×


Այց գինեկոլոգին․ ինչպես պատրաստվել

Հիշո՞ւմ եք՝ դեռահաս տարիքում պետք էր բժշկական պարտադիր մի քանի հետազոտություններ անցնել։ Դրանցից էր նաեւ գինեկոլոգին այցելելը։ Հիմնականում այն ենթադրում էր փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, զրույց դաշտանային ցիկլի եւ ինտիմ հիգիենայի վերաբերյալ։ Այս հետազոտության առաջնային նպատակներից էր վերարտադրողական համակարգի խնդիրների վաղ հայտնաբերումը եւ կանխարգելումը։

Հետագայում եւս կանխարգելիչ այցերն օգնում են իրազեկ լինել սեփական առողջական վիճակի վերաբերյալ եւ խուսափել մի շարք բարդություններից։ Գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ համապատասխան հետազոտություն անցնել եւ մանրամասնում․ «Պրոֆիլակտիկ այցերից բացի, իհարկե, կարիք է լինում նաեւ ըստ գանգատների դիմել, մանավանդ երբ կինն արդեն ապրում է սեռական կյանքով։ Եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ նա այս կամ այն հիվանդության բարձր ռիսկային խմբում է, պրոֆիլակտիկ այցերը կարող են ավելի հաճախակի դառնալ»։

Մեզ հետ զրույցում Արմինե Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ այն կարեւոր քայլերը, որոնք պետք է կատարել նախքան գինեկոլոգին այցելելը՝ անդրադառնալով ամենանուրբ հարցերին, ինչպես նաեւ բժիշկ-այցելու վստահելի հարաբերությունների ձեւավորմանը։  

Լվացում կամ լոգանք

Սա ամենակարեւոր եւ պարզ նախապայմանն է բժշկին այցելելուց առաջ։ Իհարկե, խոսքն այստեղ արտաքին սեռական օրգանների մաքրությունն ապահովելու, այլ ոչ թե ներհեշտոցային լվացումների մասին է։ «Ընդհանրապես խորհուրդ չի տրվում ներհեշտոցային լվացումներ կատարել, առավել եւս բժշկի գալուց առաջ, դա խանգարում է իրական պատկերը տեսնել։ Եթե միզուկից ենք քսուք վերցնելու, կարեւոր է մի քանի ժամ միզած չլինել՝ միզուղիները մեխանիկորեն չմաքրելու համար։ Մի՛ անհանգստացեք, բժիշկը գիտի, որ ինտիմ հատվածում կարող է ինչ-որ արտադրություն լինել, եւ սպասվում է, որ նորմալ արձագանք կտա»,-մանրամասնում է մեր զրուցակիցը։


Այցելեք գինեկոլոգին դաշտանից հետո

Սա կարեւոր է հատկապես կանխարգելիչ հետազոտությունների դեպքում։ Բժիշկ Հովհաննիսյանը նշում է, որ տարածված կարծիք կա, թե ցանկալի է դիմել դաշտանային ցիկլի 5-7-րդ կամ  7-9-րդ օրերի ընթացքում, բայց պետք չէ կառչել այդ օրերից, կարեւորը՝ արյունային արտադրություն չլինի սեռական ուղիներից։

Մեկ-երկու օր մի ունեցեք սեռական հարաբերություն

«Սա էական նախապայման է, եթե ընթացքում կարիք լինի, օրինակ, Պապ քսուքի նմուշառում կատարել»,-մեկնաբանում է մեր զրուցակիցը։ Վերջինի դեպքում կարեւոր է ընդհանրապես հեշտոցային հարաբերություն չունենալը, որպեսզի արգանդի վզիկին ոչինչ չհպվի, իսկ այլ քսուքների նմուշառման պարագայում կարեւորվում է չպաշտպանված սեռական հարաբերությունից խուսափելը։

Ինտիմ հատվածի մազածածկույթը կարող եք չհեռացնել

Բժիշկ Հովհաննիսյանը նշում է, որ կինը կարող է այցելել գինեկոլոգին այնպես, ինչպես իրեն հարմարավետ է զգում․«Հատուկ այդ այցի համար հարկավոր չէ որեւէ բան անել, իհարկե, ցայլքի մազերը կտրելը կօգնի բժշկին ավելի արդյունավետ գինեկոլոգիական զննում կատարել։ Բայց եթե որոշել եք հատուկ այդ օրը մազահեռացում կատարել, արդյունքում վնասել եք Ձեր մաշկը եւ անհարմար եք զգում ասել այդ մասին, ապա բժիշկը դա կարող է որպես հիվանդության նշան ընկալել»։

Գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանը


Ընտրեք հարմարավետ հագուստ

Եթե նախնական զրույցից հետո անհրաժեշտություն կա շարունակել հետազոտությունը գինեկոլոգիական բազկաթոռի վրա, բժիշկը ձեզ կխնդրի հանել հագուստը։ Ուստի որքան այն հարմարավետ լինի, այնքան ավելի արագ դուք պատրաստ կլինեք հետազոտության շարունակությանը։

Մի ամաչեք եւ պատրաստ եղեք ասել ճշմարտությունը  

Իհարկե, դժվար է անծանոթ մարդու հետ կիսվել ինտիմ կյանքի մանրամասներով, որոնց մասին միայն դուք գիտեք։ Սակայն պատրաստ եղեք, որ գինեկոլոգը ձեզ հարցեր է տալու ինտիմ հիգիենայի, դաշտանային ցիկլի, սեռական կյանքի, փոքր տարիքում ունեցած հիվանդությունների, այլ օրգան-համակարգերի հետ կապված հնարավոր խնդիրների վերաբերյալ։

«Ցանկալի է չթաքցնել ճշմարտությունը, քանի որ հնարավոր է դեղորայք եք ստանում որեւէ այլ խնդրի հետ կապված, ինչի հետեւանքով էլ առաջացել են տվյալ գանգատները։ Երբեմն այցելուները խուսափում են նշել, որ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված դեղորայք են ընդունում կամ հանգստացնող, թուլացնող դեղամիջոցներ։ Այդ ամենը կարող է ազդեցություն ունենալ նյարդային եւ էնդոկրին համակարգի վրա ու դաշտանային ցիկլի խանգարման պատճառ դառնալ։ Լինում են նաեւ դեպքեր, երբ ինչ-որ գանգատի դեպքում ինքնաբուժությամբ են զբաղվել, հետո գալիս եւ չեն ասում դրա մասին։ Սա եւս խանգարում է բժշկին ճիշտ ախտորոշել»,-առանձնացնում է Արմինե Հովհաննիսյանը։

Կարեւոր է հիշել, որ գինեկոլոգի հարցերը հետաքրքրությունից դրդված չեն, այլ նպատակ ունեն օգնել հասկանալու, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմում։ Ուրեմն պատրաստ եղեք բաց ու անկեղծ զրույցի։

Կիսվեք Ձեր վախերով ու անհանգստություններով

Նախքան բուն հետազոտությանն անցնելը, գինեկոլոգը սովորաբար ներկայացնում է, թե ինչ է պատրաստվում անել եւ ինչու։ Սակայն նա չի կարող իմանալ ձեր բոլոր անհանգստությունների եւ հնարավոր հարցերի մասին։ Կարեւոր է չամաչել եւ բարձրաձայնել դրանք։ Իսկ թե որքան անկաշկանդ կլինեք, կախված է նաեւ բժշկի արձագանքից․ նա պետք է խուսափի քննադատելուց, գնահատողական մեկնաբանություններից, նրբանկատ լինի եւ, իհարկե, չծաղրի։ «Օրինակ՝ եթե անհարմարություն է առաջանում հետազոտման ընթացքում, բժիշկը չպետք է ասի՝ բա ինչպե՞ս էիր սեռական հարաբերություն ունենում։ Իսկ եթե կինը պատրաստ չէ, որ իրեն հետազոտեն գինեկոլոգիական բազկաթոռի վրա, պետք չէ ստիպել, բժիշկը պետք է փորձի հասկանալ, թե որն է խնդիրը եւ պարզաբանել»,-մեկնաբանում է բժիշկը։

Արմինե Հովհաննիսյանը մեր զրույցի ընթացքում կիսվեց նաեւ իր աշխատանքային փորձառությունից մի հետաքրքիր դրվագով․«Այցելուներիցս մեկը, որը դեռեւս չի ապրում սեռական կյանքով, դժգոհեց, որ գինեկոլոգները սովորաբար հարցնում են՝ ասմուսնացա՞ծ է, հղի՞ է, եւ եթե ստանում են «ո՛չ» պատասխանը, տպավորություն է, թե չեն ցանկանում շարունակել զրույցը, կարծես այցելուն այլեւս հետաքրքիր չէ իրենց»։

Այնուամենայնիվ բժիշկ Հովհաննիսյանը նշում է, որ ձեր բոլոր վախերին եւ անհանգստություններին չարձագանքելը նաեւ իր օբյեկտիվ կողմն  ունի․«Եթե բժշկին տրվել է 10-15 րոպե խորհրդատվություն իրականացնելու համար, ինքն էլ է մտահոգվում, որ չի հասցնի այդ ընթացքում հետազոտել։ Բայց ամեն դեպքում շատ կարեւոր է, որ բժիշկը չծաղրի ձեզ եւ հարգալից վերաբերվի»։


Եթե Ձեզ ուղեկցում են, խնդրեք սպասել բժշկի սենյակից դուրս

Եթե անգամ տվյալ բուժհաստատություն եք եկել ուղեկցողի հետ, որը կարող է լինել ձեր բարեկամը կամ ընկերը, ապա խիստ ցանկալի է, որ նա ձեզ բժշկի սենյակից դուրս սպասի։ Գինեկոլոգ Հովհաննիսյանը նշում է, որ ուղեկցող անձի ներկայությունը խանգարում է արդյունավետ հետազոտություն իրականացնել․ «Այլ մարդու ներկայությամբ չես կարող տալ ինտիմ ոլորտի վերաբերյալ հարցեր եւ ստանալ ճշգրիտ պատասխաններ։ Սա կարող է նաեւ դեր խաղալ, որ չասեն ճիշտը։ Երբեմն նույնիսկ երբ խնդրում ես ուղեկցողին դուրս գալ, հրաժարվում է, ինչը շատ խանգարող է լինում»։

Իսկ վերջում ամենակարեւորը՝ հիշեք, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Ուրեմն բաց մի թողեք կանխարգելիչ այցերը, իսկ նախքան գինեկոլոգի սենյակում հայտնվելը հետեւեք վերոնշյալ խորհուրդներին եւ եղեք պատրաստված։

Սոնա Վարդանյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW