×


«Իմ նախագիծը կյանքը սիրելու ու պայքարի մասին է». Մարիամ Մուղդուսյան

Քաղցկեղը մահացության ամենաբարձր ցուցանիշով հիվանդություններից է աշխարհում: 2020 թվականի ընթացքում հիվանդության տեսակներից ամենատարածվածը եղել է կրծքագեղձի քաղցկեղը՝ շուրջ 2,26 մլն դեպք: Քաղցկեղի այս տեսակը մեծապես հանդիպում է կանանց շրջանում եւ դրա բուժումը հաճախ ընթանում է կրծքի վիրահատական հեռացմամբ:

Այս զգայուն թեմային իր կտավներում անդրադարձել է գեղանկարչուհի Մարիամ Մուղդուսյանը, որի «Ես եմ. Փյունիկ» խորագրով դիմանկարների շարքը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է. կտավներում կանայք են, որ հաղթահարել են կրծքագեղձի քաղցկեղը կամ դեռեւս պայքարում են դրա դեմ:

BRAVO.am-ը Մարիամ Մուղդուսյանի հետ զրուցել է նախագծի ընթացքի մասին՝ սկսած գաղափարի ծնունդից մինչեւ իրագործում:

- Շատ նուրբ թեմա եք ընտրել գեղանկարչական նախագծի համար: Ինչպե՞ս տրվեց որոշումը:

- Կրծքագեղձի քաղցկեղի թեման, կարծում եմ, արվեստի մեջ քիչ խոսված, բայց եւ շատ կանանց վրա մեծ ազդեցություն ունեցող թեմաներից մեկն է: Քաղցկեղն առհասարակ բոլորիս մեջ վախ է առաջացնում, վատ էմոցիաներ փոխանցում: Թեման շատ զգայուն է ու կարեւոր թե՛ հանրությանը տեղեկացնելու, զգոնության կոչ անելու տեսանկյունից, եւ թե՛ ներկայացնելու այն մարդկանց, որոնք անտեսանելի են՝ կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կանայք՝ կանացիությանն առնչվող իրենց խնդիրներով: Ստեղծագործական ինչ-որ մի փուլում ինձ համար այս թեմայի բարձրաձայնումը դարձավ կարեւոր: Իսկ առիթը եղել է իմ անձնական փորձառությունը, որը թեեւ կրծքագեղձի քաղցկեղ չէր, բայց քաղցկեղ բառը լսելն ինձ ցայտնոտի մեջ էր գցել: Փա՛ռք Աստծո, հիմա լիովին առողջ կյանքով եմ ապրում:

Մարիամ Մուղդուսյանը՝ «Ես եմ. Փյունիկ» ցուցահանդեսի բացմանը


- Ինչպե՞ս սկսեցիք փնտրել Ձեր հերոսուհիներին: Հե՞շտ էր արդյոք գտնել հիվանդությունն ունեցող այնպիսի կանանց, որոնք կցանկանային նախագծի մաս կազմել:

- Նախագիծը սկսեցի 2019 թվականին: Սկզբում հանդիպեցի իմ շատ լավ ընկեր, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին եւ խորհրդակցեցի նրա հետ: Կանանց գտնելը խնդիր էր, որովհետեւ, բնականաբար, դրանք անձնական տվյալներ էին, ու ոչ ոք մեզ չէր փոխանցի:

Մինչ մտածում էինք՝ ինչպես կարելի է գտնել հերոսուհիներին, պարզվեց, որ իմ շրջապատում նրանք այնքան շատ են ու պատրաստ պատմել իրենց խնդիրների մասին: Սկզբում ուղղակի հարցրի շրջապատումս, իմացա, որ մայրիկիս ընկերուհիներից մեկը՝ իմ մանկության ամենավառ կերպարներից, եւս հաղթահարել է հիվանդությունը:

Բնորդուհիներից մեկին շատ պատահական հանդիպեցի խնջույքի ժամանակ: Երբ պատմում էի գաղափարի մասին, շրջվեց ու ասաց. «Ահա ես, նկարի՛ր ինձ»: Շատ զարմացած էի իր համարձակությունից:

Սկզբում իրեն նկարեցի, հետո ծանոթներից մեկ ուրիշին: Ավելի ուշ նախագծի մասին ինձնից հարցազրույց վերցրին ու դրա արդյունքում մեկ այլ կին գրեց ինձ, որ նկարեմ իր պատմությունը նույնպես, եւ այդպես շղթայական ռեակցիայի պես շարունակվեց:

Շուրջ 20 կնոջ եմ հանդիպել, նկարել եմ նրանցից 12-ին: Ցուցադրել ենք 8-ը, որովհետեւ մյուսների աշխատանքները կիսատ են մնացել. նրանք չեն հաղթահարել հիվանդությունը: Այս իմաստով շատ ծանր նախագիծ է եղել:

Ես նաեւ հասկացել եմ, որ քաղցկեղի պարագայում այն շուտ հայտնաբերելու դեպքում կարելի է հետո անգամ մոռանալ քաղցկեղի գոյության մասին: Այս իմաստով սքրինինգային հետազոտությունը կյանքեր է փրկում: Եթե չեն հետազոտվում, ժամանակին չեն արձագանքում իրենց ցավերին, վիրահատությունից հետո հետեւողական չեն լինում կամ հրաժարվում են հիվանդությունն ընդունել, ցավոք, ելքը մահվամբ է լինում:

Կանայք, ում ես հանդիպել եմ, անհավանական մարդիկ են, հրաշքներ են պատմում: Իմ հիվանդության պարագայում թեեւ խնդիրը մեծ չէր, ես շատ խոր սթրես եմ ապրել, ինձ թվում էր՝ վերջ, աշխարհը վերացավ, հետո տեսա կանանց, որոնք կանգնում ասում են.«Ես չե՛մ մեռնելու, վե՛րջ, դու չե՛ս կարող ինձ հաղթել»:

Իմ կերպարներում կա 82 տարեկան կին, որը 37 տարի առաջ է հաղթահարել հիվանդությունն ու ապրում է լիարժեք կյանքով, մոռացել է հիվանդության մասին: Այս օրինակներն է, որ պետք է ցույց տալ: Մենք հաճախ քաղցկեղին այնքան վատ ենք վերաբերվում, որ չենք հասկանում՝ հիվանդություն է, կարելի է հաղթահարել ու շարունակել ապրել:

«Ես եմ. Փյունիկ», գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյան


- Հետաքրքրական է, թե ի՞նչ էին պատմում կանայք, երբ նկարում էիք իրենց: Ինչի՞ շուրջ էին զրույցները:

- Բոլորի հետ զրույցներում կարմիր թելի պես անցնում էր այն թեման, թե ինչքանով է տուժել իրենց կանացիությունը, իրենք ինչքանով են շարունակում իրենց կին համարել վիրահատությունից հետո:

Մեր զրույցները չեն ծավալվել սոսկ հիվանդության շուրջ, դա եղել է հպանցիկ թեմա: Խոսել ենք հնարավոր ամեն ինչից, եղել է երկու կնոջ միջեւ զրույց, որի ընթացքում ինձ պետք է այնքան վստահեին, որ իմ միջոցով իրենց մարմինը ներկայացնեն, աշխարհին ներկայանան իրենց մարմնով ու պատմությամբ: Կանայք պատմել են իրենց փորձառության, տխուր եւ ուրախ օրերի մասին, հաղթանակների մասին:

Ինձ համար որպես ստեղծագործողի՝ նախագիծը մեծ մարտահրավեր էր: Ես սովորական մարդ եմ ու երբեմն չեմ կարողացել ավարտել նկարը, չեմ կարողացել հաղթահարել քաղցկեղի վիզուալ պատկերը: Խիստ անձնական, ներքին զգացումներ են, երբ որ վերացարկվում ես ինքդ քեզնից եւ ուրիշի՝ քո դիմաց նստած կնոջ վիճակը նաեւ քոնն է դառնում, կորչում է «ես»-ի սահմանը:

- Նախագիծն իրականացնելիս հիվանդությունն ընդունելու, անդամահատված մարմինն ընդունելու ինչպիսի՞ դժվարություններ նկատեցիք հերոսուհիների մեջ:

- Կուրծքը շատ կանացի օրգան է, կին զգալու առաջին սիմվոլներից է: Մեդիայում, արվեստում կնոջ կուրծքը ֆետիշացվել է: Դա, իհարկե, պայմանավորված է բնական տարբերությամբ, բայցեւայնպես, կնոջը նայող տղամարդու հայացքն է, մինչդեռ ես կնոջը նայել եմ կնոջ դիրքերից:

Փորձել եմ հայելի լինել այն կանանց համար, որոնք անտեսանելի են, քանի որ չեն տեղավորվում գեղեցկության ընդունված չափանիշների մեջ: Իրենք իրենց դժվար են ընկալում վիրահատությունից հետո: Ճիշտ է՝ հիմա կան միջոցներ, որոնցով կարելի է վերականգնել կուրծքը, բայց կան կանայք, որոնք չեն անում դա՝ վախենալով նորից վիրահատության ենթարկվել կամ այլ պատճառներով: Շատերը չեն կարողանում ընդունել իրենց մարմինը:

Նախագծում ընդգրկվել են կանայք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հայ կանանց մեծ մասը, հիմնականում ավելի ավագ սերնդի, իրենք իրենց մեկուսացրել են: Սա, իհարկե, նաեւ հասարակական ընկալումների հետեւանք է:

Իմ հայ հերոսուհիների մեծամասնությունը վիրահատությունից հետո այլեւս սեռական կյանքով չի ապրել. այդ ֆիզիկական խնդիրը ո՛չ իրենք են կարողացել հաղթահարել, ո՛չ իրենց զուգընկերները: Եղել են ամուսնալուծություններ:  

Հերոսուհիներիս շարքում օտարազգի մի կին կա, որ երկրորդ բալիկին վիրահատությունից հետո է ունեցել, ռինոպլաստիկա էլ չի արել: Ընկալումների տարբերություն կա. օտարազգի կանայք իրենց ավելի հեշտ են ընդունում այնպիսին, ինչպիսին կան: Ես Հայաստանում մի կնոջ գիտեի, որ մահացել է, որովհետեւ չի ցանկացել, որ կուրծքը հեռացնեն: Առանց դրա ինքն իրեն չի ընկալել, մերժել է, իսկ հետեւանքը՝ մահ: Բայց իմ նախագիծը կյանքի մասին է, կյանքը սիրելու ու պայքարի մասին է:

«Ես եմ. Փյունիկ», գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյան


- Այս թեմային Ձեր անդրադարձը նաեւ քննադատությունների տեղիք է տվել: Դրանք հիմնավոր համարու՞մ եք:

- Կուզեի ընդգծել՝ գոնե հայաստանյան իրավիճակում արվեստագետների ճնշող մեծամասնությունը վերարտադրում է արդեն եղած չափանիշները, այսինքն՝ արդեն եղած դիսկուրսը նորից է տանում: Մենք ունենք հրաշալի նկարիչներ, սակայն նրանցից շատերի մտածողությունը հաճախ ինձ համար հասկանալի չէ:

Կարծում եմ, որ արվեստը կարող է նաեւ անդրադառնալ սոցիալ-հասարակական խնդիրներին, ինչո՞ւ ոչ: Ես նկարիչ եմ, իմ միտքը զբաղեցնում է այս թեման, իմ գործիքը նկարելն է եւ ես պետք է նկարելով այդ մասին խոսեմ: Արդյոք արվեստը միայն շատ ընկալելի ու շատ սիրուն բաների մասի՞ն պետք է լինի: Արժե՞ խոսել այս թեմաների մասին, եթե այո, ապա ինչո՞ւ, եթե ոչ՝ ինչո՞ւ: Սրանք արվեստային քննարկումներ են, որոնք ինձ համար շատ հետաքրքիր ստեղծագործական մարտահրավեր դարձան:

Այո՛, եղան նաեւ դիտարկումներ, որ նախագիծն էթիկապես ճիշտ չէ, սխալ է թեման նման կերպ ներկայացնելը, շեղված է ընդունված չափանիշներից: Նաեւ հենց այս շեղումների մասին է նախագծի հարցադրումը: Ոչ ոքի ընտրությունը չէ այս հիվանդությունը: Եթե այս կանայք կան, մենք չենք կարող խուսափել ու անտեսել: Իմ կարծիքով՝ չես կարող անցնել խնդիրների կողքով, պետք է խոսես:

Քննադատողները հիմնականում տղամարդիկ էին, ասում էին՝ առանց այն էլ խեղված մարդկանց ավելի եմ խեղում: Բայց դուք հարցրե՞լ եք այդ կանանց՝ իրենք խեղվա՞ծ են, թե՞ չէ: Ձեր շուրջը նայեք, փողոցով քայլելիս մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք այդ խնդիրն ունեն, բայց դրանից իրենք չեն դադարում կին լինել: Ասում են՝  էթիկապես ճիշտ չէ, բայց էթիկան ո՞րն է:

Մենք նրանց չենք հարցրել՝ դուք ի՞նչ եք զգում, իրենք այս նկարներով եկել են, որ ասեն.«Մենք կանք, մենք էլ այսպիսին եք ու մենք քիչ չենք, մենք շատ-շատ ենք»:

Նախագիծը հաղթած կանանց մասին է, որ ասել են՝ «Նկարի՛ր ինձ, իմ խոսքը տեղ հասցրու, ես խեղված չեմ, մի՛ ձեւավորեք խարան իմ նկատմամբ ու պետք չէ ինձ այլ կերպ նայել, որովհետեւ ես քաղցկեղ ունեմ կամ ունեցել եմ: Ես կամ ու ապրում եմ»:
Իմ նպատակներից մեկն այն է եղել, որ այս հարցերը բարձրացնեմ, այնպես որ, ուրախ եմ քննադատությունների համար:

«Ես եմ. Փյունիկ» ցուցահանդեսին


- Վերջերս Նկարիչների միությունում տեղի ունեցած նախագծի ցուցադրության ժամանակ ուշադրություն էր գրավում դատարկ կտավը: Կմեկնաբանե՞ք՝ որն է դրա խորհուրդը:

- Դատարկ կտավն ունի խորհրդանիշ: Այնտեղ պատկերված են այն բոլոր կանայք, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղ, պատրաստ են անցնել այդ ճանապարհն ու հաղթահարում են հիվանդությունը: Դատարկ կտավում կարելի է տեսնել բոլոր- բոլոր այն կանանց, որ տառապել ու տառապում են այս խնդրից, եւ նրանք բոլորն անպայմանորեն հաղթել են, հաղթելու են: Կյանքի ու մահվան այս շատ նուրբ եզրագծով գնալիս նրանք պիտի մտածեն՝ իրենց դիմանկարը պետք է հայտնվի դատարկ կտավի տեղում՝ որպես փյունիկների:

- Ինչպե՞ս ընտրեցիք ցուցահանդեսի խորագիրը՝ «Ես եմ. Փյունիկ»:

- Փյունիկ առասպելական թռչունը կա աշխարհի գրեթե բոլոր, հատկապես հետագայում քրիստոնեական ժառանգություն ձեւավորած երկրների առասպելաբանության մեջ: Այն մոխիրներից հարություն առնող թռչուն է:

Երբ մարդն իմանում է ծայրահեղ դաժան, դատավճռի նմանվող այս հիվանդության մասին, որոշակիորեն մահ է ապրում: Այդ պահին կարող ես լսել սրտիդ զարկերն ավելի ուժգին, քան երբեւէ, շուրջդ ամեն ինչ կանգ է առնում, չես լսում մեքենաների ձայնը, չես տեսնում խանութների ցուցանակները, վերացարկվում ես առօրյա կյանքից: Առաջին պահին շատ ես մտածում մահվան մասին, հետո մեջդ ուժ ես գտնում բարձրանալու այդ մոխիրներից, եւ կյանքի ու մահվան այդ եզրագծին հաջորդում է ապրելու կամքը: Այստեղ է, որ փյունիկը հառնում է մոխիրներից, հետո հոգեբանական այդ վիճակը փոխանցվում է քո մարմնին, եւ մարմինդ հաղթում է հիվանդությունը:

Նախագծում ընդգրկված բոլոր հերոսուհիները մոխիրներից հառնած, հաղթած ու նորից թռչող կանայք են, որ անկոտրելի են:

«Ես եմ. Փյունիկ», գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյան


- Բավականին բարդ էր նաեւ թեմայի ներկայացումն արվեստի տեսանկյունից: Ինչպե՞ս էիք գտնում հերոսուհիների պատմությունը ներկայացնելու լուծումները:

- Պետք է այնպես նկարես, որ կնոջը չդնես վատ դրության մեջ, եւ միեւնույն ժամանակ, գործընթացից հաճույք ստանաս: Ես իմ նկարչական ընթացքն աշխարհում ամենաշատն եմ սիրում: Նկարի գեղարվեստական արժեքը եւս պետք է չտուժի:

Մտածում ես՝ ինչպես նկարել, որ բնորդուհու բնավորությունն ընդգծես: Օրինակ՝ ես երբեք չէի մտածի, որ ինձ համար առաջին փյունիկ դարձած կինը խնդիր է ունեցել, նկարելիս փորձել եմ իր սեթեւեթ կեցվածքը ցույց տալ՝ չէ՞ որ ինքը շարունակում է լինել ինքը:

82-ամյա հերոսուհուս մասին մտածում էի՝ իր բնավորությունն այնքան ուժեղ է, որ դարձել է իր ճակատագիրը: Դրա համար նկարի վրա խաղաթղթեր եմ փակցրել. կարող էի նկարել, բայց ուզեցի փակցնել:

Մեկ այլ նկարի դեպքում էլ, օրինակ, կանանցից մեկը ասաց, որ կակաչներ է սիրում ու ուզում է կակաչների մեջ լինել: Իսկ ինչո՞ւ ոչ, թող կակաչներ լինեն, չէ՞ որ այդ գործընթացում մենք միասին ենք ստեղծագործում:

Մեկն էլ ձեռքերը դրել է գոտկատեղին եւ ասում է.«Իսկ ես ի՞նչ ունեմ վախենալու եւ չներկայացնելու, սա եմ, նկարի՛ր այսպես»:

Եղել է, որ ասել են՝ կուրծքը վերքով է պատված, արի ծաղիկներ անենք, ասել եմ՝ արի: Մի կնոջ կրծքին էլ փյունիկ եմ նկարել, որովհետեւ հենց հիվանդության պատճառով է ինքն իր մեջ փյունիկի որակներն արթնացրել: Ապրելու այդ մեծ ձգտումը, երբեմն, մարդու մեջ այնպիսի որակներ է բացահայտում, որոնք երբեք չէիր տեսնի առօրյա իրավիճակում: Սկսում ես կյանքն ավելի շատ սիրել՝ ամեն վայրկյանը: Ապա նայեք ձեր շուրջը: Հաճախ, մարդիկ աննպատակ շրջում են, չեն գնահատում այդ առողջությունը, հարազատներին, սիրելիներին, երեւի թե հիվանդության դրական կողմն այն է, որ կյանքը սկսում ես այլ կերպ գնահատել, սիրել, փորձում ես ավելի ճիշտ ապրել, ավելի ազնիվ լինել, որովհետեւ այս առօրյա վիճակներից առանձնանում ես ու փորձում քեզ ավելի խաղաղ կյանքով ապրեցնել: Համենայն դեպս, մենք մեր կանանցով այդպես ենք մտածում (ժպտում է,- հեղ.):

- Ի՞նչ եք կարծում, նախագիծը որոշակիորեն օգնե՞լ է հերոսուհիներին: Ի՞նչ էին զգում, երբ տեսնում էին իրենց նկարները:

- Հերոսուհիներիցս մեկն ասաց, որ վիրահատությունից ի վեր երբեք իրեն նորից սիրուն ու այդքան լավ չէր զգացել մինչ այդ պահը:
Շատ գոհ եմ նախագծից, որովհետեւ շատերն են ասել՝ իրենց կյանքը նոր գույներով է լցրել, էմոցիաներ տվել, փոխել իրենց: Սա հրաշալի փորձառություն էր, չեմ փոշմանել, բայց կարող է երկրորդ անգամ չանեմ, շատ եմ լացել (ծիծաղում է,- հեղ.):

Լինի կին, թե տղամարդ, եթե նախագիծն ինչ-որ մեկին կօգնի այս հիվանդությունը հաղթահարելիս, եթե մեկ հոգի էլ հասկանա, որ պետք է պայքարել, եթե գեթ մեկ հոգու էլ դրական էներգիա է փոխանցել, ուրեմն նախագիծը հաջողված է, ուրեմն արժեր:

- Իսկ անձամբ Ձեզ որպես անհատի ի՞նչ է տվել նախագիծը: Արդյոք փոխե՞լ է Ձեզ:

- Նախագիծն ինձ եւս շատ է օգնել: Օգնել է, որ շատ չվախենամ մահից: Սկսել եմ կյանքին այլ կերպ նայել հերոսուհիներիս շնորհիվ, ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց արդեն այլ կերպ եմ ընկալում, ինձ համար նոր մտահորիզոններ են բացվել: Ավելի հասկացող եմ դարձել, ավելի լայնախոհ: Սկսել եմ հասկանալ, որ եթե մարդը խնդիր ունի, պետք չէ իրենից խուսափել. մենք միմյանց կարիքն ունենք, ինքն իմ՝ ես իր:

Նախագիծն ինձ փոխել է ե՛ւ որպես անհատականության, ե՛ւ որպես նկարչի: Շատ կարծրատիպերից եմ ազատվել, ավելի կարեկցող դարձել, աջակցող եւ ստեղծագործական առումով ավելի հնարամիտ: Սովորել եմ նաեւ, որ պետք է ավելի զգոն լինել, հետազոտվել, գնահատել առողջությունը:

Մարիամ Մուղդուսյանը


- Ինչպե՞ս եք տեսնում նախագծի շարունակությունը:

- Նախագիծը սոսկ դիմանկարների վերարտադրում չէր, զրույցները մասամբ ձայնագրվել են, առանձին դեպքերում լուսանկարներ են եղել: Այն ինչ-որ առումով վավերագրում էր: Առկա ձայնային ինստալացիան առաջիկայում կներկայացնեմ, բայց ոչ Հայաստանում. Կանադայից եւ ԱՄՆ-ից հետաքրքիր առաջարկներ կան:

Գուցե ցուցահանդեսներ լինեն մեր մարզերում՝ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու եւ մարդկանց պարբերաբար ստուգումների գնալու կոչի համար: Խնդիրն այն է, որ մեր հայ կանայք շատ ուշ են գնում սքրինինգային հետազոտության, բայց դրանից կարեւոր բան չկա: Պետք է տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել՝ անկախ նրանից ցավեր կան, թե ոչ:

Ստեղծագործելիս խնդիրները ներկայացնելու համար արվեստում սահմաններ չկան, իմ գործիքները միայն կտավն ու վրձինը չեն, ամեն ինչ կարող է դառնալ խնդիրների բարձրաձայնման միջոց եւ մոդել: Իհարկե, կան նաեւ ընթացիկ նախագծեր: Այժմ սեւեռված եմ Զապել Եսայանի, Սրբուհի Տյուսաբի եւ հայ նշանավոր այլ կանանց ստեղծագործական ժառանգության վերհանման ուղղությամբ: Նրանք ինձ ոգեշնչում են եւ գուցե մյուսներին էլ ոգեշնչեն՝ յուրաքանչյուրին իր ոլորտում:

Զրուցեց Գայանե Ենոքյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Մուղդուսյանի արխիվից




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW