«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի կերպարներից Աբուլին շատերն ատում են, ոմանք հասկանում են, ոմանք էլ՝ սիրում: BRAVO.am-ն օրերս զրուցել է նրան մարմնավորող Մայիս Համբարձումյանի հետ: Դերասանը հետաքրքիր դրվագներ է պատմել իր կյանքից, խոսել մասնագիտության ընտրության վրա մեծ ազդեցություն թողած հարազատի մասին եւ անդրադարձել անձնական կյանքին:
Անսպասելի մտափոխություն
Իմ մասնագիտության ընտրությունը շատ հետաքրքիր ու անսովոր եղավ՝ մորեղբորս կնոջ խորհրդով: Վերջին դասարանում նրա մոտ էի հայոց լեզվի լրացուցիչ պարապմունքի հաճախում: Նախնական որոշված էր՝ քննիչի մասնագիտություն պետք է ընտրեի: Մորեղբորս կինն առաջին իսկ օրերին ասաց, որ այն իմը չէ: Դերասանի մասնագիտությունն ինձ ավելի մոտ է:
Որոշումս փոխվեց եւ ընտանիքի անդամներից թաքուն պարապեցի, դիմեցի Թատերական ինստիտուտ՝ մտածելով, որ չեմ ընդունվի: Քննություններից օրեր անց, երբ իմացա, որ ընդունվել եմ, անակնկալ արեցի ծնողներիս: Զանգահարեցի ու ասացի, որ պատրաստվեն տարեկան իքս գումար վճարելու թատերական կրթության համար:
Դեռ դպրոցական տարիներին միջոցառումներին մասնակցում էի խաղարկային դերերով: Ասում էին, որ լավ է ստացվում, չնայած՝ ես այդքան էլ չէի կենտրոնանում ասածների վրա: Սիրում էի ֆիլմերի չստացված կադրեր նայել:
Մայիս Համբարձումյանը
Ծնողների արձագանքը
Նրանք, բնականաբար, այլ ձեւ ընդունեցին: «Սա քեզ համար Հոլիվուդ չէ, այստեղ շատ ավելի բարդ է լինելու: Հեռանկարային մասնագիտություն չէ, ավելի լավ տարբերակներ կարող էի մտածել»՝ այսպես արձագանքեցին ծնողներս: Առաջին իսկ ներկայացման ժամանակ կարողացա ապացուցել, որ ճիշտ ընտրություն եմ արել:
Մասնագիտական ճանապարհի մասին
Նկարահանվել եմ Հանրային հեռուստաընկերության «Վերջին ուսուցիչ», Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմություն» հեռուստանախագծերում, այնուհետեւ Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում, ցավոք, տեխնիկական պատճառներով իմ մասնակցությամբ դրվագները չցուցադրվեցին, հետո նկարահանվել եմ «Կորած օրագիր» հեռուստանովելում: Առաջին երկար հեռուստանախագիծը «Արմենիա TV»-ի «Ծաղիկներ ձյան տակ» սերիալն է:
Առաջարկն անմիջապես ընդունեցի: Պատճառներից մեկն էլ առաջարկվող դերն էր: Սիրում եմ բացասական կերպար մարմնավորել: Դրական կերպար մարմնավորելն, ըստ իս, ավելի հեշտ է, քան բացասականը: Երկրորդի դեպքում շատ աշխատանք է պետք: Պետք է հանդիսատեսին, հեռուստադիտողին հասցնես, թե ինչն է այդ հերոսին բացասական դարձնում:
Ալլա Վարդանյանը եւ Մայիս Համբարձումյանը՝ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նկարահանումներին
Կերպարի մասին ամենաթեժ արձագանքները
Շատ են արձագանքները: Հաճախ ընկերներս, հարազատներս ուղարկում են իմ անձին վերաբերող վատ մեկնաբանությունները՝ իբր իրականում էլ նույն վատ եւ չարն եմ: Ես իրատեսորեն եմ նայում այդ ամենին, երբեմն նույնիսկ ծիծաղում եմ:
Զավեշտալի դեպքեր շատ են եղել: Վերջերս սուպերմարկետում երկու տատիկ ճանաչել էին ինձ: Մեկը մյուսին ասում էր՝ «Էն լկտի խուժանն է: Ոնց էլ երես ունի, խանութ է գնում»:
«Վախենում եմ կերպարի կործանման համար»
Ասում են՝ Աբուլն էմոցիա չունի, լավ չի խոսում: Կարծում եմ՝ կեղծ մարդիկ հենց այդպիսին են լինում: Բացասական կերպարի առավելություններից է նաեւ այն, որ նա սյուժեի շարժման մեխանիզմն է: Բոլոր լաբիրինթոսները նա է ստեղծում ու առաջ տանում զարգացումները:
Աբուլին ընդհանրապես նման չեմ, տարբեր ենք, լրիվ հակառակ բեւեռներ ենք: Նկարահանման հրապարակում երբ միանում է տեսագրության կոճակը, մտածում եմ՝ արագ ավարտվի նրա մասնակցությամբ տեսարանը: Վախենում եմ կերպարի կործանման համար: Իրականում չեմ կարող մտածել ինչպես Աբուլը, մանիպուլացնել շրջապատիս, ինչպես նա:
Մայիս Համբարձումյանը
Հայտնիություն
Ինձ դուր է գալիս, որ ճանաչում են փողոցում, խանութում: Երբեմն ընկերներս նկատում են ինձ ճանաչող մարդկանց հայացքները: Ես էլ եմ տեսնում, բայց աշխատում եմ ցույց չտալ, որ տեսնում եմ ինձ ճանաչողներին: Չեմ ուզում հասկանան, որ նկատել եմ՝ ճանաչել են:
Աստղային հիվանդությունը շատ հեռու է ինձնից: Օգտվում եմ երթուղայինից, երթեւեկում եմ մետրոյով: Ոչինչ չի փոխվել: Սիրում եմ հասարակության մեջ լինել, հաճախում եմ փաբ: Երբեմն ընկերներս ասում են՝ ինչ-որ չափով հայտնի եմ, զուսպ պահեմ, բայց այդ հայտնիությունը չի խանգարում ինձ նախկինի նման պարել ժամանցային վայրերում: Երաժշտությունը, պարն ու զբոսանքն իմ նախասիրություններն են:
Մայիս Համբարձումյանը
Սպասում
Սերիալի բացասական, ծանր կերպարից հետո ցանկություն կա թեթեւ, հումորային ու խենթ կերպար մարմնավորել: Մեծ ցանկություն ունեմ սիթքոմում նկարահանվել: Այնպես որ, առաջարկ լինելու դեպքում սիրով կհամաձայնեմ, կամ էլ ինքս մի բան կմտածեմ:
Անձնական
Երեւի գտել եմ, բայց չգիտեմ այդ մասին: Միգուցե ինքը կա, ես չեմ գտել: Սիրտս զբաղված է աշխատանքով: Չնայած՝ ծնողներս երկու տարի ժամանակ են տվել ընտանիք կազմելու համար, բայց ես ուզում եմ ամուր կանգնած լինել ոտքերիս վրա, հետո նոր ընտանիք կազմել:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մայիս Համբարձումյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: