×


«Հայ լինելն ավելի յուրօրինակ է ինձ դարձնում». Միլենա Մութաֆյան

Ֆրանսիայում մշակութային կյանքն ամայացել է՝ փակ են մշակութային բոլոր վայրերն ու համերգներ տեղի չեն ունենում, արտիստները փորձում են թեւաթափ չլինել եւ օգտվում են համացանցից՝ իրենց արվեստը ցուցադրելու համար։ Հենց համացանցի միջոցով էլ բացահայտեցինք երիտասարդ երգահան-կատարող Միլենա Մութաֆյանին, ով մեզ հետ զրույցում պատմեց իր երաժշտական ուղու, հայերեն երգելու եւ դրան զուգահեռ ընտրած հետաքրքիր մասնագիտության մասին։

Միլենան ծնվել է Երեւանում եւ ընտանիքի հետ Ֆրանսիա տեղափոխվել 2005 թվականին: Հինգ տարեկանից ապրում է ֆրանսիական Գրենոբլ քաղաքում։ Սկզբից պարն է ընտրել, բայց արագ հասկացել է, որ իրեն երգն է ձգում՝ երգի եւ կիթառի բաժին է ընդունվել, այժմ սովորում է Գրենոբլի կոնսերվատորիայում։

«Հինգ տարի դասական երաժշտական կրթություն ստացա, հետո՝ ժամանակակից, այս տարի կավարտեմ կոնսերվատորիան։ Ընտրել եմ նաեւ երկրորդ մասնագիտություն՝ լոգոպեդիա, եւ սովորում եմ համալսարանում. ցանկանում եմ լեզվաբանական հետազոտության մեջ մասնագիտանալ։ Այսպիսով՝ կունենամ եւս մեկ դիպլոմ, որը երաժշտության մեջ չի լինի, բայց կրկին «ձայնի բնագավառից» կլինի. ինձ շատ է հետաքրքրում ձայնի «մեխանիկան»»,- պատմեց Միլենան։

Լուսանկարը՝ Edison Vica Միլենա Մութաֆյանը


Հարցին՝ ինքնուրո՞ւյն է կայացրել երկու մասնագիտություն ունենալու որոշումը, թե՞ ծնողներն են խորհուրդ տվել, երիտասարդ երգչուհին պատասխանեց, որ ծնողներն իրեն քաջալերել են ամեն ինչում, բայց ինքն է որոշել ընտրել նաեւ երկրորդ մասնագիտություն․«Երաժշտական բնագավառն արդեն իսկ մի փոքր բարդ է, եւ ահա համաճարակային իրավիճակն էլ ցույց է տալիս, որ միշտ չէ, որ դյուրին է երաժշտությամբ զբաղվել։ Սա նաեւ հնարավորություն է տալիս ինձ հարստացնել իմ գիտելիքները ձայնի հետ կապված. լեզվաբանական գիտության մեջ խորանալով՝ մոտ եմ նաեւ երգին»։

20-ամյա երգչուհին փորձել է հանդես գալ տարբեր ոճերի երգերով, հետո սկսել է ավելի շատ երգել ֆրանսիական շանսոն եւ հայկական երգեր, որոնք սիրում է կատարել ուրույն ոճով՝ մի փոքր ձեւափոխված: «Երբ 16 տարեկան էի, Գրենոբլում հանդիպեցի Ռոբերտ Ամիրխանյանի հետ, բացահայտեցի նրա երգերը, սկսեցի նվագել, քանի որ շատ եմ սիրում նրա երաժշտությունը։ Նաեւ շատ եմ սիրում Առնո Բաբաջանյանի երաժշտությունը։ Ժամանակակից երգիչներից սիրում եմ Սիրուշոյի երգերը։ Իմ երգացանկում կան տարբեր ոճերի երաժշտություններ եւ երգեր, դրանք, սակայն, կատարում եմ իմ ոճը ներդնելով»,- նշեց Միլենան։



Վերջերս երգչուհին սկսել է երգեր գրել, հիմնականում ֆրանսերեն լեզվով: Փորձում է արդեն հայերեն գրել, սակայն դեռ չի ներկայացրել հանրությանը: Ասում է՝ կուզեր իր հայերեն տեքստերն ավելի խորիմաստ դարձնել։

Համաճարակային սահմանափակումներով պայմանավորված՝ Միլենայի համերգները եւս հետաձգվել են: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պլանավորում է հանդես գալ նաեւ հայրենիքում։ «Իհարկե, շատ-շատ կուզեի, բայց ընտանիքս երաժշտական բնագավառից չէ, եւ կապեր չունեմ այդ բնագավառում։ Բայց դա միշտ ինձ համար երազանք է եղել՝ գալ եւ երգել Հայաստանում»,-անկեղծացավ նա։

Լուսանկարը՝ Emmanuelle Dethoor Միլենա Մութաֆյանը


Խոսեցինք նաեւ այն մասին, թե ինչպես է ընդունվում երկու ազգություն կրող երգչուհին Ֆրանսիայում։ Նա կարծում է, որ երկու մշակույթի կրող լինելն իրեն շատ բան է տալիս: «Կարծում եմ՝ Ֆրանսիայում շատ հետաքրքրված են հայկական մշակույթով: Երբ ասում եմ, որ Հայաստանում եմ ծնվել, խոսում եմ հայերեն, մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջացնում։ Երեւի ավելի յուրօրինակ է դա ինձ դարձնում եւ ավելի քիչ սովորական, համենայն դեպս ես շատ ուրախ եմ եւ հպարտ, երբ ասում եմ, որ հայ եմ»,-շեշտեց Միլենան։

Երգչուհու հետ խոսեցինք նաեւ ցավոտ թեմաներից. պատմեց, որ իր ընտանիքը շատ է ազդվել Արցախում տեղի ունեցած պատերազմից.«Հայերը խիզախ ազգ են: Այնպիսի տպավորություն ունեմ, որ ինչ էլ լինի, նրանք երբեք չեն հանձնվում։ Վերջին իրադարձություններից շատ հուզված էի, ես եւ ընտանիքս հետեւում էինք, թե ինչ է կատարվում. այնտեղ են ապրում նաեւ տատիկ-պապիկս։ Հայաստանն իմ երկիրն է եւ այդպես էլ մնալու է: Շատ տխրեցի՝ տեսնելով, թե ինչպես այդքան երիտասարդներ զոհեցին իրեն կյանքը»։

Լուսանկարը՝ @laurakailphotography Միլենա Մութաֆյանը


Ֆրանսիայում մեկուսացման պայմանները շատ ուսանողների կյանքն են դժվարացրել, ուսանողները շարունակում են ապրել առանց շատ շփումների եւ հեռավար դասընթացներով: Միլենան պատմեց իր մեկուսացած ուսանողական շրջանի եւ առաջիկա ծրագրերի մասին.«Ինչ խոսք, օրեր կան, շատ բարդ է արթնանալ եւ, տանը մնալով, կենտրոնացած լինել դասերի վրա առավոտվա ժամը 9-ից մինչեւ 17:00-ը՝ համակարգչի առջեւ: Մեկ-մեկ փորձում եմ երաժշտությամբ զբաղվել՝ ցրվելու համար, բայց հասկանում եմ, որ ուղեղս հոգնած է այդ լարվածությունից։ Դուրս չգալ, ընկերներին չտեսնել, նույնիսկ փորձերն ենք անընդհատ հետաձգում, այս ամենը բավական բարդ է, բայց պետք է դիմանալ եւ չթուլանալ։ Սակայն չթողեցի, որ այս համաճարակային իրավիճակը հաղթի ինձ եւ փորձում եմ առաջ տանել իմ ծրագրերը։ Արդեն ստեղծագործում եմ եւ ունեմ իմ երգերը, ծրագրում եմ ձայնագրել տարբեր երաժիշտների հետ եւ համերգներ ունենալ, երբ որ թույլատրվի համերգ կազմակերպել։ Հիմա էլ փորձեր իրականացնում ենք եւ ձայնագրում իմ հեղինակային երգերը։ Հիմնականում ֆրանսիական ոճի երգեր են. ավելի շատ ոգեշնչվել եմ հին ֆրանսիական երգերից։ Կատարում ենք նաեւ հայկական երգեր: Կուզեի ասել, որ պետք է շարունակենք պաշտպանել հայկական մշակույթն ու լեզուն ամբողջ աշխարհում. ինձ համար դա շատ կարեւոր է»,-նշեց երգչուհին։

Շատ երիտասարդներ բողոքում են, որ չեն կարող երեկույթների մասնակցել, բայց Միլենան հարցազրույցներից մեկում ասել էր, որ ընդհանրապես երեկոներն իր տնային աշխատանքներն է կատարում, բար գնալ չի սիրում, մենք էլ հետաքրքրվեցինք, թե ինչու նրան չեն գրավում այդ վայրերը։ «Այո, բարային միջավայրն ինձ շատ դուր չի գալիս՝ մարդաշատ եւ աղմկոտ, հատկապես Ֆրանսիայում։ Երբ Հայաստանում ենք բար գնում, կարծում եմ՝ ավելի բարձրակարգ մթնոլորտ է, կենդանի երաժշտությամբ եւ այլն, միջավայրը լրիվ այլ է»,-անկեղծացավ մեր հայրենակցուհին։

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW