×


«Դա կարող է մեզ սխալ տեղ տանել». Ադրիանա Գալստյան

Հեռուստանախագծերից հայտնի Ադրիանա Գալստյանն ավելի քան երկու տարի է՝ բացակայում է էկրանից: Դերասանուհին այս շրջանում ավելի շատ լուսանկարահանումների է մասնակցում եւ յուրովի բացահայտում, ներկայացնում գեղեցիկն ու ներդաշնակը:

BRAVO.am-ի հետ զրույցում Ադրիանան խոսել է սերիալներում չնկարահանվելու, անկախ, սկզբունքային լինելու մասին, եւ ոչ միայն: Նաեւ տրամադրել է իր նոր ֆոտոշարքը:

Հրաժարվել է

Արժեհամակարգ, դիրքորոշում եւ սկզբունքներ ունեմ, որոնք շատ կարեւոր են ինձ համար: Եթե որեւիցե բան կարող է հակառակ լինել այդ սկզբունքներին, շատ հեշտությամբ կարող եմ հրաժարվել դրանից:

Ադրիանա Գալստյանը


Չեմ ուզում նկարահանվել սերիալներում եւ լինել նմանատիպ երկար համագործակցություններում: Դա աշխատանքին վերաբերող սկզբունք է:
Ինչ վերաբերում է այլ համագործակցություններին, կլինեմ անկեղծ՝ կային բաց, համբույրի տեսարաններ, որտեղ չէի կարող նկարահանվել: Դա դեմ է իմ սկզբունքներին: Կապ չունի՝ տեսախցիկի առջեւ է, թե ոչ: Սա քննադատություն չէ այն մարդկանց, որոնք նկարվում են նմանատիպ տեսարաններում: Իմ դիրքորոշումն է եւ հիմնական պատճառը, որ շատ հեռուստանախագծերից հրաժարվել եմ:

Ինձ համար հեշտ է հրաժարվել ինչ-որ բանից, որը դեմ է ինձ, իմ հոգուն: Խաղաղությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի: Հիմա համագործակցում եմ տարբեր ապրանքանիշերի հետ՝ ներկայացնելով նրանց հագուստը: Ավելի հանգիստ եմ զգում, քան երբ ռեժիսորն ինձնից կպահանջի անել մի բան, որը ես չեմ ցանկանա, ինչի հետեւանքով էլ կոնֆլիկտ կլինի:

Զբաղվածություն

Մասնագիտությամբ թարգմանչուհի եմ եւ այս ընթացքում դասավանդում եմ անգլերեն, միաժամանակ կոմերցիոն համագործակցություն ունեմ տարբեր բրենդների հետ:

Անկեղծ, չեմ հասցրել կարոտել նկարահանման հրապարակը, քանի որ այս ընթացքում եղել եմ այնտեղ, աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ: Ինձ համար տարբերություն չկա, նույն գործընթացն է:

Ադրիանա Գալստյանը


Բնության սիրահար

Այս ֆոտոշարքը կբնութագրեմ այսպես`«Ես սիրում եմ բնությունը»: Գաղափարը լուսանկարչինն է եղել: Վայրը շատ հետաքրքիր կերպով բացահայտեցինք նախ՝ որպես հանգստվայր, հետո`գեղեցիկ լուսանկարներ ունենալու հրաշալի տարբերակ: Ամեն լուսանկար անելիս այնքան էի տարվում թռչուններով, Սեւանա լճի գեղեցկությամբ, որ կերպարիս վրա հազիվ էի կենտրոնանում: Այնքան գեղեցիկ ու ներդաշնակ էր ամեն ինչ, որ ուզում էի ժամերով նստել, նայել ու վայելել այդ ամենը:

Շատ հագեցած օր ունեցանք: Որոշեցինք, որ շարունակական լինի շարքը, պարբերաբար գեղեցիկ վայրեր բացահայտենք ու ֆոտոշարքերի միջոցով ներկայացնենք: Անկեղծ ասած, Երեւանի բոլոր վայրերն արդեն իսկ բացահայտված են մեզ համար:

«Պետք չէ մարդուն երկրպագել»

Շատերը սոցցանցային իմ էջերին գրում են, որ ուզում են կրկին ինձ էկրաններին տեսնել: Իհարկե, շատ հաճելի է լսել նման արձագանքներ: Չեմ սիրում երկրպագու բառը: Առհասարակ, պետք չէ մարդուն երկրպագել: Մարդկանց նամակներն ու մեկնաբանությունները դրական են: Ուրախ եմ, որ նրանք հասկացել են իմ տեսակն ու ընդունում են ինձ: Դա շատ է ուրախացնում:

Հաճելի է, որ ինձ չեն մոռացել: Հաշված դեպքեր են եղել, երբ իմ մասին վատ մեկնաբանություններ կամ հաղորդագրություն եմ ստացել: Շատ նորմալ եմ նայում. դրանք ինձ չեն խոցել: Ես չեմ վիրավորվում մարդկանցից, որովհետեւ անսխալ մարդ չկա: Եթե իր խոսքը, ձեւակերպումը սխալ է եղել, ոչինչ: Երբեմն գուցե մենք էլ ենք  ինչ-որ մեկի հանդեպ սխալ եղել: Բայց որքան էլ խոցելի չէ, միեւնույն ժամանակ, հաճելի չէ տեսնել վատ մեկնաբանություններ այլ մարդկանց հասցեին:


«Փորձում եմ ոչնչից կախում չունենալ»

Այս կյանքում չկա հարատեւություն: Դու կարող ես հայտնի լինել եւ մեկ օր էլ մոռացվել: Այդ տեղը կարող է լրացնել մեկ ուրիշը: Կարող ես ամեն ինչ ունենալ եւ հաջորդ օրն իսկ կորցնել: Փորձում եմ ոչնչից կախում չունենալ՝ ո՛չ աշխատանքից, ո՛չ հայտնիությունից: Պետք է ազատ լինել:

Անձնական

Եթե հայտնվի այն մեկը, ով պետք է լինի իմ կողքին, պիտի լինի իմ ամուսինը, ընկերներս եւ իմ հետեւորդները կտեսնեն եւ կիմանան նրա մասին: Ավելին ասել չեմ կարող: Մարդիկ հետաքրքրասեր ենք: Այդ հետաքրքրասիրությունը կարող է մեզ սխալ տեղ տանել:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Մանե Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW