×


«Գրեմմի»-ում հաղթանակը, «Թումո»-ի դասերը, Բրյունետի հետ նոր երգը․ Արմեն Զաբունյանն ու Արամ Ծերունյանը՝ Երեւանում

«Գրեմմի» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում այս տարի նաեւ հայկական հետք կար։ Doechii-ի «Alligator Bites Never Heal» ալբոմը, որը հաղթեց «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում, իսկական բացահայտում էր ժանրի սիրահարների համար։ Ալբոմի հեղինակների անունների շարքում պրոդյուսեր, բիթմեյքեր Արմեն Զաբունյանի (Peyote Beats) անունն է՝ որպես «Boiled Peanuts» երգի երաժշտության հեղինակ, պրոդյուսեր։ Երաժշտություն ստեղծելու, ներկայացնելու եւ պրոդյուսինգի գաղտնիքներով այս ամառ նա եւ իր գործընկերը՝ պրոդյուսեր Արամ Ծերունյանը, կիսվել են Երեւանի «Թումո» կենտրոնի ուսանողների հետ: BRAVO.am-ը հետեւել է դասերից մեկի ընթացքին եւ հետաքրքիր զրույց ունեցել Արմենի ու Արամի հետ։

«Երազն իրական է»

«Սկզբում երեխաները պատկերացում չունեին՝ ինչի մասին է այս ամենը, բայց երբ տեսան, հասկացան, ավելի մեծացավ հետաքրքրությունը դասերի հանդեպ։ Մտերմացել ենք, կատակներ ենք անում իրար հետ: Այնպես եմ անում, որ շատ հանգիստ լինեն ինձ հետ աշխատելիս, լարվածություն չզգան։ Ուզում եմ, որ տեսնեն՝ իրենք էլ կարող են անել այն, ինչ ես եմ անում ԱՄՆ-ում, եթե աշխատեն ու հաջողության ճիշտ ճանապարհն իմանան։ Երազն իրական է։ Իհարկե, երեք շաբաթը բավարար չէ խորացված գիտելիքների ու փորձառության համար, բայց իրենք կարող են ինձ հետ կապի մեջ լինել. ընկերների պես ենք»,- պատմել է Արմեն Զաբունյանը։


«Ուզում եմ Հայաստան բերել իմ փորձն ու հաջողությունը»

Սա նրա երրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ 2013-ին է այստեղ եղել: Խոստովանում է՝ այս անգամ զգացողություններն այլ են. ավելի է կապվել մարդկանց, հայրենիքին: «Ուզում եմ Հայաստան բերել այն փորձն ու հաջողությունը, որ ունեցա ԱՄՆ-ում, եւ ուսանողներին վստահեցնել՝ հնարավորությունն իրական է: Նրանց տաղանդը կարող է տեսանելի եւ հասանելի լինել ամենուր»,- ասել է Զաբունյանը:

«Ծնողներս ուզում էին, որ հայերեն խոսեմ»

Արմենը ծնվել է Լոս Անջելեսում, մեծացել Փալմ Սփրինգսում։ Հայրը Սիրիայից է, մայրը՝ Լիբանանից: «Հայերի մեջ չեմ մեծացել, հայ ընկերներ չունեի, բայց պապաս ու մամաս ուզում էին, որ հայերեն խոսեմ, եւ շատ ուրախ եմ հայերեն խոսելուս համար։ Իսկ երբ 5-6 տարեկանում սկսեցի դաշնամուր նվագել, ծնողներս համոզում էին, որ Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի գործերը նվագեմ»,- հիշել է նա։

Պրոդյուսինգի ճանապարհը սկսել է երաժշտական գործիքներ նվագել սովորելով՝ դաշնամուր, կիթառ, հետո՝ ռոք բենդ, իսկ համալսարանում մարքեթինգ է ուսանել: Այդ ընթացքում հասկացել է, որ ռեփը, փոփը եւ թվային երաժշտությունն ավելի մեծ հաջողություններ ունեն, եւ որոշել է հենց այդ ժանրերում պրոդյուսինգով զբաղվել՝ կիրառելով մարքեթինգային ու երաժշտական գիտելիքները։ Աստիճանաբար սկսել է համագործակցության եւ հետաքրքիր նախագծերի առաջարկներ ստանալ տարբեր արտիստներից ու լեյբլներից:

Պրոդյուսեր, բիթմեյքեր Արմեն Զաբունյանը (Peyote Beats)


«Գրեմմի»-ում հաջողությունն ու Doechii-ի հետ աշխատանքը

«Doechii-ի հետ համագործակցությունս նույնպես մարքեթինգային գիտելիքներիս շնորհիվ էր։ Նախկինում աշխատել էի իրենց լեյբլից մի արտիստի հետ, ու քանի որ կապը կար, մի օր նամակներիս մեջ մի հաղորդագրություն գտա. առաջարկում էին կրկին աշխատել միասին։ Ինձ ասացին, որ Doechii-ն իր նոր ալբոմի վրա է աշխատում, եւ իրենց բիթ է պետք մի երգի համար։ Ես դա արեցի երկու ժամում եւ ուղարկեցի. արդեն սիրել էին իմ երաժշտությունը։ Անկեղծ ասած՝ ամենադյուրին գործն էր, որ երբեւէ արել էի, ու ամենահաջողվածն էր փաստորեն։ Երգեր կան, որոնք ստեղծելիս տասը ժամ նստում ենք, երկար աշխատում ու մտածում. «Վա՜ու, սա ամենալավն է»։ Ի վերջո, երկու ժամում գործ ենք ստեղծում, ու հենց դա են ուզում»,- կեսկատակ նկատել է Արմեն Զաբունյանը։

Նա հիշում է, որ նախորդ տարվա նոյեմբերին աշխատանքային այցով Ճապոնիայում էր, երբ հանկարծ գիշերվա ժամը 4:00-ին սկսեց ծանուցումներ ստանալ, որ ալբոմն առաջադրվել է Գրեմմիի: «Իսկապես խենթանալիք էր այն ամբողջ աշխատանքը, որ արվեց Doechii-ի ալբոմի համար՝ սկսած երգերից մինչեւ մարքեթինգ ու սթայլինգ։ Պատմական մի բան էր։ Միշտ ասել եմ, որ կուզեի ժամանակ ու թրենդներ չճանաչող նախագծերի վրա աշխատել, որ պատմական նշանակություն ունենան, միշտ հիշվեն։ Աստված ինձ լավ նայեց, ու ես հիմա ունեմ այդպիսի նախագիծ»,- անկեղծացել է պրոդյուսերը։


Նա ասել է, որ այժմ շարունակում է աշխատանքը Top Dawg Entertainment (TDE) լեյբլի հետ, որի կազմում բազմաթիվ հայտնի անուններ կան՝ SZA, ScHoolboy Q, Jay Rock, Doechii, Ab-Soul, Isaiah Rashad, Lance Skiiiwalker, SiR, Zacari, Ray Vaughn, Kal Banx, Alemeda, Devin Malik: Արմենի խոսքով՝ ազատ է ներկայանալ իր մտքերով, գործերով, եւ ցանկացած պահի կարող են իրեն դիմել նոր առաջարկներով։

Բրյունետի հետ նոր երգն ու հայ արտիստներին աջակցելու նպատակը

Զաբունյանն ասել է, որ երազում է հաճախ վերադառնալ Հայաստան եւ աջակցել երիտասարդ ստեղծագործողներին ամենամեծ արտիստների հետ աշխատելու ճանապարհներ գտնելու հարցում. «Ուզում եմ՝ լավ արտիստները միայն երաժշտությամբ զբաղվեն ու հենց այդ գործով գումար վաստակեն, կարիք չունենան այլ գործերով զբաղվելու։ Այստեղ շատ տաղանդավոր մարդիկ կան, խենթանալիք է։ Ուզում եմ՝ աշխարհը տեսնի այս տաղանդներին։ Եթե իմ այստեղ գտնվելն օգնի, որ մեր մշակույթը տեսանելի դառնա աշխարհին, ես երջանիկ կլինեմ»։

Արմեն Զաբունյանը եւ Արամ Ծերունյանը


Նա նաեւ պատմել է, որ այս ընթացքում հասցրել է աշխատել Բրյունետի հետ։ Միասին նոր երգ են ստեղծել, եւ սպասում է դրա թողարկմանը. «Ինձ համար Բրյունետը ժամանակակից ամենահետաքրքիր արտիստներից է, ու մեծ շանս ունի, որ ամերիկացիներն էլ իրեն կսիրեն։ Բրյունետն օրինակ է, թե ինչպես հայ արտիստը կարող է երգ ստեղծել, որ աշխարհը լսի, ճանաչի, սիրի։ Հույս ունեմ՝ կստացվի այլ արտիստների հետ էլ այստեղ աշխատել, ու կկարողանամ օգնել նրանց, որ դուրս գան միջազգային ասպարեզ»։

Արամ Ծերունյանի առաջարկը Զաբունյանին

Արմեն Զաբունյանի հետ Հայաստան է եկել նրա գործընկերը՝ Արամ Ծերունյանը (Mickey)։ Նրանք ծանոթացել են հինգ տարի առաջ՝ ԱՄՆ-ում։ Արամն այնտեղ իր լեյբլը (Treacherous records) եւ ձայնագրման ստուդիան (Mintroom Studios) ունի: Մասնագիտությամբ երաժիշտ չէ, բայց սիրում է տաղանդների բացահայտել, տեսնել հայտնի արտիստների զարգացման ճանապարհն ամենասկզբից։ Այդպես է եղել, օրինակ, Քենդրիկ Լամարի դեպքում, որի հետ աշխատել է դեռ 2010 թվականից։ Ասում է՝ դա կարծես կինո լինի, երբ արտիստին ճանաչում ես այնտեղից, որտեղից նա գալիս է, ոչ թե միանում ես ճանապարհի կեսից։

Պրոդյուսեր Արամ Ծերունյանը


Երբ եկել է Երեւան ու շրջել «Թումո»-ում, իրեն հարցրել են՝ գիտի այնպիսի մեկին, որին կարելի է հրավիրել այստեղ դասեր անցկացնելու։ Արամն էլ հիշել է Արմենին, որը վերջերս է «Գրեմմի»-ում հաջողություն ունեցել։ Առաջարկել է նրան, ու միասին ծրագրել են իրենց երեւանյան այցը։


«Թումո»-ում էլ ուզում է երեխաներին վստահություն ներշնչել, որ վախեր չունենան, հավատան իրենց երազանքին: «Ավելի շատ պետք է վախենալ չփորձելուց, քան թե նրանից, թե ինչ կասեն մարդիկ, եթե սկսես անել։ Ինչ էլ անես, մարդիկ մի բան ասելու են, բայց դա չպիտի խանգարի»,- ընդգծել է Արամը։


Ամփոփումը՝ համերգով

Արմեն Զաբունյանի եւ Արամ Ծերունյանի համատեղ դասերի ամփոփումն իրականացրել են ուսանողների համերգով: «Թումո» կենտրոնում նրանց հետ հանդես է եկել նաեւ Տիգրան Սուչյանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW