×


Անուշիկ Ալավերդյան. «Ես եւ ամուսինս ազատ օր չենք կարողանում գտնել ու մեկնել հանգստի»

Անուշիկ Ալավերդյանի հետ վերապրել ենք ամառային ամենաջերմ պահերը, ջեռոցում ձուկ պատրաստել, լողավազան այցելել, լսել երգչուհու առաջին ձայնասկավառակի երգերն ու հիշել Ազնավուրին:

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:

- Միշտ շատ եմ սիրել՝ հատկապես լողավազանում երկար ժամանակ անցկացնելու հնարավորության համար: Այս տարի շատ քիչ եմ հասցնում լինել լողավազանում, այդ պատճառով ամառը տանել չեմ կարողանում (ծիծաղում է,-հեղ.): Երբ ջրի մեջ չես, անտանելի շոգ է լինում, դրա համար այս տարի տառապում եմ ու հասկացա, որ ամառն արդեն չեմ սիրում (ծիծաղում է,-հեղ.):

- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։

- Բացօթյա երեկույթների սիրահար եմ, եւ ընկերներիս հետ հաճախ ենք հավաքվում: Նաեւ արտերկրում բնակվող բարեկամներն ու ընկերներն են վերադառնում հայրենիք՝ հանգստանալու, ինչը միայն ամռանն է լինում: 

Անուշիկ Ալավերդյանը


- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:

- Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես է ստացվում, որ հիմնականում ամբողջ աշխատանքը կուտակվում է  ու հենց ամռանն է պետք անել: Նաեւ դա է պատճառը, որ արդեն մի քանի տարի է՝ ես ու ամուսինս գոնե 7 ազատ օր չենք կարողանում գտնել ու մեկնել հանգստի: Այս ամառն էլ բացառություն չէր:

- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը: 

- Շատ հեռու չգնամ՝ մի քանի տարի առաջ՝ հունիսին, ընկերներով մեկնեցինք Կիպրոս: Ամռան սկիզբն էր: Բացումն արեցինք ու անցանք աշխատանքի:

- Արդյոք ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք:

- Ճամբարի տարիներին է եղել: 13 տարեկանում սիրահարվեցի մի տղայի, ու դա տեւեց մոտ 3-4 տարի: Բայց նրան տեսել էի միայն ճամբարում, իսկ դրանից հետո կապ չենք պահպանել: Ամառային սիրավեպի միակ դեպն է: Այն տարիներին ճամբարներում լինել շատ էի սիրում: 

- Եթե Ձեր ամուսնու հետ հայտնվեք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կտանեք Ձեզ հետ:

- Երեխաներին (ծիծաղում է,-հեղ.):

- Հետաքրքիր ի՞նչ ամառային արկած կցանկանաք ունենալ: 

- Ամուսնուս հետ ճամփորդել Աֆրիկայում կամ նման տարբերվող այլ վայրերում, որտեղ նախկինում չենք եղել: 

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը:

- Երեկոյան շատ սիրուն, հանգիստ ու բացօթյա վայրում, կարող է նաեւ սրճարան լինել, պարզապես գինի խմենք ու լավ երաժշտություն լսենք:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


- Որո՞նք են ամռանը սիրելիի հետ նախընտրելի հետաքրքիր զբաղմունքները:

- Ընկերների հետ երեկույթները, որոնց միշտ անհամբեր ենք սպասում ու հաճախ կազմակերպում:

- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:

- Առավոտից մինչեւ ուշ երեկո բակում տարբեր խաղերով էինք տարված:

- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:

- Բակային խաղերն ու ճամբարները, որոնք շատ հետաքրքիր էին անցում: Հիմա էլ այդ բոլոր խաղերը հիշում եմ:  

- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը: 

-Թողարկել եմ իմ առաջին ձայնասկավառակը:

- Ամառային սիրելի ուտելիքները: 

- Ձվով տապակած կանաչեղեն:

- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:

- Լավ բաներ եմ կարողանում պատրաստել: Օրինակ՝ այսօր ջեռոցում ձուկ եմ պատրաստելու: Շատ եմ սիրում խոհանոցում ժամանակ անցկացնել, փորձում եմ համացանցից հետաքրքիր բաներ պեղել ու փորձել:

- Զովանալու տարբերակներ:

- Օդորակիչ (ծիծաղում է,-հեղ.):

- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:

- Սերիալներ քիչ եմ դիտում: Կան ֆիլմեր, որոնց միշտ հաճույքով եմ վերադառնում: Հիմնականում մելոդրամաներ ու կատակերգություններ եմ սիրում: 

- Լավագույն գրքերը:

- Մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ կարդացել եմ Շառլ Ազնավուրի ինքնակենսագրությունն ու նրա հետ ապրել իր ողջ ստեղծագործական ճանապարհը: Ովքեր դեռ ծանոթ չեն գրքին, խորհուրդ կտամ անպայման կարդալ:

Անուշիկ Ալավերդյանը


- Հայաստանում ամռանն այցելելու վայրեր:

- Հատկապես՝ Լոռին ու այն սիրուն վայրերը, որտեղ կարող են վայելել լավ բնությունը:

- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:

- Փորձում եմ ավելի թեթեւ սնվել, որպեսզի շոգի հետ մեկտեղ շատ ծանր չզգամ ինձ: Այս տարի դեռ չեմ հասցրել մարզասրահ գնալ, բայց աշնանն անպայման սկսելու եմ մարզվել: 

- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:

- Ամեն ինչ շատ գունավոր է, եւ երեկոներն ուրախ են անցնում: Փողոցներն ու սրճարանները լիքն են, ամեն քայլափոխի ծանոթի ես հանդիպում, շփվում հետը, ինչը միայն ամռանն է լինում: Ու հենց դրա համար էլ տարվա այս եղանակը սիրում եմ: 

- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:

- Երբ շատ տոթ չէ: 

- Արդյո՞ք երգչի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:

- Համերգային շրջագայությունների ընթացքում ելույթներից հետո հնարավոր է նաեւ փոքր-ինչ հանգստանալ: Բայց հաճախ նույնիսկ մի քանի ազատ օր երաժիշտները չեն կարողանում գտնել, որ մեկնեն հանգստի:

Անուշիկ Ալավերդյանը եւ եղբոր դուստրը՝ Էլեն Ալավերդյանը


- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:

- Չեմ պլանավորում ընդհանրապես (ծիծաղում է,-հեղ.):

- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս ընթացքում:

- Արեւայրուք ընդունել:

- Ինչի՞ բույրն առնել:

- Կանաչ ծառերի: 

- Ի՞նչ շոշափել:

- Դաշտային ծաղիկները, որոնք շուտով էլ չեն լինելու:

- Ի՞նչ դիտել:

- Գեղեցիկ բնապատկերներ:

- Որտե՞ղ լինել:

- Լոռիում:

Անուշիկ Ալավերդյանը՝ երեխաների հետ


- Ո՞ւմ գրկել պարտադիր:

- Երեխաներին:

- Ի՞նչ սովորել:

- Լսել:

- Լսել:

- Խորհուրդ եմ տալիս լսել իմ նոր ձայնասկավառակը: Հաստատ չեն փոշմանի:

- Ի՞նչ չթաքցնել:

- Հույզերը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարդացեք նաեւ.  «Մանրատերեւ». Անուշիկ Ալավերդյանը թողարկել է 10 տարի սպասված օրորոցայինների ձայնասկավառակը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW