Երիտասարդ ստեղծագործողներին համախմբել է «Վարակ» նոր ներկայացումը, որի պրեմիերային Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Բեմադրիչը Սոնա Քանքանյանն է, բեմանկարիչը՝ Արեգ Միրիջանյանը, կոմպոզիտորը՝ Հերմինե Հարությունյանը, խորեոգրաֆը՝ Ռիմա Պիպոյանը:
«Վոլոդինի «Կաստրուչչա կամ թագուհի Օլիվիայի օրագրերը» պիեսը շատ պատահական ձեռքս ընկավ՝ համընկնելով այդ շրջանի իմ ապրումների հետ: Մոտ մեկ շաբաթ ապրում էի այդ պիեսով, երբ իմացա «Եռյակ պլյուս» դրամաշնորհային ծրագրի մասին: Նախագիծը ենթադրում էր, որ բեմադրիչը պետք է գտնի իր կոմպոզիտորին եւ նկարչին: Մենք պետք է միասին որոշակի աշխատանք անեինք եւ դա բերեինք թատրոն: Ես հեշտ գտա կոմպոզիտորին, բայց նկարչին գտանք վերջին երեք օրը: Սկսեցինք աշխատել, ներկայացրինք թատրոն եւ երկու փուլից հետո ընտրվեցինք», - պատմել է Սոնա Քանքանյանը:
«Վարակը» տարբերվում է զգեստների ձեւավորմամբ, լուսային, ձայնային էֆեկտներով եւ պլաստիկ շարժումներով.«Ներկայացումն ունի ֆուտուրիստական ոճավորում: Քանի որ ժանրը հակաուտոպիա է, այն ասոցացվում է գիտաֆանտաստիկայի ժանրի հետ: Մենք գտանք, որ ֆուտուրիզմը ամենաճիշտ ոճավորումը կլինի»,-նշել է բեմադրիչը:
Ներկայացման գործողությունները տեղի են ունենում հորինված պետությունում, որն ընդամենը 60 հոգի բնակչություն ունի: Թե որքանով է գործն այժմ արդիական, ինչ ընդհանրություններ ունի այսօրվա իրականության հետ, Սոնան ասել է.«Կորոնավիրուսի արդյունքում հոգեբանական խնդիրներ առաջացան: Կարանտին էր, բոլորը պետք է փակվեին տանը, օտարանային, իրար չգրկեին, զսպեին էմոցիաները: Իսկ պիեսում հակառակ ռեակցիան է. մարդկանց օտարացումն է ծնում վարակը: Եվ պետության ղեկավարները, որպեսզի կոծկեն խնդիրները, ասում են՝ դե, անհասկանալի վարակ է: Հակաուտոպիա ժանրի առանձնահատկություններից ամենակարեւորն այն է, որ ցայտուն ձեւով խոսվում է սոցիալական, քաղաքական եւ կրոնական խնդիրների մասին, ընդ որում՝ կոշտ ու ճակատային»:
Չեն շրջանցել նաեւ ազատության թեման.«Երբ հասարակությանը պահում ես որոշակի շրջանակների մեջ, ստիպում մտածել եւ անել այն, ինչ ուզում ես, նույնիսկ ազատություն տալու դեպքում նա չի իմանա՝ ինչպես օգտագործել այն: Ու սկսվում է քաոսը: Այսօր էլ է այդպես. մեզ չեն ասում՝ եթե սա չառնես, չհագնվես այս ոճով, մենք քեզ կսպանենք, բայց կա անուղղակի գործոն, որ դու եթե չկրես այդ հագուստը, կլինես թրենդից դուրս, կամ չանես այդ դիմահարդարումը, չունենաս այդպիսի դիմագծեր, կլինես տգեղ: 21-րդ դարում դա ավելի ցայտուն է. բոլորը նույն հագուստն են հագնում, նույն դեմքն ունեն: Դրանով շատ արդիական է»,-շեշտել է բեմադրիչը:
Ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, Տրդատ Մակարյանը, Նառա Սարգսյանը, Սաշա Սուքիասյանը, Ցողիկ Մարտիրոսյանը, Մարիամ Ղազանչյանը, Սեյրան Մովսիսյանը, Կոնստանտին Կոզմանովը, Սամվել Օհանյանը, Մերի Մովսեսյանը, Գոհար Գրեյանը, Հայկ Ռշտունին, Արման Մաթեւոսյանը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: