×


Porsche համայնքը Դսեղում․ երբ էկոլոգիան հանդիպում է ադրենալինին

Շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու լինելը չի հակասում իրական հաճույքին․ Porsche-ն ստեղծում է էլեկտրամեքենաներ, որոնք, պահպանելով իրենց սպորտային ժառանգությունը, վարորդներին փոխանցում են յուրահատուկ էներգիա։

«Պորշե կենտրոն Երեւան»-ի համայնքային հավաքները դարձել են սպասված ավանդույթ. դրանք պարզապես մեքենաներով տարվելու միջոց չեն, այլ կամուրջ միեւնույն հետաքրքրություններն ու ապրելակերպը կիսող մարդկանց միջեւ։ Այս անգամ հանդիպման նպատակը Լոռու մարզի ճանապարհներով, հրաշալի բնության ներքո Porsche Macan եւ Taycan էլեկտրական մոդելների փորձարկումն էր։ 


Porsche-ի Երեւանի սրահից դեպի Դսեղ՝ «Շաքարյան ռանչո», տանող ավտոշարասյունն առաջնորդում էր էլեկտրական Taycan-ը։ Տեղում հյուրերին սպասվում էին բազմաթիվ ակտիվություններ՝ փեյնթբոլ, ձիավարություն, տրակտորով շրջապտույտ, լատինական ռիթմերի ուղեկցությամբ բացօթյա ընթրիք եւ այլն։ 

Այստեղ բոլորը եկել էին ոչ միայն գերմանական ապրանքանիշի նոր տեխնոլոգիաները փորձելու, այլեւ ոգեշնչվելու, հաճելի ժամանակ անցկացնելու, նոր զգացողություններով ու տպավորություններով վերադառնալու համար։


Porsche-ի յուրաքանչյուր էլեկտրական մոդել ունի իր հստակ դերը, որը պրեմիում դասի շուկայում սահմանում է նոր, երբեմն, համեմատությունից դուրս նշաձող։ Macan-ը հավասարակշռված, քաղաքային, վստահելի ու հարմարավետ ուղեկից է, Taycan-ը միաժամանակ սպորտային, հզոր եւ էմոցիոնալ մեքենա է, որը խթանում է ադրենալինն ու վայելքը։

Macan-ի էլեկտրական նոր սերունդը թողարկվել է 2024 թվականին: Այն Porsche-ի առաջին էլեկտրական ամենագնացն է։ Ներկայացված է 3 հիմնական մոդելով՝ Macan Electric, Macan 4S Electric եւ Turbo Electric։


Macan վարելիս ամենատպավորիչը մեքենայի կայունությունն էր. այն անմիջապես առանձնանում է իր հավասարակշռությամբ։ Ընթացքը գրեթե անձայն է։ Լիթիում-իոնային մարտկոցները տեղակայված են թափքի հատակային հատվածում, ծանրության կենտրոնը զգալիորեն ցածր է, բաշխված է գրագետ, ինչը կողային ճոճքը նվազագույնի է հասցնում։ 


Ներքին ինտերիերը համալրված է մեծ թվային էկրաններով եւ ինտուիտիվ կառավարման համակարգով, որն արագ է արձագանքում ու վարելիս չի շեղում ուշադրությունը։ Մուլտիմեդիայի ինտեգրումը պարզ է եւ հարմար՝ Android Auto, Apple CarPlay, քարտեզագրում։ Այս ամենը Macan-ը դարձնում է ամենօրյա օգտագործման, ավելի տնտեսող եւ քաղաքային վարելու համար հարմար տարբերակ։

Արգելակման պահին էլ զգում ես, որ մեքենան մտածում է քո փոխարեն․ ամեն ինչ ավելի հստակ, արագ եւ անվտանգ է։ Հենց այստեղ է, որ զգում ես՝ անցումային դարաշրջանն արդեն սկսվել է։ 


Մարտկոցի համախառն ունակությունը կազմում է 100 կՎտժ, որից կարող է ակտիվորեն օգտագործվել մինչեւ 95 կՎտժ-ը: Բարձրավոլտ մարտկոցը 800 վոլտանոց ճարտարապետություն ունեցող նոր Premium Platform Electric (PPE)-ի գլխավոր բաղադրիչն է: Այս հարթակը Porsche-ն առաջին անգամ ներդրել է Macan մոդելում: Լիցքավորման ունակությունը հաստատուն հոսանքով (DC) կազմում է մինչեւ 270 կՎտ: Արագ լիցքավորման կայաններում մարտկոցը 10-ից մինչեւ 80 տոկոս լիցքավորվում է մոտ 21 րոպեում: 


400 վոլտ հզորությամբ լիցքավորման կայաններում լիցքավորման մակարդակը 10-ից մինչեւ 80 տոկոս կարելի է ավելացնել մոտ 22 րոպեում. էլեկտրական կուտակիչի բարձրավոլտ փոխարկիչը թույլ է տալիս 800 վոլտանոց մարտկոցը բաժանել երկու մարտկոցի, որոնցից յուրաքանչյուրը դառնում է 400 վոլտանոց: Սա ապահովում է արդյունավետ լիցքավորում մինչեւ 135 կՎտ հզորությամբ՝ առանց հավելյալ բարձրավոլտ ուժեղարարի: Փոփոխական հոսանքով (AC) լիցքավորումը հնարավոր է մինչեւ 11 կՎտ հզորությամբ:

Փորձառությունն ավելի սուր զգացողություններով համեմեց Taycan 4 Cross Turismo մոդելը։ Սրահ մտնելու պահից արդեն զգում ես, որ սա այլ մակարդակ է․ նստելու դիրքն ավելի ցածր է, առավել աերոդինամիկ ձեւավորմամբ, որը տեղափոխում է սպորտային մթնոլորտ։ Այն նախատեսված է երկար ճանապարհների եւ բարձր արագությունների համար։

Ճանապարհին Taycan-ը բառացիորեն սահում է․ արագացումը գրեթե աննկատ է, հզորությունը՝ անմիջապես զգալի։ «Sport» եւ «Sport Plus» ռեժիմներում մեքենան մանեւրում է՝ ուղիղ հակադրվելով ենթագիտակցության փոքր վախերին։ Ամորտիզացիան աշխատում է այնպես, որ ճանապարհի անհարթությունները կորցնում են իրենց ազդեցությունը։ Այն պահանջում է ուշադրություն, էներգիա եւ պատասխանատվություն՝ արձագանքելու յուրաքանչյուր շարժմանը։ Porsche-ն ամեն անգամ հիշեցնում է՝ սպորտային մեքենա նշանակում է ոչ թե միայն արագություն, այլեւ անվտանգություն։


Մարտկոցի էներգիայի պարունակությունը (համախառն) 105,0 կՎտժ է, ուղղակի հոսանքի (DC) լիցքավորման ժամանակը առավելագույն լիցքավորման հզորությամբ (10-ից մինչեւ 80%) 18 րոպե է։ Taycan-ը լիցքավորվում է ինչպես սովորական վարդակից, այնպես էլ լիցքավորման կայաններից, ընդ որում՝ լիցքավորման հնարավորություն կա մեքենայի երկու կողմից էլ։


Փորձարկված երկու մոդելներն էլ ապացուցում են, որ Porsche-ի էլեկտրական դարաշրջանը ոչ թե պարզապես նոր շարժիչների մասին է, այլեւ վարելու նոր մշակույթի։ Օրն ամփոփվեց խարույկի շուրջ ջերմ զրույցներով ու մտերմիկ միջավայրում տպավորությունները կիսելով։ Այսօրինակ փորձառությունն ավելի է ամրացնում ու ընդլայնում մարդկային կապերը՝ Porsche համայնքը դարձնելով ավելի հավատարիմ եւ համախմբված: 

Տեքստը՝ Նունե Գրիգորյանի
Լուսանկարները՝ Մարկ Սերիի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW