×


Իրինայի ոճափոխությունը եւ Իննայի ու Բենի հետ սիրային եռանկյունին

«Կհանդիպենք անտառի տնակում»՝ այսպես է կոչվում 25 մասանոց նոր սերիալը, որի նկարահանումները մայիսի 15-ից մեկնարկել են: Նախագծի դերասանական կազմում է Իրինա Այվազյանը, որի հետ էլ զրուցել ենք նոր կերպարի, ոճային փոփոխության, նկարահանումների եւ խաղընկերների մասին:

«Չեմ կարող ասել՝ երբ կցուցադրվի, հավանաբար, ամռանը: Առաջարկը ստացել եմ իմ նախկին անձնակազմի անդամներից մեկից, միանգամից համաձայնել եմ, քանի որ ինձ համար առաջնայինն անձնակազմն է, իսկ այստեղ գրեթե բոլորին ճանաչում եւ սիրում եմ: Քանի որ նկարահանումները քաղաքից դուրս էին լինելու եւ մենք միասին պետք է ապրեինք, ինձ համար անձնակազմի կարեւորությունն ավելի մեծացավ»,-պատմել է Իրինան:

Իրինա Այվազյանը


Նա կմարմնավորի Սոնային: Ասում է՝ շատ է սիրել հերոսուհուն եւ մեծ սիրով է աշխատում.«Նկարահանումների այլ առաջարկներ եւս ունեցել եմ այս ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել համագործակցությունը: Կարծում եմ, որ ավելի լավ է սպասել, քան ամեն ստացած առաջարկ միանգամից ընդունել: Միշտ մտածում եմ՝ ուրեմն ինձ ավելի լավ նախագիծ է սպասվում: Եվ միշտ այդպես էլ եղել է»:

Իրինայի հիմնական խաղընկերները Իննա Խոջամիրյանն ու Բեն Ավետիսյանն են, որոնց մարմնավորած կերպարների հետ էլ կազմում են սիրային եռանկյունի.«Հեշտ ու հավես է աշխատելը: Անկեղծ, բոլորին շատ սիրում եմ: Կարծում եմ, այս ընթացքում միասին ապրելն ավելի կամրապնդի մեր բոլորի հարաբերությունները եւ շատ հնարավոր է՝ ավելի մտերմացնի»:


Նախագծում նկարահանվում են նաեւ Լիա Զախարյանը, Գոշը, Կարեն Ճաղարյանը, Ջուլի Եղիազարյանը, Ալինա Ավետիսյանը, Գեորգի Գալստյանը եւ այլք:

Հատուկ այս նախագծի համար դերասանուհին ոճային փոփոխություն է արել՝ կրկին վերադառնալով երկար եւ մուգ վարսերին.«Համարյա սպիտակ եւ շատ խնամված մազերս չէին համապատասխանի գյուղի աղջկա կերպարին: Ռեժիսորի հետ հասկացանք, որ պետք է ոճափոխություն անենք, ինչքան էլ հազիվ էի հասել վարսերի իմ ուզած երանգին եւ նոր-նոր սկսում էի վայելել: Բայց վստահ կասեմ, որ չեմ փոշմանել, որովհետեւ այժմ ավելի կարեւոր էր կերպարին համապատասխանելը, ռեժիսորին, ինձ ու հեռուստադիտողին գոհացնելը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իրինա Այվազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին