Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանի հետ զրուցելիս չես նկատում, թե ժամանակը որքան արագ է անցնում: BRAVO.am-ի հետ զրույցում նա եռանդով պատմել է իր անցած ճանապարհի, մարմնավորած դերերի, վերջերս ստացած «Արտավազդ» մրցանակի բերած պատասխանատվության եւ հաջողություններից գլուխը չկորցնելու մասին:
- Որտե՞ղ եք պահում «Արտավազդ» մրցանակը:
- Ինչ հետաքրքիր է, առավոտյան հենց այդ մասին մտածեցի: Նախորդ 2 «Արտավազդները» պատից կախվող էին ու իմ ննջարանում էին: Այս մեկն այդ տարբերակը չունի, եւ ստացած օրվանից մեկ դրել եմ ննջասենյակում, հետո բերել եմ նախասրահ, ապա տարել հյուրասենյակ: Այս պահին միջանցքում է. իր տեղը դեռ լավ չի գտել:
- Ի՞նչ ապրումներ ունեցաք այն ստանալիս, ի՞նչ էր կատարվում, երբ Ձեր անունը կարդացին:
- Երկու անգամ արդեն ստացել եմ ու ինձ թվում էր, որ դրա հետ կապված բոլոր զգացմունքներն ապրել եմ: Շատ տարիներ էլ ներկայացված եմ եղել հավակնորդների թվում ու կարծում էի, որ 3-րդ անգամ դժվար ինձ տան, դրա համար էլ խաղաղ նստած էի: Բայց միեւնույն է, երբ անունդ հնչում է, այլ ապրումներ ես ունենում: Երեկ էլ ընկերներիցս մեկին էի պատմում, որ բոլոր տեսակի թվացյալ երջանկության հորմոնները նստածդ տեղից մինչեւ մրցանակը ստանալն է լինում: Դրանից հետո բեռդ ավելի է ծանրանում, պատասխանատվությունը՝ քառապատկվում: Բեմ բարձրանալու ճանապարհին մտածում էի, որ վաղը նորից խաղալու ենք «Փափլիկն», ու հիմա պետք է ավելի զգոն լինել, որ այս տիտղոսին իսկապես արժանի լինեմ:
«Լավագույն դերասանուհի» տիտղոսակիր Տաթեւ Ղազարյանը, «Արտավազդ 2021»
- Մրցանակը ստանալիս մի քանի անգամ շնորհակալություն հայտնեցիք ռեժիսոր Նարինե Գրիգորյանին՝ իր համբերության համար: Այդ ի՞նչ համբերության մասին էր խոսքը:
- Երբ ինձ ասեն Նարինե Գրիգորյանին բնութագրի, կասեմ ծով համբերության ու բարության տեր մարդ: Երբեմն մտածում ես՝ ո՞նց է դիմանում եւ չի պոռթկում: Երբեք նման բան չենք տեսել: Ընդ որում՝ «Փափլիկն» արել ենք շատ սեղմ ժամկետում. բոլորը նյարդայնացած էին, հասցնելու խնդիր կար, եղանակն էլ ցրտում էր: Բայց նա ոչ մի օր չի պոռթկացել, կամ էլ որեւէ մեկին վիրավորել: Նա նաեւ դերասանուհի է ու շատ լավ հասկանում է մեր ապրումները: Իրեն մեղադրում ես, ինչ-որ բաներ խոսում, լուրջ դեմքով նայում է քեզ ու ասում՝ շարունակենք: Այդ պահին ավելի ես ուզում խեղդել (ժպտում է,-հեղ.): Իր ճաշակի, տաղանդի եւ մեր թատրոնը նման ռելսերի վրա դնելու համար իսկապես պարտական եւ շնորհակալ ենք:
- Առհասարակ, ինչպե՞ս եք Ձեր կերպարի մեջ մտնում, փնտրտուքներն ինչպե՞ս են ստացվում:
- Երբեք չի լինում, որ դերասանը տանը նստի, ասի՝ 1 ժամ ունեմ եւ հիմա որոշ դետալների վրա կաշխատեմ: Իզուր չի, որ փորձերը 2 ամսից ավելի են տեւում, եւ այդ ընթացքում, ուզես-չուզես, ապրում ես քո կերպարի հետ, նա դառնում է քո անբաժան մասնիկը. իր հետ ուտում ես, խմում: Ես մի քիչ ամբարտավան դերասանուհի եմ, տեքստը չեմ տանում տուն, անգիր չեմ սովորում, փորձերի ընթացքում եմ շատ շուտ ընկալում: «Փափլիկի» դեպքում շատ տեքստ էլ չունեմ, մարմնի հիշողությունն է գործում, հետո հասկանում եմ, թե ինչպես կվարվեր այդ աղջիկը: Տրվում ես կերպարին, եւ նա անկախ քեզնից բերում է իր քայլվածքը, շարժուձեւը: Ես կյանքում լրիվ այլ կերպ եմ քայլում, բայց բեմում նա է ինձ թելադրում՝ ինչ անել: Իմ աշխատաոճն այդպես է՝ վստահում եմ կերպարին, ոչ թե իմն եմ պարտադրում:
- Ի՞նչ եք տալիս կերպարին եւ վերցնում նրանից: Լինո՞ւմ է մնան Ձեզ հետ:
- Նրանք ինձնից չեն էլ հեռանում, մի քանի տասնյակ դերեր եմ կերտել, հիմա էլ թատրոնում 7-8 կերպար եմ խաղում, յուրաքանչյուրն էլ ինձ հետ է. նրանք քայլում են ինձ հետ:
- Թատրոնում, ի տարբերություն կինոյի, կերպարը դերասանի հետ ապրում է, զարգանում, մեծանում: Ո՞նց եք ամեն անգամ գտնում այդքան հույզեր ու էներգիա, որ տաք մարդկանց:
- Դա էլ մասնագիտության բաղկացուցիչ մասերից է: Ինչ ուզում ես քո մեջ գտի, ոչ ոք չի կարող քեզ օգնել, ոչ էլ դասագիրք կա՝ «Ինչպե՞ս արթնացնել հույզեր», որից կսովորես: Սոս Սարգսյանը մեզ միշտ ասում էր՝ մարդը տոմս է առել, որ քեզ նայի, ուրեմն բարի եղիր իրեն գոհացնել: Եթե ես եկել եմ ներկայացման, եւ 200-ից ավելի մարդ է սպասում, ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ հոգեվիճակում եմ, պարտավոր եմ լրիվ տրվել աշխատանքին:
- Իմ դիտած «Փափլիկ»-ի ավարտին Դուք իսկապես արտասվում էիք ու նաեւ մարդկանց հուզեցիք: Այդպես հաճա՞խ է լինում:
- Միշտ է լինում, իրավունք չունեմ մի օր անել, մյուս օրը՝ ոչ, որովհետեւ «Փափլիկն» է արտասվում: Նա է այդ ամենը զգում, եւ նման ապրումներ ունեցած կինը չի կարող չարտասվել: Դա արդեն իր գործն է, թե ո՞նց է անում, այդ ի՞նչ է զգում, ինքը գիտի:
- «Փափլիկը» շատ արդիական է, համավարակի պատճառով այն քիչ ցուցադրվեց, ու երբ այս տարեսկզբին վերջապես դիտեցի այն, հասկացա, թե որքան ժամանակից առաջ ընկած ներկայացում է:
- Մենք ինքներս ենք ապշել, երբ պատերազմից հետո վերադարձանք խաղալու: Փորձ էինք անում, որ վերհիշենք, զարմացած նայում էինք իրար, նայում էինք Նարինկային՝ դու մի բան գիտեի՞ր: Թվում է, թե կանխազգացել ենք, գուցե... Հենց դա էլ արվեստի ու Նարինե Գրիգորյանի տաղանդի եւս մի ուժն է, որ ինչ-որ բաներ զգում է:
Տաթեւ Ղազարյանը եւ Դավիթ Հակոբյանը, «Փափլիկը» ներկայացում
- Իսկ ի՞նչ տվեց ներկայացումը մարդկանց:
- Կարծում եմ, որ եթե գոնե մի քանիսին նույնիսկ մտածելու առիթ է տվել ու օգնել չդասակարգել մարդանց, ուրեմն՝ արդեն հաջողել ենք:
- Համազգային թատրոնն այս տարի «Արտավազդ»-ում գլխավոր մրցանակներին արժանացավ: Ինչի՞ շնորհիվ եք կարողացել վերածնունդ ապրել:
- Աշխատելու, շատ աշխատելու շնորհիվ: Թատրոնը վերածնունդ ապրեց, երբ Նարինե Գրիգորյանը եւ Արման Նավասարդյանը եկան ղեկին: Թատրոնը մեր աշխատանքը չէ, սա մեր տան ու ընտանիքի պես է: Այսօր ինձ ասացին, որ մեր հաջողության գրավականներից մեկը սերն է իրար հանդեպ: Համամիտ եմ, սերը լավ բաներ է ծնում կյանքում էլ, արվեստում էլ: Մեր թատրոնում սեր ու լավ գործեր անելու ցանկություն այնքան կա, որ այլ տարբերակ չէր էլ կարող լինել: Այսքան սիրո, ճաշակի, գրագիտության, տաղանդավոր մարդկանց մեջ չէին կարող վատ գործեր ծնվել: Մեր բախտը բերել է, որ լավ թիմ է հավաքվել:
- Կհիշե՞ք Ձեր առաջին դերը թատրոնում եւ ունեցած ապրումները:
- Սոս Սարգսյանի կուրսում եմ սովորել եւ թատրոնում խաղալն ինձ համար երազանքի պես էր: Մի օր իմ դասախոս Դավիթ Հակոբյանն ասաց՝ իջնեմ թատրոն. «Կարմիր գլխարկը եւ Անբան Հուռին» ներկայացման մեջ էին ինձ ուզում փորձել: Առաջին կուրսում էի սովորում ու գերերջանկություն էր լսել այդ մասին: Ծիտիկի փոքրիկ կերպար խաղացի ու հրաշալի ապրումներ ունեցա: Եվ այդպես ծիտիկը թռավ, եւ հասանք մինչեւ Գի դը Մոպասանի «Փափլիկը»: Այս տարիների ընթացքում ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ այս թատրոնում եմ թրծվել ու այս մասնագիտությունն ընտրել: Այն ըստ արժանվույն փոխհատուցել է իմ սերը, նվիրվածությունը, աշխատանքը:
- Ե՞րբ եղավ այդ գիտակցումը, որ հենց դերասանուհի եք ցանկանում լինել:
- Մայրս դերասանուհի է, ու մեծացել եմ թատրոնում: Այնտեղ ամեն ինչ հրաշալի էր ինձ համար, բայց նաեւ՝ շատ սովորական: Վերջերս եմ հասկացել, որ մինչեւ դերասանությամբ պրոֆեսիոնալ զբաղվելը, ես երեւի այդքան էլ չէի սիրում թատրոնը: Դե, մայրիկս էր դերասանուհի, հետո քույրս դարձավ, քեռիս, նրա երեխաները, բոլորն այդ գործով էին զբաղվում, ես էլ պիտի դառնայի: Ծանր տարիներ էին, սարսափելի էինք ապրում, ծայր աղքատության մեջ էր նաեւ մեր ընտանիքը, ու մտքիս ծայրով էլ չէր անցնում այլ առարկա պարապել ու ուրիշ բուհ ընդունվել: Երբ ավելի հասկացա գործի բարդությունն ու լրջությունը, տեսա, թե որքան տատասկոտ ու փշոտ ճանապարհ է, ավելի շատ սիրեցի:
- Սերը շատ կարեւոր է, բայց մի անգամ խոստովանել եք, որ մտածել եք թատրոնը թողնելու մասին:
- Ավելի շատ մտածել եմ, գուցե, այլ մասնագիտություն ընտրելու դեպքում հանգիստ ու խաղաղ կապրեի: Դերասանությունն, իսկապես, անդունդի եզրին քայլելու պես է. մի փոքր այս կամ այն կողմ՝ եւ կարող ես հայտնվել այնտեղ: Նույնիսկ հաջողություններին դժվար է դիմանալ, դրա համար էլ է ուժ պետք: Տարիքի հետ ասում եմ՝ իսկ ավելի լավ չէր հանգիստ աշխատանք ունենալ, որ հաջողություններդ որեւէ մեկին չնեղացնեին, ոչ էլ վայրիվերումներով ապրումները կլինեին: Ամեն անգամ բեմ դուրս գալիս՝ հատկապես պրեմիերաներից առաջ, օրգանիզմում այնպիսի բաներ են կատարվում, գրեթե, կաթվածի եզրին ես հայտնվում: Մտածում ես՝ հանուն ինչի մարդ գա գործի ու նման բաներ զգա:
Հենց դուրս ես գալիս բեմ, դրա հակառակ ապրումներն ես ունենում: Վախն էլ, երջանկությունն էլ ադրենալին են: Այ, մենք անընդհատ, գոնե շաբաթվա մի քանի օրն այդ երջանկության եւ դժբախտության եզրին ենք: Դա է պատճառը, որ նման մտքեր եմ ունենում խաղաղ կյանքի մասին:
Տաթեւ Ղազարյանը եւ Հասմիկ Բաբայանը
- Բայց կկարողանայի՞ք այդպես ապրել ու ինչպե՞ս եք անում, որ հաջողությունները Ձեզ չխանգարեն:
- Դրա համար ուժ ու բանականություն է պետք, որ հաջողությունը թողնեմ իր կետում, անհաջողությունն՝ իր, ու շարժվեմ առաջ: Եթե դրանից որեւէ մեկի տակ մնամ, ուրեմն՝ կործանված մարդ եմ: Ինձ համար ծիծաղելի է, որ մրցանակ չստանալու դեպքում լուրջ ապրումներ են ունենում, կամ ստանալու դեպքում՝ մեծամտանում: Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է այդ փաստը ծանր տանել, կամ դարձնել երջանկության գրավական: Ի վերջո գնահատականդ հանդիսատեսն է տալիս, ուզում ես 10 մրցանակ հավաքիր, նրանք են որոշում արժանի ես, թե՝ ոչ: Երբ տարիներ շարունակ ներկայացվում էի «Արտավազդ»-ի եւ չէի ստանում, մի շատ սիրուն ու մխիթարող բան կար՝ հավակնորդների թվում իմ անունը հնչելիս ծափերն ուժեղանում էին, դա ինձ համար արդեն մրցանակ էր:
- Թատրոնում էլ Ձեզ շատ են ծափահարում, այդ պահերը դերասանի համար որքանո՞վ են կարեւոր:
- Համաձայն եմ ու շնորհակալ: Շատ կարեւոր են, դա կատարած աշխատանքի, տարիների ապրումների, թափածդ քրտինքի արդյունքն է: Երեւի կյանքի գերհաճույքներից մեկը հենց այդ ծափահարություններն են, երբ գալիս ես խոնարհման ու զգում հանդիսատեսի գոհունակ շունչը:
- Վիոլա Դեւիսը «Օսկար» ստանալիս մի հետաքրքիր միտք է ասել, որ դերասանները միակ մասնագիտությունն ունեն, որն իսկապես տոնում է կյանքն ու լիարժեք ապրում այն: Իրականում այդպե՞ս է:
- Համաձայն եմ, կյանքի յուրաքանչյուր զգացողություն մենք կարողանում ենք ապրել, որը տրված չէ աշխարհում ոչ մի այլ մասնագետի: Եվ վատ, եւ լավ ապրումները մենք բեմի վրա զգում ենք: Դրա համար էլ գուցե դերասանները շատ խոր հոգի ունեն, շատ ավելի զգույշ են մոտենում կյանքին:
- Ունեցե՞լ եք կերպար, որն այդպես էլ Ձերը դարձնել չի հաջողվել:
- Երեւի այն երջանիկ դերասանուհիներից եմ, որ քիչ եմ ունեցել նման դերեր: «Համլետ» ներկայացման մեջ Գերտրուդի կերպարն էի խաղում, որը համաշխարհային գրականության մեջ շատ ճոխ է, բայց ես բաց ճակատով ամեն տեղ ասում եմ, որ իմ չստացված դերակատարումն էր: Այն ոչ մի կերպ իմը չդարձավ, ես էլ՝ իրենը: Լավ էր, որ կարճ ժամանակ հետո բաժանվեցինք իրարից:
- Գիտեմ, որ պրեմիերայից հետո ներկայացումները որոշակի փոփոխությունների են ենթարկվում:
- Ներկայացումը սկսում է շնչել, ապրել, ո՞նց է լինում ճաշ պատրաստելիս, ասում ենք՝ մի քիչ մնա, որ համերն իրար խառնվեն: Նույնն էլ ներկայացման դեպքում է լինում. ժամանակ է պետք, որ համերը դիպչեն իրար:
- Տարիքի հետ դերերի նկատմամբ ընկալումն ինչպե՞ս է փոխվում:
- Երբ երիտասարդ ես, ինչ պատահի՝ խաղում ես, ուզում ես միայն թե լինես: Երիտասարդ տարիքում ընդհանրապես դերերից չեմ հրաժարվել, ինչ կար, շնչում էի: Հիմա ծանրութեթեւ եմ անում, մտածում չտապալվելու մասին, նաեւ վախով եմ մոտենում, մտածում եմ՝ այս ճանապարհն ինձ ուր կտանի: Նաեւ գնահատում եմ ունեցածս, քանի որ իմ տարիքի դերասաններ կան, որոնք քիչ են բեմ դուրս գալիս: Իսկ դերերը տարիների հետ միանշանակ փոխվում են: «Փրկության կղզի» ներկայացման մեջ 12 տարեկան տղայի էի մարմանվորում, իմ ամենասիրելի դերերից մեկն էր, մեծ դժվարությամբ հրաժարվեցի դրանից: Անցան տարիներ, եւ իմ շարժուձեւով էլ չէի կարող ճիշտ փոխանցել այդ տղայի իրական կերպարը: Քանի որ հանդիսատեսն էլ նրան շատ սիրում էր, ցանկացա լավ հիշվել:
Տաթեւ Ղազարյանը, «Փրկության կղզի» ներկայացում
- Իսկ կա՞ որեւէ դեր, որ ցանկացել եք խաղալ, բայց հերթն այդպես էլ դեռ չի հասել:
- Երբեք չեմ ուզել, ցանկացել կամ երազել: Որովհետեւ երեւի լկստված դերասանուհի եմ, ու բանը չի հասել դրան: Մեծամտություն չեմ անում, հենց մի դերն ավարտվել է, մտածել եմ՝ տեսնես ինչ կարելի է անել, ու եկել է հաջորդը: Մեկը մյուսից լավ ու գունավոր դերեր են եղել:
- Ասացիք գունավոր են եղել Ձեր դերերը, ո՞ր գույներով կպատկերեք դրանք:
- Աշխարհի ամենավառ գույները կընտրեմ՝ վարդագույնը, կարմիրը, դեղինը, հրաշալի կապույտը, լազուրը, սպիտակը: Դրանք եւ իմ կյանքի գույներն են: Ինձ երջանիկ մարդ եմ համարում, իսկ որպես դերասանուհի՝ կատարյալ երջանիկ եմ, որեւէ տխրելու առիթ չեմ ունեցել:
- Զգացվում է, որ ուրախ ու պայծառ մարդ եք, բայց կյանքում տխուր պահեր էլ լինում են, ինչպե՞ս եք դժվարությունները հաղթահարում:
- Իրականում ես եմ գունավորում իմ կյանքը, եւ Ձեր ասած ժպիտն ու լուսավորությունն ինձ օգնում են հաղթահարել խնդիրները: Ես էլ եմ տխուր օրեր ունենում, խնդիրների բախվում, բայց իմ վերաբերմունքն օգնում է դրանք շրջանցել:
- Դերասանները թատրոնից միշտ շատ են խոսում, իսկ դրանից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
- Թատրոնը ոչ իմ կյանքն է, ոչ էլ՝ ապրելակերպը, իմ մասնագիտությունն է, պարզապես այն շատ եմ սիրում: Հենց թատրոնից ոտքս դուրս դրեցի, մոռանում եմ դրա մասին: Ունեմ անձնական կյանք, թատրոնից դուրս էլ փորձում եմ երջանիկ լինել: Մինչ համավարակը կարծում էի, թե պատրաստել չեմ սիրում եւ չգիտեմ: Համավարակը ստիպեց բացահայտել ինձ: Շատ եմ սիրում տանը լինել, ստեղծել եմ ամեն ինչ, որ ինձ հարմարավետ ու լիարժեք զգամ այնտեղ: Եթե աշխատանքի չեմ, տանն եմ. սիրում եմ ընկերներիս հյուրընկալել:
- Համավարակի ընթացքում ի՞նչ գրքեր հասցրիք կարդալ:
- Բանն այն է, որ մասնագիտության բերումով շատ ենք կարդում: Ցավոք, ժամանակս չի հերիքում, որ իմ նախընտրած գրքերը կարդամ: Զավեն Բոյաջյանը համաշխարհային գրականության շատ լավ թարգմանություններ է անում, ուզում եմ վերջին արածներից Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» կարդալ: Իր թարգմանած ֆիլմերը շատ եմ կրկնօրինակել ու ամենահրաշալին էին: Հեռուստատեսությունում ամեն օր էլ ֆիլմեր եմ կրկնօրինակում, ամեն մեկն էլ մի գիրք է: Արդեն 20 տարուց ավելի է՝ զբաղվում եմ այդ աշխատանքով:
- Բազմաթիվ ձայներով եք խոսել, երբեւէ հաշվե՞լ եք դրանք:
- Չկա թիվ, տարիք, սեռ, մինչեւ 15 տարեկան բոլոր տղաներին էլ ես եմ հնչյունավորում: Շատ եմ սիրում այդ աշխատանքը եւ բեմում էլ այն ինձ շատ է օգնել կերպարներ կերտել: «Փրկության կղզին» խաղալիս արդեն տղայի ձայնն իմ մեջ ունեի պահած, մնացածն ավելացրի: Բայց որ լսում եմ հեռուստատեսությամբ, միշտ չէ, որ հավանում եմ իմ ձայնը:
Տաթեւ Ղազարյանը
- Ունե՞ք սիրելի ֆիլմ, որը կրկնօրինակել եք ու շատ եք հավանել:
- «Ռատատույ» մուլտֆիլմը Խորեն Լեւոնյանի հետ մեծ հաճույքով արեցինք ու շատ հավանեցինք: Իսկ ֆիլմերից սիրել եմ Ռոբերտո Բենինիի «Կյանքը հրաշալի է»-ն: Որ իմացա այդ ֆիլմն ենք կրկնօրինակելու, ոնց էի ուրախացել՝ երեխային ու մորն էի ձայնավորում: Հեքիաթային աշխարհ է հեռուստատեսությունը, բայց երեւալու տեսանկյունից դրա հետ միշտ զգուշորեն եմ վարվել:
- Իսկապես քիչ եք երեւում, Ձեր ձայնն ավելի առաջ է ընկել, մինչդեռ կադրում քիչ եք երեւում, սերիալներում էլ չկաք:
- Իմ կարիերան սկսել եմ հեռուստատեսությունում, երբ դեռ այսքան ալիքներ չկային: Առաջին կուսում Դավիթ Հակոբյանի հետ «Պրոմեթեւս» ալիքով հաղորդում էինք վարում: Բայց այն մեկ օրում ինչպես կարող է օգնել քեզ կայանալ, այնպես էլ կարող է վերացնել: Իսկ իմ տարիների աշխատանքն այդքան հեշտ չի տրվել, որ հրաժարվեմ դրանից: Ժամանակ առ ժամանակ մուտք գործում եմ այդ աշխարհ. մեկ սերիալում եմ նկարվել: Հասկացա, որ ես չեմ սիրում սերիալը, այն էլ՝ ինձ: Միշտ անկեղծորեն ասում եմ դա: Ոչ մեկին չեմ մեղադրում կամ թերագնահատում, գործընկերներս էլ, մայրս էլ խաղում են, բայց սերիալային աշխարհն իմը չէ: Կինոաշխարհում դեռեւս չեմ սկսել իմ ճանապարհը: Լավ առաջարկի դեպքում կմտածեմ:
- Երբ ներկայացումներ չկային եւ թատրոնը փակ էր, ի՞նչն էիք ամենաշատը կարոտում:
-Շատ մեծ դատարկություն չունեցա, քանզի մեր ղեկավարները մեզ հանգիստ չէին թողնում, եւ օրը մի բան բստրում էին: Երբ Նարինեն զանգում էր, ասում էի՝ հիմա ի՞նչ ես որոշել. «Մտածել եմ, մի հատ էլ այսպիսի նախագիծ անել» (ասում է Նարինե Գրիգորյանի ձայնով,- խմբ.): Դրա համար շատ մեծ բաց չզգացինք, վիդեոնախագծեր արեցինք, փորձեցինք չարիքի մեջ էլ բարիք գտնել, սկսեցինք ճկուն մտածել: Դա էլ առիթ հանդիսացավ, որ ես մինչ այսօր Սփյուռքի երեխաների համար հեքիաթներ եմ կարդում:
- Մանկության տարիներին ո՞րն էր Ձեր սիրելի ներկայացումը:
- Պատանի հանդիսատեսի թատրոնից է, քանի որ մայրիկս այնտեղ էր աշխատում, շատ սիրում էի «Աղջիկը, Ծիպիլին եւ Տիմբական» ներկայացումը, մեկ էլ՝ «Այրվող տախտակամածին»: Մորս մարմնավորած կերպարն այդ ներկայացման կեսից մահանում էր, այդ ինչ ապրումներ էի ունենում, բայց շատ էի սիրում ու ոչ մի ներկայացում բաց չէի թողնում:
- 3 որակ, որոնք, որպես դերասանուհի, միայն Ձեզ են հատուկ:
- Երեւի ներքին ճկունություն, ձայնի յուրահատկություն եւ էներգիա:
«Փափլիկը» ներկայացումը
- Գործընկեր, որից շատ բան եք սովորել:
-Բոլորից եմ սովորում ու ամեն օր: Հիմա նոր ներկայացման վրա ենք աշխատում, ու մեզ հետ նաեւ փոքր երեխաներ են խաղալու, անգամ իրենցից եմ սովորում: Այսօր նայում էի, թե ինչ հետաքրքիր գույներ ունեն:
- Ի՞նչ ներկայացումներ անպայման նայել Ձեր թատրոնում:
- Նուրբ հարց է, կասեի՝ բոլորը, բայց այս պահին կնշեմ «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», «Ճախրող լամպը», «Հաղթանակի գենեզիսը». հիմա բոլորը կասեմ (ծիծաղում է, - խմբ.), բայց գոնե այդ երեքը նայեք:
- Համազգայինից բացի, Ձեր սիրելի թատրոնները:
- Պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ իմ մանկությունն է անցել եւ իմ ընտանիքի շատ անդամներ են աշխատում այնտեղ, բայց սերս մերոնցով պայմանավորված չէ: Երբ այնտեղ եմ գնում, մանկանում եմ, այլ հույզեր ունենում: Ինչպես նաեւ սիրելի է Մալյանի անվան թատրոնը: Վերջին շրջանում հաճույքով լավ ներկայացումներ եմ նայել այնտեղ եւ երջանկացել, որ մեր քաղաքում նման լավ որակի գործեր կան:
- Որակ, որ մանկությունից բերել եք Ձեզ հետ:
- Լավատեսությունը: Չափազանց լավատես եմ, բայց երբեք իրատեսության զգացողությունը չեմ կորցնում:
- Ֆիլմեր, որոնք Ձեզ ոգեշնչում են:
- Առհասարակ մի ֆիլմը չեմ կարողանում նայել 2-րդ անգամ, նույնիսկ՝ ամենալավը: 2 օր առաջ նայեցի Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ «Հայրը»: Մեր թատրոնի նոր ձեւաչափում այն ընթերցանության մեջ կա: Դավիթ Հակոբյանն է խաղում, ու թույլ տվեք ասել, որ չի զիջում որեւէ բանով: Ֆիլմով էլ շատ տպավորված եմ, ինչպես նաեւ դիտեցի Տոդորովսկու «Օդեսա» ֆիլմը: «Շինդլերի ցուցակն» էլ իմ սիրելիներից է, իսկ հայկական ֆիլմերից բոլոր ժամանակների դասական ոսկե ֆոնդը «Մենք ենք մեր սարերն» է, մի ուրիշ մակարդակի է:
- Ձեր մարմնավորած ո՞ր կերպարի հագուստն եք ամենաշատը սիրում:
- Հարմարավետության առումով, իսկ ես կյանքում հենց այդպես եմ փորձում հագնվել, կնախընտրեի Քլեյի՝ տղա երեխայի հագուստը. նա ջինս ու շապիկներ էր կրում: Կանացի հագուստի դեպքում Անպայման «Փափլիկինը» կառանձնացնեմ, հենց նրա զգեստները հագնում եմ՝ այլ կեցվածք եմ ստանում, նստելաձեւ, նույնիսկ՝ հայացք:
- Ախր շատ յուրահատուկ է շարժվում «Փափլիկը»:
-Էս Նարինկան ինչ օյին ասես գլխիս բերում է (ծիծաղում է,- խմբ.):
Տաթեւ Ղազարյանը
- Եթե երկար քայլեք Երեւանում, ո՞ր հատվածով կուզեք անցնել:
- Երեւանն իմն է, եւ չկա մի հատված, որ չսիրեմ: Բայց իմ նախընտրելի փողոցներն են Բայրոնը, Զաքյանը՝ փոքրիկ ու շատ գողտրիկ:
- Իսկ ո՞ր ժամերին է Երեւանը Ձերը՝ առավոտյան, օրվա ընթացքում, կամ գուցե գիշե՞րը:
-Գուցե գիշերը (ծիծաղում է,-խմբ.): Այդ ժամին խորհրդավորություն կա, եւ երբեմն ընկերոջս հետ սիրում ենք գիշերը քաղաքում զբոսնել, խոսել, մեքենա վարել:
- Կատարյալ նախաճաշը Ձեզ համար:
- Մայրիկի հետ է ու նրա պատրաստածը. միշտ համեղ է ստացվում: Իսկ ինչ ուտել՝ ըստ տրամադրության ենք որոշում:
- Ի՞նչ պարտադիր կետեր կան հիմա Ձեր ցանկությունների ցանկում:
-Առաջնայինը՝ խաղաղություն եւ դրա հետ կապված մնացած բաները, որ որքան հնարավոր է շուտ գերիները վերադառնան: Իմ ուսանողներից մեկն էլ հիմա գերության մեջ է, անորոշությունը եւ անգիտությունը սարսափելի են: Հիմա մնացած ամեն ինչը պակաս կարեւոր են:
Զրուցեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Համազգային թատրոնի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: