×


«Չեմ պատկերացնում որեւէ մեկին, ում հետ կմնայի նման դեպքերից հետո». Արմինե Ճաղարյանը՝ սիրելիի եւ իրենց հաղորդման մասին

Ավարտելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եւ էլեկտրատեխնիկ-ինժեների մասնագիտություն ունենալով՝ Արմինե Ճաղարյանը օրերից մեկ օր որոշեց աշխատել ռադիոյում, ինչը բեկումնային փոփոխությունների սկիզբ դարձավ նրա համար: Նախ նա սկսեց սիրել իր ձայնը, հետո հմտացավ հաղորդավարի մասնագիտության մեջ, դե, իսկ ամենաճակատագրական փոփոխությունը սիրելիի՝ Վահե Խաչատրյանի հետ հանդիպումն էր: Հաղորդավարուհին BRAVO.am-ին պատմել է ռադիոյում աշխատելու եւ հումորի ասպարեզից ընտրյալի հետ հարաբերությունների մասին:

«Սովորելու տարիներին, չնայած ընտրածս մասնագիտությանը, տարված էի գրելով, ստեղծագործում էի՝ սցենարներից մինչեւ արձակ, ինչը հետո արդեն տարա ռադիոյի հարթակ. ուղիղ եթերում փորձում էինք ստեղծագործել ռադիոունկնդիրների հետ: Իմ առաջին աշխատատեղը եղել է «ArmRadio-ն. վարում էի հեղինակային «ՌադիոԲլոգ» ծրագիրը: Ինձ փորձել եմ նաեւ այլ հարթակներում՝ վերջին տարիներին կառուցել եմ բավական հաջող կարիերա մարքեթինգի ոլորտում՝ որպես կրեատիվ մարքեթինգի խորհրդատու, եւ չնայած համատեղության բարդությանը՝ ռադիոն թողնելը բացառվում է: Հաղորդավարությունն ինձ համար պարտադիր առաջնահերթություն է: Բացի իմ «ԱրմինԼայվ» հաղորդումը, որը մարքեթինգի, բիզնեսի ու մոտիվացիայի մասին է, ընտրյալիս հետ վարում ենք «Զիջե՞լ, թե՞ վիճել» հաղորդումը: Վահեն անունն այնքան դիպուկ է ընտրել, որ, կարծում եմ, ողջ էությունը փոխանցում է: Ցանկացած մարդու կյանքում այդ անձնական հարաբերությունները կարեւոր են, ամեն օր մենք ընտրություն ենք անում՝ զիջե՞նք, թե՞ վիճենք, իսկ թեմաներն անսպառ են: Փորձում ենք վերցնել ամենաիրականները՝ ընտանիքի հետ ապրե՞լ, թե՞ առանձին, դավաճանությունը ներե՞լ, թե՞ ոչ... Շինծու որեւէ բան չկա, մենք քննարկում ենք հարաբերություններն այնպես, ինչպես կքննարկեինք եթերից դուրս»,- նշեց Արմինեն եւ հավելեց, որ իրենց հաղորդումը նոր խոսք է հայկական ռադիոեթերում:

Վահե Խաչատրյանը եւ Արմինե Ճաղարյանը


Հաղորդումը կարելի է համարել հայկական առաջին «ռադիոռեալիթին», քանի որ ունկնդիրը եթերում սկսեց հետեւել նրանց հարաբերությունների զարգմացմանը. սկզբում նրանք ուղղակի հանդիպում էին, հիմա արդեն նշանված են: Ի դեպ, նրանց ծանոթյան պատճառը եւս եղել է ռադիոն: Դանդաղ զարգացող հարաբերությունները ժամանակի ընթացքում դարձել են ամենաամուրը:

«Մեր ընդհանուր ընկերոջը՝ Մոսին, հրավիրել էի եթերի, նա էլ որոշել էր ընկերոջ հետ գալ: Այդ հանդիպումից հետո ասացի, որ ինձ հետաքրքիր է կին եւ տղամարդ հարաբերությունների մասին հաղորդում անել: Ամենայն հավանականությամբ նա սխալմամբ դա ընդունեց որպես ակնարկ, եւ մենք հարաբերություններ սկսեցինք, բայց ոչ՝ հաղորդում: Միայն 2 տարի անց եկանք այս հաղորդումը սկսելու մտքին: Շատ դանդաղ զարգացող հարաբերություն էր՝ քայլ առ քայլ, անշտապ, երկուսս էլ մեծ ակնկալիքներ չունեինք սկզբից, պարտավորվածություն չէինք զգում եւ չէինք էլ փնտրում հենց այդ միակ ընտրյալին. շատ բնականոն եւ հասուն կերպով կայացած հարաբերություններ են: Հիմա հասկանում եմ, որ դա լավ է, քանի որ երբ մտածում ես ամուսնանալու կամ այդ միակին գտնելու մասին, ակամայից սկսում ես գնահատել` սա լավ է, նա վատ է, որտեղից է, ինչ է եւ այլն... Մյուս ծայրահեղությունն էլ կա, երբ ինքնամոռաց սիրահարվում ես՝ չհասցնելով գիտակցել, դա էլ է սխալ: Մերն ամենաբնականն էր: Ես հիացած էի՝ հանդիպելով տղամարդու, ով հիստերիաներ, դրամաներ չի անում, կշռադատված, կնամեծար ու խոր մարդ է, ում հետ մենք ունեցել ենք երկու շատ ծանր դեպք, որոնք ստուգեցին մեր հարաբերությունների լրջությունը եւ սերը: Չեմ պատկերացնում որեւէ մեկին, ում հետ կմնայի նման դեպքերից հետո: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ հարաբերություններում կարեւոր է հարգանքը եւ հասունությունը, ցավոք, թե բարեբախտաբար, գուցե սիրուց առավել: Սերը թմրանյութ է, առանց որի չի լինի, բայց միայն դրանով չէ»,- պատմեց Արմինեն:

Արմինե Ճաղարյանը


Հաղորդավարուհու խոսքով՝ երբեք չի մտածել, որ հենց հումորի բնագավառից պետք է լինի ընտրյալը, բայց Վահեի շնորհիվ հասկացել է, որ հումորը շատ կարեւոր է. միանգամից ցույց է տալիս մարդու էությունը.«Ասա՝ ինչի վրա ես ծիծաղում, ասեմ՝ ով ես դու: Հիմա ես լուրջ չեմ կարողանում վերաբերվել մարդկանց, ովքեր իրենք իրենց կամ իրենց գործը, դիրքը, կարիերան շատ լուրջ են ընդունում: Դա առնվազն զավեշտալի է: Ու չենք մոռանում, որ բոլոր հիմար որոշումները լուրջ դեմքով են ընդունվում»:

Միասին աշխատող զույգերի դեպքում հաճախ սկսվում են գործնական տարաձայնություններ, որոնք անձնական հարաբերությունների ներդաշնակության վրա էլ կարող են ազդել, բայց այս ամենն Արմինեի եւ Վահեի մասին չէ:

Արմինե Ճաղարյանը եւ Վահե Խաչատրյանը


«Բախումներ, երկար զրույցներ լինում են, բայց ես վստահում եմ իր ճաշակին ու պրոֆեսիոնալիզմին: Եթե պնդում է, ուրեմն՝ մի բան գիտի: Ժամանակի հետ նա վերցնում է իմ կարգապահությունը, աշխատանքի մեջ կազմակերպվածությունը, ճաշակը, իսկ ես վերցնում եմ իր կոմերցիոն մտածելակերպը, ստեղծագործական մոտեցումը եւ էներգիան: Կարծում եմ՝ մենք լավ թիմ ենք, բայց դեռ չենք սկսել աշխատել մի նախագծի վրա, որտեղ ամբողջովին կներդնենք մեր ստեղծագործական ներուժը»,-եզրափակեց Արմինեն:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմինե Ճաղարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW