասել ես, որ ամաչկոտությունը քեզ բերեց թատրոն։ Հակասական բան կա ասածիդ մեջ՝ ամաչկոտություն, դերասանություն, բեմ...

- Այո, դա այդպես է։ Իմ դասընկերները, որոնք կկարդան այս հարցազրույցը, կփաստեն։ Ես չեմ կարող չքմեղանալ ու ասել՝ շատ լավ աշակերտուհի եմ եղել։ Բարդույթներ ունեի՝ բարձրաձայն խոսելու, գրատախտակի մոտ գնալու, դաս պատմելու։ Մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից զրո էի։ Հայոց լեզվից լավ էի, քանի որ շատ էի սիրում ուսուցչուհուս։ Իսկ գրականությունը սկսեցի սիրել հատկապես քեռուս շնորհիվ։ Մի անգամ քեռիս ասաց.«Այն հայը, որը չի կարդացել Րաֆֆի, հայ լինելու իրավունք չունի»։ Ու իմ կյանքում սկսվեց ուսումն արժեւորելու էտապը։ Եվ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ես կարող եմ ընտրել մի մասնագիտություն, որտեղ ինտելեկտը շատ կարեւոր է։ Իսկ այդ բարդույթները բերեցին թատրոն ու բեմը  դարձավ իմ աշխարհը։ Ենթադրում եմ, որ ես աշխարհին բան ունեի ասելու, դրա համար էլ ընտրեցի այս ուղին։

- Թատրոնի դերասանուհի Մարջանի՞ն ես սիրում, թե՞ կինոյի:

- Կար ժամանակ, երբ ինձ հարցնում էին, թե որտեղ եմ ավելի շատ ինձ տեսնում՝  կինոյո՞ւմ,  թատրոնո՞ւմ, թե՞ հեռուստատեսությունում։ Երբ վարպետս՝ Վահե  Սուրենիչը, Սունդուկյանի անվան թատրոնում էր, ես միանշանակ պնդում էի, որ թատրոնն է իմ աշխարհը։ Ինչպես Սուրենիչն էր ասում՝ կմնամ թատրոնում, կամուսնանամ, կբաժանվեմ, կմիանամ թատրոնին։ Բայց ես թատրոնից հեռացա այն ժամանակ, երբ Սուրենիչն այլեւս Սունդուկյանում չէր։ Եվ  ինձ համար երկրորդ ռեժիսոր թատրոնում չհայտնվեց, որ ես մնայի այնտեղ։

Հետո եկավ մի պահ, որ ուզում էի ապրել բարեկեցիկ կյանքով՝ բնակարան ունենալ Երեւանում։ Իսկ թատրոնի աշխատավարձով դա ուղղակի անհնար էր։ Ես հայտնվեցի  հեռուստատեսությունում՝ «Ֆուլ Հաուս» նախագծում։ Ի դեպ, իմ կերպարը  նախատեսված էր մեկ եթերաշրջանի համար։ Բայց սիրվեց, ավելին՝ ես ինքս ինձ  բացահայտեցի, որ կարող եմ սիթքոմում խաղալ, քանի որ ինձ համար բոլորովին նոր ժանր էր։ Իսկ թատրոնին հրաժեշտ տվեցի, քանի որ հասկացա, որ չեմ կարող երկու տեղում էլ լինել։ Ինչպես զինվորն է ծառայում հայրենիքին, այնպես էլ դերասանը պետք է ծառայի թատրոնին։ Իսկ այս դեպքում ուղղակի հնարավոր չէր։ Այդ տեխնիկա ասվածն իմը չէ. ես դերը վերապրում եմ, մեռնում եմ, ծնվում եմ, քամվում եմ...

- Ստացվել է այնպես, որ ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինոյում ամենաշատը խաղացել ես մոր դերը՝ մայր չլինելով հանդերձ։

- Եթե դերասանը հստակ գիտի՝ ինչ է անելու այդ պահին, այդ գիտակցումը բերելու է ճշմարիտ զգացմունքների արտահայտմանը։ Այո, ես հաճախ եմ խաղում մամայի դեր։ Վերջերս նկարահանվեցի ֆիլմում, որում դարձյալ մոր կերպարում էի։ Բայց այն ինձ շատ դժվար տրվեց. խաղում էի Ապրիլյան պատերազմում զոհված զինվորի մոր կերպարը։ Այդ ժամանակ միայն վախենում էի այն մայրերի համար, ովքեր դահլիճում նստած կնայեին ու կասեին՝ ինչ է խաղում այս աղջիկը, կամ՝ ինչ գիտի դրա մասին։  Բայց հույս ունեի, որ կլինեմ համոզիչ։ Սարսափելի դժվար էր. անցյալ տարի եմ խաղացել ու ասացի՝ տեսնես այս աղետի մասին քանի ֆիլմ պետք է նկարենք, աշխարհին ու հանրությանն ասենք, թե ինչ է մեզ հետ կատարվել։ Այս պատերազմը դեռ չէր եղել։   

Մարջան Ավետիսյանը


- Մեր կյանքը բաժանվեց պատերազմից առաջ եւ հետոյի։ Գրառումներիցդ դատելով՝ դու էլ չես կարողանում վերադառնալ բնականոն կյանքի։ Որտե՞ղ եղավ մեր սխալը։

- Սխալները լինում են ընտրության, գերագնահատելու, աստվածացնելու հարցում։ Ես ոչ մի վայրկյան չեմ հավատացել «Հաղթելու ենք» հեշթեգին, ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխությանը։ Այդ օրերին հաճախ էի ինքս ինձ հարց տալիս՝ ինչու եմ այսքան անհավատ։ Տեսնում էի մարդկանց, ովքեր խանդավառ, ոգեւորված փակում են փողոցները. ուզում էին լավ կյանք։ Բայց այդ ամեն ինչում վախենալու շատ բան կար։ Ինքս ամբոխ ու աղմուկ չսիրող մարդ եմ ու ենթադրում էի, որ դրանք իմ վախերն են, բայց ես ավելի առաջ էի տեսնում։ Տեսնում էի, որ մի օր այդ գոռոցն ուժեղ ռումբի նման ընկնելու է մեր գլխին։ Երկու օր առաջ ընկերուհուս հետ էի խոսում, որի հետ չէի խոսել հեղափոխությունից հետո, նա հիշեցրեց իմ խոսքերը։ Ասել եմ՝ իրենք քայլում են, որ գան Արցախը տան։ Ես դա ասել եմ այն ժամանակ, երբ  խորհրդարանում դեռ Արման Սաղաթելյանը չէր ներկայացրել այն թերթը, որում գրված էր ազգակործանի՝ Արցախի մասին հոդվածը։ Չգիտեմ՝ դա ինչ զգացողություն էր... Իսկ պատերազմից հետո շատ նախագծեր եմ մերժել՝ տրամադրություն չկար ինչ-որ բանով զբաղվելու։ Բայց չեմ մեղադրում իմ գործընկերներին, ովքեր աշխատում են ինչպես բոլորը. մարդիկ, ի վերջո, պետք է ապրեն, թե ոչ։

- Մարջան, հիմա ի՞նչ տրամադրություն  ունես:

- Ճամպրուկային, քանի որ ամուսինս արդեն երկրում չէ, ու ես էլ շուտով կմիանամ նրան։ Բայց ուզում եմ բոլորին հիասթափեցնել. ինչպես ասում են՝ ես եղել եմ, եղում եմ եւ կը եղեմ։ Իմ գործունեության շրջանը չի փակվելու, առավել եւս, երբ դա ուզում է կողակիցս։

Մարջան Ավետիսյանը եւ Արմինե Գեւորգյանը


- Եվ վերջում մի քանի բլից հարց. ինչի՞ց ես վախենում:

- Անպետք լինելուց:

- Թույլ կողմդ:

- Լացկան եմ:

 - Ուժեղ կողմդ:

- Դիմացկուն եմ:

- Ինչի՞ համար ես ամաչում:

- Կուզեմ չամաչել հայ լինելու համար:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին