×


Գուրգեն Խանջյան. «Ահավոր փոսի մեջ ենք. ինքներս մեզ դրեցինք էդ փոսի մեջ»

Գուրգեն Խանջյանը՝ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, որի գրականությունն ունի ներաշխարհը տակնուվրա անելու մեծ ուժ, «Էպիգրաֆ»-ում հանդիպել է ընթերցողներին: Խոսեցինք այս ժամանակաշրջանի դարուփոսերից, խճճված հարցերից եւ ներսում մոլեգնող փոթորիկներից։ BRAVO.am-ն առանձնացրել է զրույցի՝ մտքում երկար մնացող կտորները։

Լավ իմաստով դմբոյանալը վատ չէ: Դա էլ պաշտպանության ձեւ է էս կյանքից։ Քեզ դմբոյի տեղ ես դնում։ 21-րդ դարում այդքան խոսեցինք բարոյականության մասին. «մարդը մարդուն ընկեր է», բայց, ի վերջո, ինչի՞ եկանք։ Աչքի առաջ կոտորում են մարդկանց, իսկ մեծ կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը եւ այլն, ոչինչ չեն կարողանում անել։ 120 հազար հոգու կլարեն էստեղից, էնտեղ կկոտորեն, հետո կհարձակվեն մյուսի վրա՝ առանց որեւէ փաստարկի։

Շփոթված եմ. չգիտեմ՝ իմ հերոսին ինչ անեմ, ուր տանեմ։ Փորձում եմ իրեն վեր գցել, չի գնում. կպած ա էս մոլորակին։ Ներքեւում կատակոմբների շանս չկա։ Հակառակի պես էլ էս դժոխքն էնքան սիրուն ու գրավիչ ա, որ ասում ես՝ դե, էլ ուր գնամ։ Երբ դրսում արեւ է, սիրուն մարդիկ անցնում են փողոցով, քո գրքերի համար գալիս են հանդիպման, մտածում ես՝ դե, լավ ա էլի, երեւի, էսքանն ա։ Իսկ հերոսն ինչքան չարչարվեց՝ հերիք ա էլի։


Իմ բոլոր հերոսները ես եմ։ Կարող եմ հեռու գնալ, բայց ոչ շատ։ Հեռու գնալու դեպքում էլ փորձում եմ գտնել ինձ հետ առնչվող մարդկանց, որ կարողանամ ստեղծել կառույցներ, գրական ճանապարհներ։ Երբ եկա գրականություն, շատ անպաշտպան էի։ Դժվարանում էի ապրել սովորական կյանքով։

Բանակ տարան 24 տարեկանում։ Այնտեղ 18 տարեկան պատանիներ էին: Մի կերպ էդ էլ անցա։ Եկա, համալսարանի դիպլոմով անտառտնտեսություն փորձեցի մտնել, բայց իմը չէր։ Անտառապետը քյարթու էր. փող էր շինում։ Հարցրեց. «Նախկինում քեզ ինչքա՞ն էին տալիս», հարցրի. «Ի՞նչ էին տալիս…»: Դու մի ասա՝ փող պիտի տային, չեն տվել. խաբել են (ծիծաղում ենք,-հեղ.)։

Ավտոբուսով գնում էի Սովետաշենի անտառներ։ Գալիս էի մի սրճարան, որ «Հանճարանոց» կամ «Կոպեկանոց» էին ասում․ երկու անուն ուներ։ Նկարիչներն այնտեղ էին. Քոչարը՝ իր արոմատային ծխախոտով, Լեւոն Ներսիսյանն ու մյուս տղերքը։ Մտածում էի՝ «Գոնե միջին կարգի արվեստագետ լինեիր, գայիր էստեղ, վեր ընկնեիր էլի (ծիծաղում ենք,-հեղ.): 


Երաժշտություն, նկարչություն սիրում էի, բայց հաղթեց խոսքը՝ գրականությունը։ Երկար ժամանակ չէի կարողանում բացվել։ Պատմվածքներ գրում էի, բայց լեզվամտածողությունս չէր հերիքում։ Կոբո Աբեն օգնեց։ Սովետ էր. «Առնետ»-ի նման գործերը չէին տպվում։ Կարեն Սիմոնյանն էլ ասում էր. «Հասկանո՞ւմ ես, որ սենց գրում ես, երբեք չեն տպագրի»։ Բայց ոչ ինքը, ոչ ես չգիտեինք, որ մի քանի տարուց Սովետն էլ չի լինելու։

Նոր գիրքս ավելի կենսագրական է՝ 70-ականների Երեւանի ու մի քիչ Թիֆլիսի մասին, որտեղ ապրել եմ։ Կարոտի ցավը կա։ Լիովին ուրիշ քաղաք էր։ Էսօրվա Երեւանն էլ դրական կողմեր ունի, օրինակ՝ սրճարանները՝ որակով, մատուցմամբ, բայց էն ժամանակ մշակույթի բումն էր՝ Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Աղասի Այվազյան, Հրանտ Մաթեւոսյան...

Ու սրճարանը, որ հիշեցի, որը քանդել, փոխել են, մի ուրիշ երկրում, երեւի, կոսկեզօծեին, կպահեին, որովհետեւ Ֆրունզիկ Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Հրաչյա Ներսիսյանը՝ էդ ժամանակվա բոլոր արվեստագետները, էնտեղ էին այցելում։ Քանդեցին, հիմա դրա փոխարեն իտալական ուտեստներ են մատուցում։


Լավ գրքերը պետք է կարդալ ու ազդվել։ Ազդվիր, դարդոտվիր, հետո, եթե կարողացար ազդեցությունից դուրս գալ, տաղանդ ունես։ Չկարողացար՝ բան չկա. ուրիշ մի բան փորձիր։

Այսօրվա հերոսն էլ գրականության մարդը, նկարիչը, երաժիշտը չի։ Ես հիշում եմ մի ժամանակ, որ ասում էին՝ Քամյու, Սարտր, փշաքաղվում էիր։ Կաֆկա էին ասում, սարսափում էիր։ Էսօրվա հերոսները մենակ հարկատուներն են։

Ահավոր փոսի մեջ ենք: Մենք ինքներս մեզ դրեցինք էդ փոսի մեջ։ Դրեցինք 2018 թ․-ին, հետո առավել եւս՝ 2020 թ․-ին։ Եվ իմ ժողովուրդն ինձ ապշեցրեց: Հա, նախկինները գուցե ուրիշ տեղ են տարել, ձայներ են առել, բայց դու էլ քո ձայներն ես ծախել... Էդ աստիճանի կույր չի կարելի լինել։ Հիմա գոնե արթնանալ է պետք: Երկրիդ մի մասը՝ թուրքի տակ, ընկել ես ճղճիմ բաների հետեւից։ 4 անգամ ընդդիմությունը ոտքի հանեց, ես էլ՝ 70-ն անց մարդ, փողոց եմ փակել։ Մտածում էի՝ փրկության ճանապարհ է։ Մեկ էլ՝ իրենք չկան. մնում ես փողոցում մենակ։


Սկսում եմ վատ մտածել մեր մասին։ Բայց հարյուրամյակներով գոյատեւես, հասնես էստեղ ու հանգիստ կորցնե՞ս։ Ուղիղ թուրքի որջն ենք մտել։ Գուցե նույն թուրքը չէ, բայց նպատակը նույնն է։ Հիսուն տարում փափուկ ուժով կվերացնի քեզ։ Իսկ կրթությունը պիտի լինի մշտական, ոչ թե նորաձեւ։ Կրթությունը գուցե փրկի։ Բայց մենք ժամանակ չունենք։

Ես մինչեւ հիմա էդ պարտվածի վիճակի հետ չեմ կարողանում հաշտվել, որովհետեւ 30 տարի քիթս տնկած ման եմ եկել։ Չարությունը շատ է, իսկ դա վերացնելու համար, երեւի, հակադեպրեսանտներ բաժանենք բոլորին (ծիծաղում ենք,-հեղ.)։ Կրթություն, ինքնաբուժում, մերսումներ՝ սուտ-սուտ բաներ եմ ասում, որովհետեւ ես էլ լուծումը չգիտեմ։ Բայց դա պատճառ չէ, որ իրար չսիրենք, չօգնենք, ուս ուսի չտանք, որ էդ չարությունն էլ հաղթենք: Կարելի է հաղթել։ 

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Լիզա Նեչաեւայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW