×


Կնոջ եւ տղամարդու երկխոսության երանգները՝ Արեւիկ Գեւորգյանի եւ Վարշամ Գեւորգյանի «Արի անկեղծ» խորագրով երեկոյին

«Արի անկեղծ»,- միմյանց ասում են դերասաններ Արեւիկ Գեւորգյանն ու Վարշամ Գեւորգյանը եւ, «Սկերցո» լարային քառյակի եւ դաշնակահար Տիգրան Բերկելյանի երաժշտության ուղեկցությամբ, պոեզիայի միջոցով խոսում իրար հետ:

Երեկոն նման է կնոջ եւ տղամարդու սովորական երկխոսության, որի ընթացքում նրանք նորից բարեւում են իրար, միմյանց պատմում, թե որքան ծանր է առանց իրար, հասկանում, որ ամեն բան հարաբերական է տիեզերքում, շուրթեր ու մատներ նվիրում, միմյանց եփած սուրճի համն այդպես էլ չառնում: 

Անցյալի ու ներկայի հեղինակներն (Հովհաննես Գրիգորյան, Շառլ Ազնավուր, Հուսիկ Արա, Մարգարետ Ասլանյան, Սյունե Սեւադա եւ այլք) են խոսում դերասանների շուրթերով, իրենց ցավեցրած սերն ու կարոտը, համբույրներն ու գրկախառնությունները գեղեցիկ երաժշտության ներքո հասցնում մարդկանց սրտերին: 


BRAVO.am-ը ներկա է եղել պոեզիայով ու երաժշտությամբ (Լյուդովիկո Այնաուդի, Թոնի Էնն, Արտյոմ Ռամանաու, Աստոր Պիզացոլլա, Աբել Կորժենովսկի եւ այլք) լի երեկոյին եւ զրուցել դերասանների հետ:

- Եթե անկեղծ, ձեր համատեղ աշխատանքները շատ եմ սիրում: Դուք, որպես փոխադարձ անկեղծություն, ի՞նչ կասեք այս երեկոյի ու ձեր համագործակցության մասին: 

Վարշամ. Մենք՝ նույնպես, այլապես չէինք անի: 

Արեւիկ. Համատեղ գործեր էլի ունենք, նաեւ հոլովակներ ենք նկարահանել: Ու երբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնից առաջարկ ստացանք,  շատ հաճելի էր: Ինքներս էլ մտքեր ունեինք, բայց իրագործելուն չէր հասնում: Սա մեզ միավորելու լավ առիթ էր։

Վարշամ. Առաջարկն, ասես, գուշակություն էր. մեր մտածածը կանխազգացին:


- Արեւիկ, ամիսներ առաջ պոեզիայի երեկոյին բեմում միայնակ էիք: Հիմա, երբ երկուսով էիք, պատասխանատվության ու միմյանց օգնելու առումով ի՞նչն էր փոխվել: 

- Շատ շնորհակալ եմ Վարշամին, որ միացավ այս համարձակ մտահղացմանը: Ինձ համար կարեւոր է աշխատել նրա պես փայլուն դերասանի հետ: 

Վարշամ. Նույնն էլ ես կարող եմ ասել Արեւիկի մասին: 

Արեւիկ. Ստեղծագործական ընթացքը պտղաբեր է եղել. միասին ընտրել ենք ստեղծագործությունները, հաճույք ստացել աշխատանքից ու նաեւ այս երեկոյից։ Հիմա անհամբեր ենք՝ լսելու, թե մարդիկ ինչ են զգացել։

Վարշամ.  Արվեստում ինքնուրույնություն եմ սիրում, բայց լինում են պահեր, երբ կասկածներ ես ունենում, եւ հիմա մի թեթեւ կասկած անգամ ունենալիս Արեւիկին էի դիմում եւ նրա կարծիքն ընդունում որպես ճիշտ պատասխան: Նա ռեժիսորական մեծ ունակություններ ունի. գուցե ինքն էլ չգիտի այդ մասին, եւ, իհարկե, առանձնանում է իր ճաշակով: Դրա համար էլ վստահում էի նրա ընտրությանը, եւ արդյունքում ամեն ինչ լավ ստացվեց։ 


- Անձամբ ձեզ այս ձեւաչափով ներկայանալն ի՞նչ առումով է ամենաշատը դուր գալիս, եւ մարդիկ ինչո՞ւ են այն հավանում: 

Արեւիկ. Իմ մոտեցումը պոեզիային այնպիսին է, որ ես միջնորդ լինեմ եւ հեղինակին ուղեկցեմ՝ մինչեւ իր ընթերցողին եւ ունկնդրողին գտնելը: Կամուրջ է ստեղծվում, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ մարդը հարցերի պատասխաններ գտնի կամ պատասխաններով հեռանա, դեպի իր ներսը գնա ու սկսի մտածել իր ապրումների մասին: Պոեզիան շատ թերապեւտիկ ազդեցություն ունի, եւ դրա միջոցով կարելի է մարդու ամենախորքային կետերին դիպչել, որպեսզի նա դրանց վրա ուշադրություն դարձնի եւ կարողանա ցավից ու ամեն տեսակի զգացմունքներից լուսավոր մի բան ստեղծել։


Վարշամ. Պոեզիայով զբաղվելն ինձ համար միշտ մի տեսակ կասկածելի ու վտանգավոր է եղել, քանի որ այն շատ բարդ ու առանձին մի ճյուղ է: Երեւի,  ինքնուրույն չէի համարձակվի ամբողջական ծրագիր անել, բայց Արեւիկը վստահություն տվեց: Որոշեցի մասնակցել եւ ինձ փորձել ասմունքում:

Արեւիկ. Ավելի ճիշտ  կլինի ընթերցանություն ասել, որովհետեւ մենք փորձել ենք հնարավորինս ավանդական ձեւերից դուրս գալ ու պոեզիան զրույցի միջոց դարձնել: Ժամանակակից աշխարհում մարդն ամենաշատը զրույցի, հարաբերվելու եւ «Արի անկեղծ» խոսելու կարիք ունի։


- Ժամանակակից հեղինակների հետ ինչպե՞ս եք կապը պահում, եւ ներկա՞ են լինում երեկոներին: 

Արեւիկ. Միշտ հրավիրում եմ: Այս անգամ 2 հեղինակ ներկա էր: Ինձ համար կարեւոր է, որ հեղինակն իր կյանքի օրոք լսի իր բանաստեղծությունները, իրեն սիրված եւ ընդունված զգա, հիմա ստանա այդ ծափերն ու մարդկանց լավ խոսքերը։ Եթե մենք էլ այդ րոպեին չստանանք որեւէ գնահատական, չենք հասկանա՝ աշխարհին պե՞տք են մեր ստեղծագործությունները, թե՝ ոչ։

- Իսկ մարդիկ հիմնականում դժբա՞խտ սիրուց են գրում:

Արեւիկ. Մարդիկ սիրուց են գրում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW