Սիրուշոն նոր տեսանյութ է ներկայացրել, որում պատմում է իր հեղինակային՝ «Body On Body» երգի, այս շրջանի զգացողությունների, հիասթափության ու դրա դեմ աշխատանքով պայքարելու մասին:
«Տեսահոլովակ չէի ասի. նկարահանել ենք տրամադրություն, հոգեվիճակ։ Սա երեւի արդյունք է մի շարք երեւույթների, որոնց միջով անցա»,- նշել է երգչուհին եւ անդրադարձել նկարահանման վայրին.«Տանիքն ընտրվեց ենթագիտակցաբար, որովհետեւ իմ կյանքը եւ ընդհանրապես բոլորիս կյանքը վերջին շրջանում ասես եզրին է, որ հերիք է մի սխալ քայլ, ու կարող ես սայթաքել ու ընկնել»:
Նա հավելել է, որ որքան էլ հոլովակում կա պար, ժպիտ, կա նաեւ հիասթափություն, շատ մտածմունք ու անհանգստություն:
Սիրուշոն պատմել է, որ անցել է այն փորձություններով, որոնց միջով անցնում են ճանաչված մարդիկ.«Քեզ սկսում են անընդհատ քննարկել, ամեն քայլդ: Հետո ամուսնացա եւ մաս կազմեցի մի ընտանիքի, որն իր հերթին ուշադրության կենտրոնում էր, եւ եթե մինչ այդ ես գտնվում էի երաժշտական դեղին մամուլի թիրախում, հիմա դրան ավելացավ նաեւ քաղաքականը, իսկ էնտեղ ամեն ինչ շատ ավելի դաժան կարող է լինել: Հասկացա, որ ունակ են ամբողջովին ջնջել մարդու կենսագրությունը եւ հորինել նորը՝ գումարներ վատնող, շքեղ մեքենաներ, շքեղ դղյակներ ունեցող: Գումար աշխատում եմ փոքր տարիքից, հիմա էլ՝ այնքան, որ ինձ կարող եմ թույլ տալ շքեղություն, բայց դա իմ մասին չէ, ես ավելի գործի մարդ եմ, իմ արվեստի, իմ աշխարհի մեջ եմ»:
Երգչուհին ասել է նաեւ, որ որքան էլ խոսում է հիասթափությունից, հիմա աշխատում է ավելի շատ, քան այս շրջանում կարող էր պատկերացնել. «Հիասթափությունն այն զգացումն է, որի հետ դեռ երկար պիտի ապրենք՝ կոտրված լինելը, անուժ լինելը, բայց պետք է փորձենք արթնանալ, տրամադրվել աշխատանքի, ժպտալ մարդկանց, փորձել օգտակար լինել»:
BRAVO.am
Լուսանկարները՝ Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: