Ցոփ ու շվայտ կյանք վարող հարուստ ընտանիք, որը ստիպված տեղափոխվում է գյուղում բնակվելու՝ այսպես է սկսվում ռեժիսոր Գեւորգ Ենոքյանի «Օպերացիա Հովաշեն» սիթքոմը, որը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի հոկտեմբերից։ Այս օրերին ընթացող նկարահանումներին հետեւել է BRAVO.am-ը:
«Նախագիծը հումորային է, թեթեւ, բայց նաեւ որոշակիորեն ուսուցողական է։ «Мажоры на мели» կատակերգությունը փորձել ենք ադապտացնել հայկական իրականությանը։ Հայրը երեսառած երեխաներին իր ձեւով է որոշում դաստիարակել: Այս սիթքոմում սիրված դերասանները նորովի կներկայանան»,- նշել է պրոդյուսեր Վահան Թովմասյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը դիտողին առօրյա խնդիրներից մի փոքր կտրելն է։
Ընտանիքի հոր՝ Կառլենի, դերում Ալբերտ Սաֆարյանն է, որի համար անսովոր իրավիճակ է ներկայացված սիթքոմում. «Առաջին անգամ եմ նման դերում: Փորձում եմ հետաքրքիր բան ստանալ։ Կերպարս երեք կնոջից երեք երեխա ունի: Ինչպես Հրանտ Թոխատյանն է ժամանակին ասել՝ ամեն երեխա պետք է իր սեփական մայրն ունենա, եւ ահա ես այդ կարգավիճակում եմ այս նախագծում։ Հայրը թերացել է երեխաների դաստիարակության հարցում, եւ հիմա փորձում է ընտանիքին խելքի բերել: Հուսամ՝ հեռուստադիտողը սիրով կհետեւի զարգացումներին»։
Մոր դերում Էվա Խաչատրյանն է: Նա մարմնավորում է տաքարյուն, էքսցենտրիկ կնոջ, որը հավատում է էներգիաներին, հոգիներին եւ միստիկ ուժերին։
«Իբրեւ յոգայով է զբաղվում: Վստահ է, որ իր հետ կատարվողը մտքերի հետեւանք է։ Ի տարբերություն երեխաների՝ Մարգոն գիտի, թե որն է վատ կյանքը, եւ լավ կյանքը կորցնելուց հետո սթրես է ապրում»,- պատմել է դերասանուհին՝ հավելելով, որ ինքը նույնպես հավատում մարդկանց լավ ու վատ էներգիային, բայց նաեւ՝ Աստծուն։
Դերասանները խոստովանում են՝ նկարահանումների ընթացքը հագեցած է զավեշտալի դեպքերով եւ ծիծաղով։ Անսպասելի եւ «միստիկ» իրավիճակները «Օպերացիա Հովաշեն» նախագծին ուղեկցում են ոչ միայն սցենարով. որդիներից մեկի կերպարում հանդես եկող Վահե Բեգլարյանը (Բոնի) հասցրել է կոտրել ոտնաթաթը եւ այդպես շարունակում է նկարահանվել։
Մյուս որդու դերում Հայկ Հովհաննիսյանն է, որի կերպարի առաջ արժեքների վերանայման խնդիր է դրված. «Աղջիկներին շատ սիրող տղա է Զավենը, եւ նրա կարծիքով՝ բոլոր աղջիկները փողի գերի են: Գյուղում սիրահարվում է, եւ սկսվում է երկու աշխարհների բախումը»։
Դստեր դերում Լիլիթ Թոխատյանն է: Նշում է՝ նկարահանվելու առաջարկն իր համար անսպասելի է եղել. «Շատերին վաղուց ճանաչում եմ, բայց միասին չէինք աշխատել։ Հարուստ աղջկա կերպարում եմ, որը դժվարությունների է բախվել. վերջապես պետք է սկսի աշխատել, բայց չի ուզում, քանի որ ամբողջ կյանքում բոլորը ծառայել են իրեն։ Շատ լավ ասելիքով նախագիծ է։ Շատերը չեն պատկերացնում, որ ես մեծացել եմ ու կարող եմ նման դերով հանդես գալ։ Դերս շատ ուրիշ է, կերպարս մուննաթով է խոսում բոլորի հետ, իսկ ես սովոր չեմ դրան։ Միշտ բարի, համեստ ու լավ աղջկա դեր եմ տարել, հիմա իմ մյուս կողմը կբացահայտվի»: Լիլիթը կատակեց, որ հուսով է՝ հեռուստադիտողը չի ատի իրեն։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: