«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել: Կազմակերպիչներն արդեն հայտնել են միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահի անունն ու հրապարակել պաշտոնական պաստառները։
Նկարիչ Դավիթ Քոչունցը BRAVO.am-ին պատմել է, որ պաստառները նկարազարդելու առաջարկը ստացել է «Ոսկե ծիրան»-ի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանից:
«Կինոն մեծ ուսուցիչ է ինձ համար, ոգեշնչում վաղուց կար ու լավ առիթ էր մի փոքր մասով կինոյին վերադարձնել այն, ինչ ստացել եմ նրանից: Նկարազարդումների այս շարքը կարող էր շատ ավելի երկար լիներ, բայց քանի որ առաջարկը ստացել եմ մայիսին, ժամանակը շատ քիչ էր: Բացի այդ էլ, մայիսի 20-ին պետք է մեկնեի Ֆրանսիա՝ մասնակցելու Սենտ-Էտիենի դիզայնի միջազգային բիենալեին, որտեղ Հայաստանին տրամադրված տաղավարում ներկայացվեց նախորդ տարվա «Ոսկե ծիրան»-ի համար իմ հեղինակած «Տեղորոշում» կարմիր գորգը: Այն ստեղծվել է համադրող Նայիրի Խաչատուրեանի գլխավորությամբ ու AHA collective-ի շնորհիվ»,- ասել է նա:
Նկարչի համար կարեւոր էր, որ պաստառները լինեն պարզ, բայց եւ ազդեցիկ, ուժեղ տպավորություն թողնող: Քոչունցի խոսքով՝ պաստառներին լավագույն բնորոշումները տրվել են կինոփառատոնի պաշտոնական ու Կարեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջերում:
Կինոփառատոնի տնօրենն այսպես է նկարագրել աշխատանքները. «Crash. բախման զգայականը՝ ըստ Դավիթ Քոչունցի, ինչպես նաեւ Քրոնենբերգի, Բունյուելի, Լինչի, Հիրոշի Տեշիգահարայի՝ կինոյի պատմության անմոռանալի պատկերների, խզման, բախման, մոլուցքի եւ զգայունության մասին: Սյուրռեալիստական ժպիտներ ու ահասարսուռ սպառնալիքներ իրականության եւ երազի միջեւ այն անորոշության մեջ, որը խոցում է, փոխում եւ ցնցում»:
«Տեսողական հրավերով հուլիսի 13-20-ը տեղափոխվելու ենք մեծ կինոյի տիեզերք, որտեղ գոյակցում են գեղեցկությունն ու բռնությունը, փլուզումն ու բախումը, աբսուրդն ու մտերմությունը»,- նշված է «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական էջում:
Քոչունցը դժվարանում է նկարագրել պաստառները, նշում է՝ իր զգացածն ու տեսածն արդեն իսկ արտահայտել է նկարների միջոցով. «Միայն կասեմ, որ նկարազարդելիս նախընտրում եմ քիչ գույն օգտագործել, իսկ կարմիրը շատ է հզորացնում պատկերը»:
Նրա խոսքով՝ «Ոսկե ծիրանը» Հայաստանի ամենամեծ եւ կարեւոր փառատոնն է, որը կինոյի միջոցով միավորում է բոլորիս. «Ուրախ եմ, որ արդեն երկրորդ տարին եմ նրա մի մասը կազմում՝ նախորդ տարի գորգերով, իսկ այս մեկին՝ նկարազարդումներով»:
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Պաստառները՝ Դավիթ Քոչունցի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: