×


«Սա շատ մեծ քայլ էր վատ ու դժվար շրջանից հետո». Սյուզաննա Մելքոնյան

Ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հանդեպ հայ հանդիսատեսի հետաքրքրությունը հայերի մասնակցության շնորհիվ օրեցօր ավելացավ, դե, իսկ կուլմինացիան դարձավ 28-ամյա տաղանդավոր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հաղթանակը, ինչի մասին BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է: Ամենադրական արձագանքներով, 1 մլն ռուբլի գումարային մրցանակով եւ անբացատրելի հույզերով Հայաստան վերադարձած Սյուզաննան մեր զրույցում պատմել է հաղթանակի պահին զգացածի, նոր հնարավորությունների եւ հետագա ծրագրերի մասին:

«Շոկի մեջ էի: Որքան էլ հոգուդ խորքում սպասում ես, պատրաստվում եւ պայքարում, միեւնույն է՝ էկրաններին հաղթողի կարգավիճակում քեզ տեսնելու պահին անբացատրելի զգացողություններ ես ունենում, որոնք խոսքերով չես կարող ասել։ Հիմա վստահ կարող եմ ասել՝ կյանքիս ամենաերջանիկ օրն ու պահն էր: Երբ տարիներ շարունակ պրոֆեսիոնալ հարթակում ես՝ անկախ ձեւաչափից, դա իր պտուղները տալիս է: Անընդհատ բեմում լինելն ինձ շատ օգնեց մրցույթի ժամանակ, քանի որ հուզմունքի հետ մեկտեղ, հենց եկավ կարեւոր պահն, արդեն այլ տարբերակ չկար, քան լավ ներկայանալը: Ես գիտեի, թե ինչ եմ ուզում, ինչու եմ գնացել եւ ինչպես դա պետք է անեմ: Առհասարակ, երբ մրցույթների ես մասնակցում, առաջին բանը, որ մտածում ես՝ հաղթանակն է, դա նորմալ է եւ բնական, բայց այս պարագայում ես վստահաբար պետք է հնչեցնեմ, որ սա իմ կյանքի միակ մրցույթն էր, որ «եթեներ» ու «գուցեներ» չկային։ Չգիտեմ՝ որտեղից եւ ինչ կանխազգացմամբ, կյանքում առաջին անգամ հույսս ինձ վրա էի դրել եւ ամենաշատն ինքս էի ինձ հավատում։ Իմ առողջությունն ու էներգիան առավելագույն ձեւով պահպանել էի եւ հստակ ունեի որոշում՝ հաղթանակ»,- նշում է երգչուհին՝ հավելելով, որ շատ դեպքերում են խանգարել այդ «գուցեները»:


Մինչ եզրափակիչ հասնելը, Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ երգի կատարմամբ Սյուզաննա Մելքոնյանը ոտքի էր հանել մրցույթի ժյուրիի 100 անդամներից 99-ին։ Եզրափակչում Սելին Դիոնի «I Surrender» երգի կատարմամբ նա կրկին 99 ձայն ստացավ՝ ոտքի չկանգնեց միայն երգչուհի Սաշան, որի հետ համամիտ չէր ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւը. ելույթի ողջ ընթացքում նա բղավում էր՝ «100-ից 100», ավարտից հետո էլ նշեց.«Սա եզրափակչի ամենավստահ ելույթն էր, կարելի է համարել, որ 100 ձայն է»:



Լազարեւի դրական վերաբերմունքն այնքան անթաքույց էր, որ նկատել էին թե՛ մասնակիցները, թե՛ հանդիսատեսը, ինչի մասին փաստեց նաեւ Սյուզաննա Մելքոնյանը:

«Չեմ կարող չառանձնացնել հենց նրա հոգատար ու ջերմ վերաբերմունքն իմ նկատմամբ, քանի որ ռուսական շոու բիզնեսի տարիների մեծ փորձ ունեցող վառ եւ պրոֆեսիոնալ ներկայացուցիչ է, եւ նա բոլորին ցույց էր տալիս, որ պայքարում է ինձ հետ: Ես շատ շոյված եմ նրա նման վերաբերմունքից», -ասաց երգչուհին՝ կատակելով, որ տարիներ առաջ, երբ նոր էր սկսում իր քայլերը, հայ շատ աղջիկների նման հիացած էր նրանով, նույնիսկ՝ սիրահարված, եւ չէր էլ պատկերացնում, որ տարիներ հետո հենց նրանից է նման մրցանակ ստանալու:

Սյուզաննան ելույթ էր ունենում ամենավերջում՝ 17 համարի ներքո. զրույցի ընթացքում նա անկեղծացավ՝ սպասումից ֆիզիկապես սպառված է եղել, լարված, բայց կադրից դուրս աշխատող շատ մարդիկ են մոտեցել իրեն եւ ասել.«Դու հաղթելու ես»: Կարեւորում է այն, որ հազվադեպ մրցույթներից էր, որտեղ անգամ մասնակիցներն էին լավ տրամադրված իրար հանդեպ. բոլորը շնորհավորել եւ ասել են՝ արժանի հաղթանակ է։

Հայաստան վերադարձել է մրցույթից անչափ տպավորված, հիշելու արժանի պահերը շատ են, բայց ամենահիշելին նրա համար «Հաղթող է ճանաչվում Սյուզաննա Մելքոնյան» արտահայտությունն է եղել, որին հաջորդեցին բուռն ծափահարություններն ու օվացիաները: Նրա խոսքով՝ այդ վայրկյանները երեւի ամբողջ կյանքում չմոռանա: Հաղթանակը նա նվիրում է մեր հերոս տղաներին։

«Մրցույթից առաջ էի որոշել, այլ կերպ ուղղակի չէր կարող լինել, հանուն իրենց ես կարողացել եմ մեկնել եւ ելույթ ունենալ նման հարթակում, կարծում եմ, որ այս հաղթանակը մեր բոլորինն է։ Սպորտ, արվեստ, թե այլ ոլորտ՝ նման հաղթանակներով մենք պետք է փորձենք քիչ-քիչ վերականգնվել»,-ասաց նա։

Սյուզաննա Մելքոնյանը


Խոսելով այն մասին, թե մասնակցությունն այս մրցույթին ինչ տվեց իրեն եւ ինչ ծրագրեր ունի հետագայի համար՝ երգչուհին ասաց.«Այս հաղթանակը շատ-շատ բան ինձ տվեց ու դեռ տալիս է, դեռ այդ անցուդարձի մեջ եմ, հույզերի մեջ եմ: Սա շատ մեծ քայլ էր որոշակի վատ ու դժվար շրջանից հետո: Մրցույթի 4-րդ եթերաշրջանի բացումն իմ կատարմամբ է լինելու, ինչպես նաեւ կլինեմ ժյուրիի կազմում: 2 մլն ռուբլի գումարային մրցանակից բացի, նաեւ «Новое Радио»-ի կողմից նվեր եմ ստացել հատուկ ինձ համար գրված երգ, որի աշխատանքները վերջացրել ենք, ու շուտով կլինի պրեմիերան: Կան քննարկման փուլում գտնվող նախագծեր, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել, բայց այն, որ այս մրցույթն ինձ մեծածավալ հանդիսատես է տվել՝ փաստ է: Այն, որ ես ռուսական «Россия 1» հեռուստաալիքի արտիստներից եմ հիմա համարվում, կարծում եմ, հայ աղջկա համար, ով ապրում եւ ելույթ էր ունենում Հայաստանում, արդեն իսկ շատ կարեւոր ու մեծ քայլ է: Այլ մրցույթների մասնակցելու ցանկություն ունեմ: Առհասարակ չեմ սիրում ապագայի ծրագրերից խոսել, բայց ասեմ, որ միշտ լինելու եմ ակտիվ. հնարավորության դեպքում հետաքրքիր եւ ուժեղ նախագծերի կմասնակցեմ, բայց այս պահի դրությամբ այնքան գերծանրաբեռնված են օրերս, որ նախ ինքս պետք է հասցնեմ հանգստանալ ֆիզիկապես, որից հետո մտքերս կկարգավորեմ»։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սյուզաննա Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին