×


«Անհայտ բաժանորդը» բեմում է. Չոբանյանի դժվար վերադարձը, Ավետիսյանի «փոքրիկ սատանան» ու Խաչիկյանի ցավալի փորձը

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերայից 6 տարի անց Արշո Հարությունյանը որոշել է նորից հավաքել նույն դերասանական կազմն ու այս անգամ ներկայացում բեմադրել։ Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը եւ Արթուր Մանուկյանն արդեն բեմի վրա են փորձում բացահայտել՝ ինչ են իրարից թաքցնում հեռախոսներում:

Ընկերների՝ առաջին հայացքից ջերմ ու անմիջական թվացող հավաքույթը վերածվում է գաղտնիքների ու դավաճանության բացահայտման, միմյանց չասված ու իրարից թաքցված պատմությունների վերծանման պատճառ։ Իսկ գլխավոր մեղավորը բջջային հեռախոսն է, ավելի ճիշտ՝ խաղը, երբ բոլորը համաձայնում են բարձրաձայն կարդալ իրենց հաղորդագրություններն ու բարձրախոսով պաատսխանել զանգերին։ Պարզվում է՝ նույնիսկ իրենք չէին պատկերացնում, թե որքան գաղտնիքներ ու մութ անկյուններ կան ծանոթ մարդկանց հոգիներում ու հեռախոսներում։


Իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմը, որ տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում եւ Ռուսաստանում, Հայաստանում արդեն նաեւ ներկայացման ձեւաչափով է, ինչի համար ուրախ է Մարջան Ավետիսյանը։

«Մեր բախտը բերել է, որ Արշալույս Հարությունյանը որոշել է այն պիեսի վերածել ու բարձրացնել թատրոնի բեմ։ Հիմա բոլորս ավելի հասուն ենք, իսկ գործը չի կորցրել իր արդիականությունը։ Ֆիլմից հետո բոլորս իրար շատ էինք կարոտել, դրան էլ գումարվեց կերպարների միջոցով այսօրվա միջանձնային բարդ հարաբերությունների մասին բեմից խոսելու անհրաժեշտությունը։ Այս ներկայացումը մեր հասարակության մասին է, իսկ արծարծվող թեմաները բոլորին են հետաքրքիր։ Թվում է՝ տեխնոլոգիական դարում ազատ ենք, բայց իրականում սահմանափակված ենք այս սեւ արկղով, որն ամենուր տանում ենք մեզ հետ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին։


Նա մեջբերել է նաեւ իր գործընկերոջ՝ Նազենի Հովհաննիսյանի իմպրովիզը, որի կարծիքով՝ հիմա մարդիկ նույնիսկ վախենում են մեռնել, քանի որ իրենցից հետո այնքան շատ տեղեկություններ են մնում տեղեկատվական «ամպիկներում»։

Մարջան Ավետիսյանը չէր համաձայնի իրական կյանքում մասնակցել ներկայացման մեջ առաջարկվող խաղին. «Մեր հերոսներից մեկն ասում է. «Մենք շատ փխրուն ենք, ու սա հիմար խաղ է»։ Լավ կլինի՝ չիմանանք, թե ինչ կա միմյանց հեռախոսներում, որովհետեւ բոլորիս մեջ էլ մի փոքրիկ սատանա կա, որի մասին բացեիբաց խոսելու համարձակություն չունենք»։

Բաբկեն Չոբանյանի համար նույն գործին ներկայացման տեսքով անդրադառնալու ամենամեծ գրավականը եղել է «երազանքի թիմի» հետ եւս մեկ անգամ աշխատելը։ Նա դա արել է հաճույքով, բայց եւ դժվարությամբ։


«Բարդ էր, քանի որ հոգեբանորեն այս նախագծին արդեն հրաժեշտ էինք տվել, բայց պարզվեց՝ շտապել էինք։ Հաճելի էր, որ նորից միասին հավաքվեցինք. ոչ մեկը չէր կարող բաց թողնել միասին աշխատելու առիթը։ Ժամանակի ու տարիքի հետ մեր կերպարներն, իհարկե, որոշակի վերափոխումներ են ապրել, եւ այդ փոքրիկ փոփոխությունները կենդանություն են հաղորդել ներկայացմանը»,- նշել է նա։

Չոբանյանի համար կարեւոր էր հեռախոսներից կախվածության մասին խնդրին նաեւ հիմա անդրադառնալ, քանի որ, ցավոք, տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ավելի է վատացել։


Իսկ ահա Անի Խաչիկյանի կյանքում 6 տարվա ընթացքում շատ տեղաշարժեր են եղել. ֆիլմի նկարահանումների ժամանակ նրա որդի Տեսլան մի քանի ամսական էր, իսկ հիմա արդեն դպրոց է հաճախում։ Բնականաբար, դերասանուհու փոփոխությունները չէին կարող չազդել նաեւ կերպարի վրա, բայց նա ամեն կերպ փորձել է դրա դեմն առնել. «Որովհետեւ նա ունի իր հստակ տեսակն ու արտահայտչամիջոցները, դրա համար փորձում էի այնպես անել, որ իմ փոփոխությունները չանդրադառնան կերպարիս բնավորության վրա»։

Սա Արշո Հարությունյանի երկրորդ ներկայացումն է, որում Խաչիկյանը խաղում է. մինչ այդ «Հարսանեկան Ping Pong»-ն էր: Դերասանուհին հասցրել է ռեժիսորին լավ ճանաչել, առաջին հերթին նշում է նրա խստապահանջությունն ու մանրակրկիտ աշխատանքը։ Խաչիկյանն ընդգծել է ջերմ ու ստեղծագործական մթնոլորտը, երբ բոլորն էլի օգնել ու իրարից նաեւ սովորել են. «Փորձերի ժամանակ նույն դրվագների վրա էլի ծիծաղել ենք ու հումորներ արել: Իրարից վերցնում էինք ու տալիս։ 1 ժամ 40 րոպե իրար հետ այդ փոխհարաբերությունների մեջ ենք ու մտերմությունն ավելի է ամրապնդվում. պետք է իրար հանդեպ ավելի ուշադիր ու հոգատար լինենք»։


Խաչիկյանը չի թաքցնում, որ իրենք էլ փորձել են հասկանալ, թե արդյոք կարող են կերպարների պես համարձակ լինել ու ընդունել առաջարկվող խաղի կանոնները։ Նա կարծում է, որ դրանք հատկապես վտանգավոր ու սադրիչ կարող են լինել զույգերի դեպքում։

«Սովորաբար, մեր ընկերների հետ ավելի անվտանգ ու ապահով ենք զգում։ Ինքս այս խաղին կմասնակցեի, քանի որ հանգիստ եմ. իմ օրակարգում չկա մի այնպիսի տեքստ, նկար կամ նյութ, որը կարող է իմ շուրջը գեթ մեկ մարդու խոցել։ Բայց ունենալով հեռախոսի մեջ մտնելու ու դրա արդյունքում շատ ցավոտ իրականության հետ առերեսվելու անձնական փորձառություն, չէի ցանկանա ուրիշներին նման պատասխանատվության առաջ կանգնեցնել»,- ավելացրել է Խաչիկյանը։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW