×


«Չնեղվե՛ք, լավ է լինելու». ինչպես է անցել «Արցախի ձայներ»-ի երեւանյան համերգը

Արցախի ձայնը պիտի՛ հնչի՝ այս համոզմամբ ու նպատակով երեկ երկար դադարից հետո կայացավ «Արցախի ձայները» երաժշտական նախագծի բարեգործական համերգը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառմանը հրավիրված էին նաեւ հատուկ հյուրեր՝ երաժշտական տարբեր ժանրեր ներկայացնող արտիստներ Հայաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից։ Նրանց թվում էին Գոռ Սուջյանը, Սեւակ Խանաղյանը, Արթուր Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը, Վարդան Բադալյանը, «Թառափ» տրիոն (Միքայել Ոսկանյան, Արման Պեշտմալջյան, Մովսես Էբեջյան), Անետ Աղաբեկյանն ու Վլադիմիր Արզումանյանը։ BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել համերգին, զրուցել է նախագծի հեղինակների հետ եւ լուսանկարել է հետաքրքիր դրվագները բեմում ու ետնաբեմում։

Համերգի առաջին հատվածում ելույթ ունեցան հենց «Արցախի ձայները» խմբի անդամները՝ ներկայացնելով իրենց արդեն հայտնի ու սիրված գործերը։ Նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ միջոցառմանը պատրաստվելիս ամենաբարդ գործերից մեկը եղել է երգերի ընտրությունը.«Մենք առաջին հերթին պիտի հասկանանք՝ ինչի մասին է պետք երգել։ Գիտե՞ք՝ ինչու եմ համաձայնել այս համերգին․սա մեզ համար նաեւ փորձ է՝ հասկանալու մարդկանց տրամադրությունները, քանի որ Երեւանում հանդիսատեսի արձագանքից ավելի հավաքական կարծիք կարելի է կազմել այդ մասին։ Մեր համերգի նպատակներից մեկը նաեւ դա է ինձ համար»։

«Արցախի ձայները» խմբի համերգին


Լիրա Քոչարյանի խոսքով՝ երկար ժամանակ չէին համաձայնում մասնակցել որեւէ համերգի, բայց արդեն զգացել ու հասկացել են, որ հանդիսատեսը կարոտում է իրենց. «Եվ միգուցե մեզ չի կարոտում, այլ գուցե արդեն Արցախն է կարոտում։ Մենք որպես խորհրդանիշ ենք ներկայանում։ Բոլոր այս պատճառները բերեցին նրան, որ առաջարկին վերջապես համաձայնեցինք, եւ երբ արդեն համերգի օրը նշանակվեց, ստիպված սկսեցինք աշխատել, մեզ հետ բերել ծանր վիճակից»։

«Արցախի ձայները» խմբի համերգին


Մեր հարցին, թե «Արցախի ձայները», որպես նախագիծ, ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու, երբ կարելի է սպասել նոր երգերի, տեսահոլովակների, Լիրա Քոչարյանն ասաց, որ ուղղությունները մի քանիսն են, սակայն խնդիրներ նույնպես կան այդ ճանապարհին.«Ինքս էլ դեռ հստակ չեմ հասկանում։ Սկսենք նրանից, որ մենք նաեւ ֆինանսական խնդիրներ ունենք, դուք էլ եք հասկանում, որ գեղեցիկ հոլովակներ նկարահանելու, մրցույթների մասնակցելու համար միջոցներ են պետք։ Յոթ ամիս է՝ չեմ խոսում դրա մասին. պարզ է, որ հիմա դրա ժամանակը չէ։ Բայց ինձ թվում է՝ պիտի շարունակենք ներկայացնել Արցախը տարբեր հարթակներում։ Երկրորդ ուղղությունն այն է, որ մենք հասկանանք՝ մեր ժողովրդի հոգեբանական վիճակն ինչ է պահանջում։ Մեկ-մեկ թվում է՝ բացի տխուր երգերից, ուրիշ ոչ մի բան պետք չէ, բայց դա էլ է սխալ, մենք համոզվեցինք դրանում։ Սպասում են, կարոտում, ուզում են դրականը, հույսը, ապագան։ Այսինքն՝ մի քիչ առաջ պիտի նայենք ու դեպի ապագա պիտի նայենք»։

«Արցախի ձայները» խմբի համերգին


«Մեցցո Փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանն էլ մեր զրույցում պատմեց, որ համերգի գաղափարը դեռ պատերազմի օրերին ունեին, երբ «Արցախի ձայներ» խմբի տղաներն առաջնագծում էին, իսկ աղջիկները՝ Երեւանում։ Ասաց՝ միտք ունեին բարեգործական համերգ կազմակերպել, գումար հավաքել եւ ուղարկել տղաներին.«Ցավոք, այդ համերգը չեղարկվեց, բայց մենք խոստացանք, որ վերադառնալու ենք ավելի մեծ ձեւաչափին, որն այսօր իրականացնում ենք։ Խմբից բացի, կան նաեւ տարբեր ժանրերի հայտնի արտիստներ։ Ընդհանուր գաղափարն այն է, որ Արցախի ձայնը պետք է հնչի»։

Գոռ Սուջյանը եւ Միքայել Ոսկանյանը


Անի Սաղոյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե համերգից ստացված հասույթն ինչ նպատակի է ուղղվելու։ Նա ասաց՝ որոշել են գումարը տրամադրել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած այն զինվորներին, որոնք այսօր վերականգնողական բուժում են անցնում Հայաստանում։ «Չնեղվե՛ք, լավ է լինելու»՝ Դավիթ Ամալյանի հնչեցրած այս մտքով էլ անցավ ու եզրափակվեց համերգը՝ նոր միջոցառումների ու նոր ծրագրերի սպասումով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին