×


Սաֆարյանները՝ պատերազմի, ամենամեծ ցավի, համատեղ համերգների եւ Էլենի մասին

Սաֆարյան եղբայրները հանդես են գալիս համերգային նոր ձեւաչափով։ BRAVO.am-ը հանդիպել է նրանց եւ Էլենին (Արսեն Սաֆարյանի դուստրը), որն արդեն վստահ քայլերով մուտք է գործում երգարվեստ։ Զրուցել ենք ելույթների, պատերազմի դաշտում  միասին անցկացրած օրերի ու այլ թեմաների մասին։ Սաֆարյանները կարծում են, որ իրենց համատեղ համերգներն ուշացած չեն։

Արթուր Սաֆարյան. Ասում են՝ ուշացած սերը միշտ քաղցր է. որքան ուշանում է, այնքան հասունանում է (ծիծաղում է,-խմբ): Մեր տանը, ընկերական շրջապատում  խարույկի շուրջ միշտ նվագել ենք երկու կիթառով ու որոշեցինք փորձել. գուցե հետաքրքիր լինի։  

Արսեն Սաֆարյան. Հանրությունը երկուսիս կիթառով տեսավ համավարակի օրերին։  Երբ բոլորը փակված էին տանը, իսկ շփման միակ վայրը մնացել էր համացանցը, որոշեցինք երկու եղբայր համերգային փոքրիկ ծրագիր ներկայացնել։ Նաեւ մտածում էինք, որ այն կարող է ցուցիչ լինել՝ արդյոք հանդիսատեսը մեզ կընդունի այս ձեւաչափով, թե՝ ոչ։ Լիովին այլ պատկեր ես ստանում, երբ պարզապես ընկերներիդ  համար ես նվագում, եւ երբ էկրանից այն կողմ քեզ դիտում են շատ-շատերը։ Մոտ երկու ժամ այդ համերգը տեւեց, ու մեկնաբանություններից  հասկացանք՝ մարդկանց դուր եկավ։ Ասեմ ավելին՝ երգեր կան, որ ակուստիկ ավելի լավ են հնչում։ Մշակեցինք համերգային ծրագիր ու այժմ պարբերաբար տարբեր ակումբերում երգում ենք։ Իրականում ես սա համարում եմ վերադարձ արմատներին, քանի որ վերադարձել ենք նրան, ինչից սկսել ենք։ Հուսամ՝ կգա ժամանակ, որ այս ձեւաչափով հանդես կգանք համերգային դահլիճներում ու արտերկրում։

Արսեն եւ Արթուր Սաֆարյանները


Արթուր Սաֆարյան. Գիտե՞ս, եթե ես լինեի բարձր կարգի զոդող, դժվար թե բեմում միասին լինեինք։ Ես այս բնագավառում ինչ-որ չափով կամ, դրա համար միասին երգում ենք։ Ուղղակի հիմա հասունացավ պահը։ Ինչպես Արսենն է ասում՝ ամեն ինչ՝ իր ժամանակին։ Տարիներ առաջ գրվեց «Օգնիր ինձ, Մարիամ» ստեղծագործությունը. երկար ժամանակ դարակումս էր։ Արսենին ամեն անգամ ասում էի,  որ երգի, ասում էր. «Չէ, դեռ պատրաստ չեմ այդ երգը երգել»։ Տարիներ հետո միայն երգեց, ու հասկացա, որ ճիշտ էր։ Նախագիծն էլ ուշացած չէ, քանի որ ես դեռ բավական երիտասարդ եմ։



- Արթուր, քեզ հանդիսատեսը գիտի՝ որպես Արսենի երգերի խոսքերի հեղինակ, հիմա կտեսնի նաեւ՝ որպես երաժիշտ, երգիչ:

- (Ժպտում է,-խմբ․) Հեշտ բան չի. դու ուղղակի չես գնացել անտառ՝ ընկերներիդ հետ լավ ժամանակ անցկացնես ու մի հատ էլ երգես նրանց համար։ Դու մարդկանց պետք է հույզերդ, զգացմունքներդ փոխանցես։

Արսեն Սաֆարյան. Շոու բիզնես է մտել (ծիծաղում է,-խմբ․)։ Ավելին, երբ ինչ-ինչ   պատճառներով ուշանում եմ փորձից կամ ասում եմ՝ փորձ չենք անելու, ասում է. «Համերգս փչացնում ես» ։

- Արթուր, դու նաեւ այլ կատարողների համար ես  խոսքեր գրել, Արսենը երբեւէ չի՞ խանդել, ասել՝ դե, այդ խոսքերն իր երաժշտությանն ավելի կհամապատասխանեն։

Արսեն Սաֆարյան. Իհարկե, եղել է, բայց ձայն չեմ հանել, մեծ եղբայրս է, չէ՞ (ժպտում է, - խմբ․):

Արթուր Սաֆարյան. Չէ, ընդհակառակը, ինձ միշտ ոգեւորել է, համ էլ ամեն բան չե՞նք բացահայտելու։

- «Գնում ենք կռիվ ախպերս ու ես» երգն, իհարկե, դուք չեք երգում, բայց այն ձեզ  կարելի է վերագրել, քանի որ երբ պատերազմը սկսվեց, երկու եղբայր կամավոր  մեկնեցիք ճակատ։ Ինչպես ասում են, դուք միասին եղաք նաեւ ռազմի դաշտում։

Արթուր Սաֆարյան. Որեւէ տարօրինակ բան չկա, որ ես ու Արսենը համ բեմում ենք միասին, համ էլ՝ պատերազմի դաշտում։ Եթե հրաշք լինի, ու մենք՝ բոլորս, իրար վերաբերվենք եղբոր պես, մեկս մյուսին մենակ չթողնենք ու մի չնչին տոկոս ավելացնենք մեր մարդ լինելը, մեզ մոտ ամեն ինչ ավելի լավ կստացվի։

Արցախի Կուսապատ գյուղում


- Դժվա՞ր չէր երկուսով լինել մարտի դաշտում։

Արսեն Սաֆարյան. Հենց պատերազմի դաշտում հասկացա, որ երկու եղբայր չպետք է  միասին լինեն։ Լարվածությունը շատ մեծ է։ Հիմա հումորի եմ վերածել, ասում եմ, որ աշխարհի բոլոր վայրերում ինձ շատ ջերմ ու սիրով են դիմավորել, բայց նման հրաշալի ու մահաբեր «հրավառությամբ» ինձ չէին դիմավորել: Իսկ այդ «հրավառությունը» տեւեց 14 ժամ ու ինտենսիվ: Առաջին մի քանի ժամից հետո այն դարձավ սովորական, ու ձայներից սկսում ես գուշակել, հասկանալ, թե ինչ զինատեսակներից են կրակում, ֆիքսում ես լիցքավորման դադարները: Այդ ընթացքում հասցնում ես երկու բառ փոխանակել խրամատիդ ընկերոջդ հետ, հետո նորից կրակ, ու միտքդ կիսատ ես թողնում՝ շարունակելու հույսով: Այդ պահին հասկանում ես, որ քո վերադարձը 50/50-է։ Այս պարագայում սկսում ես մտածել նաեւ կողքիդ փոսում գտնվող եղբորդ մասին։  

Արթուր Սաֆարյան. Շատ դժվար է, բայց մեդալի մյուս կողմն էլ պիտի նայես։ Դու մի փոսի մեջ ես, եղբայրդ՝  20 կմ այն կողմ մեկ այլ փոսի մեջ։ Տագնապին միանում է անորոշության որդը։ Ռմբակոծություններ, կրակոցներ, պայթյուններ։ Բայց այդ ամեն ինչից հետո տեսնում ես իրեն, ձայն ես տալիս։ Իմ կարծիքով՝ եթե մարդը պատերազմի դաշտում է, արդեն դժվար է։

Արսեն Սաֆարյան. Ամեն դեպքում երկու եղբայր չպետք է միասին գնան:

Արթուր Սաֆարյան. Մեծն, Արսեն, պետք է գնա, քանի որ մեծն ավելի շատ է կյանք տեսել ու ուրիշ հոգեբանություն ունի։

- Արթուր, մարտական գործողությունները քեզ ծանոթ էին դեռ առաջին պատերազմից։ Այն ժամանակ, իհարկե, վավերագրում էիր, իսկ այս պատերազմն էլ ե՞ս նկարահանել։   

- Երբ մեկնեցինք պատերազմ, տեղակայվելուց հետո բարձրացանք դիրքեր ու մարտական «մկրտությունը» ստացանք երրորդ օրը։ Զենքից, զրահաբաճկոնից ու զինամթերքից զատ, իմ ձեռքում կար նաեւ տեսախցիկ։ Այդ բեռի տակ 10 վայրկյանը   մեկը գետնին էինք պառկում, վեր կենում։ Անկեղծ ասած՝ ոչ մի տրամադրություն   չկար նկարելու. մարդիկ մի կերպ փոս էին գտնում ու թաքնվում, բայց հետո մասնագիտական խանդս հաղթեց: Պարզվեց՝ հսկայական նյութ եմ նկարել։

- Պատերազմից անցել է արդեն 8 ամիս, բայց մեր օրը սկսվում եւ ավարտվում է՝ պատերազմի մասին խոսելով։ Զգացմունքները տարբեր են, բայց ասում են՝ դատարկությունն է առաջին հորիզոնականում։ Ձեր դեպքում ինչպե՞ս է ու ի՞նչ «դեղահաբ» օգնեց այդ վիճակից դուրս գալու համար։

Արսեն Սաֆարյան. Նախ պետք էր պատերազմի սթրեսից դուրս գալ։ Սկզբում   սարսափելի երազով, քրտինքի մեջ կորած արթնանում ես ու չես կարողանում քնել։ Պատերազմի հոտն անընդհատ զգում ես. վառած հողը, պայթյուններն ականջիդ մեջ։ Երգելու մասին չէի էլ մտածում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ էլի ասելիք կա, իսկ եթե հոգեբանական վիճակը կայուն է, ինչ-որ բան ես տեսնում, հետեւաբար, պետք է ստեղծագործես։ Իհարկե, գրած հին երգերը սկսում ես այլ կերպ լսել, տեսահոլովակն այլ կերպ նայել։ Ինձ մոտ պատերազմի դաշտում դեժավյու եղավ. «Պարոնայք սպաներ» երգի տեսահոլովակի մարտի դաշտում նկարահանված խարույկի պահը բնական եղավ։ Վերջերս Արթուրը մի երգ է գրել՝ «Իմ հարեւանը», բայց իմ հարեւանը հենց Երեւանն է։ Ու շոշափել է թեմաներ, որոնք մեզ այսօր  անհանգստացնում են։ Ես ուզում եմ՝ այն դատարկությունը, որ ստեղծագործողները   զգացել են, շուտ անցնի, քանի որ բոլորի երգերը կարեւոր են։

Արմինե Գեւորգյանը եւ Արսեն Սաֆարյանը


- Պատերազմից հետո մի շարք երգեր ծնվեցին: Չե՞ք պատրաստվում այդ թեմայով նոր երգ ներկայացնել։

Արթուր Սաֆարյան. Ես ոչ մեկին ոչինչ չեմ ուզում ասել, բայց երգ ծնելը մի բան է, երգ սարքելն՝ այլ բան։ Ամեն մարդ անում է այն, ինչ բխում է իր արժեքներից։ Երգը արտադրություն չի, որ տաշես այդ դետալն ու հանես շուկա։ Պատերազմն իր ամենագարշելի դեմքով հետաքրքիր ֆենոմեն ունի. արժեզրկում է մարդու մի կեսը, արժեւորում՝ մյուսը։

- Արցախցիների հետ խոսել ու չխոսել Արցախի մասին՝ հարցազրույցը կլինի կիսատ։ Մայիսը տարիներ շարունակ համարվել է հաղթանակների ամիս։ Գողացա՞ն մեր հաղթանակը:

Արթուր Սաֆարյան. Չէ, ոչնչացրին, չեզոքացրին:

Արսեն Սաֆարյան. Դե, հիմա ո՞նց վեր կենաս ու ասես՝ եռատոն։ Շուշիի ազատագրումն, իհարկե, մեր պատմության մեջից չի ջնջվի, բայց․․․ Ամենամեծ ցավը միայն Շուշիի անկումը չի։

Արթուր Սաֆարյանը


Արթուր Սաֆարյան. Ամենամեծ ցավն այլ է՝ մարդկանց հոգիների անկումը։ Ես չեմ պատկերացնում մեկին, որ այսօր վեր կենա ու ասի՝ սպասելի էր այս պարտությունը։ Պատերազմում նաեւ պարտվում են, բայց ո՞նց պարտվել, ի՞նչ ձեւով պարտվել։ Էդ տեսակ պարտություն չի լինում։ Երբ զենքը ձեռքդ խրամատում կանգնած ես, իսկ քեզ ասում են. «Դու պարտվել ես», դու ցմահ չես համաձայնում այդ մտքի հետ։ Վարչական առումով՝ Շուշին տեւական ժամանակ մերը չի եղել, բայց այն ժամանակ հայ մարդը Շուշին համարել է իրենը, պահանջատեր է եղել։  Պարտությունը հենց դա է, որ ինքդ քեզնից ես հրաժարվում։

- Արսեն, երգացանկդ շատ բազմազան է՝ լուրջ մտորելու, փիլիսոփայական, սիրային, դրանց կողքին՝ ռիթմիկ երգեր։ Ինչպե՞ս ես գտնում տվյալ երգի զարկերակը։  Այն, որ համերգներիդ ներկա են 15 տարեկանից մինչեւ 70 տարեկան հանդիսատես, դարձյալ Արթո՞ւրն է մեղավոր:

- Արսեն Սաֆարյան. Իհարկե, էլի Արթուր է մեղավոր։ Ինտելեկտուալի դեպքում Արթուրն է մեղավոր, սիրայինի՝ ես, ռիթմիկն էլ պետք է լինի։ Երբ հասկանում ես, թե երգն ինչպես պետք է մատուցես, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Օրինակ, մոտ օրերս հանդիսատեսի դատին կհանձնվի մի շատ գեղեցիկ ու ռիթմիկ երգի տեսահոլովակ: «Ի՞նչ կա-չկա» երգի խոսքերի հեղինակն Ավետն է Բարսեղյան, երաժշտությանը՝  Հայկը Գեւորգյան։ Երբ այս երգի փոքրիկ կտորը հայտնվեց համացանցում, արձագանքներից հասկացա, որ այն պետք է ունենա տեսահոլովակ։ Երգն, ինչպես դու ես ասում, լայն զանգվածների համար է, տրամադրություն ստեղծող երգ է։ Մի քանի երգ էլ կա, որոնք խմորման փուլում են։ Կյանքը շարունակվում է, ու մենք հիշելով պարտավոր ենք ապրել:

- Մեր զրույցի ավարտին մեզ միանում է Արսենի դուստրը՝ Էլենը, որի կատարումն օրեր առաջ հայտնվեց համացանցում։ Էլենը ներկայացրել է Սոնա Ռուբենյանի «Ապրելու չափ համառ» երգի քավերը: Պարզվեց, որ Էլենն արդեն հստակ որոշել է՝ բեմն է լինելու իր ուղին։ Արսեն, հաճախ արտիստներն ասում են՝ չեն ցանկանում, որ  իրենց երեխաները բեմի ճանապարհն ընտրեն։ Բայց դու, կարծես թե դեմ չես։

Արսեն Սաֆարյան. Իհարկե, դժվար ճանապարհ է, բայց ես այն ծնողներից չեմ, որ իր փոխարեն որոշեմ, իհարկե, նայած հարցում։ Եթե դա է սիրում, կարծում եմ՝ սխալ է արգելել։ Էլենն ավարտել է Երգի պետական թատրոնը, բայց ես ուզում էի, որ երկրորդ մասնագիտություն ունենա։

Էլեն Սաֆարյան. Դե, պապայի պայմանը կատարել եմ. սովորում եմ Ֆրանսիական համալսարանի իրավագիտության բաժնում, ու հիմա շատ վստահ քայլերով ուզում եմ   մուտք գործել երգարվեստ։ Հայերեն երգեր, առհասարակ, քիչ եմ լսում, քանի որ ավելի շատ սիրում եմ արտասահմանյան փոփ եւ RnB ժանրերը։ Կան 5 արտիստներ, այդ թվում՝ նաեւ հայրս, որոնց երգարվեստով հիանում եմ եւ լսում իրենց երգերը՝ Սոնա Ռուբենյան, Սիրուշո, Իվետա Մուկուչյան եւ Հայկո։ Եվ որոշեցի, որ իմ առաջին քայլը լինի Սոնա Ռուբենյանի «Ապրելու չափ համառ» երգի իմ տարբերակով:



Արսեն Սաֆարյան. Իհարկե, իրեն միայնակ դժվար կլիներ հաղթահարել այս ճանապարհը, բայց ինձ հետ մի քիչ հեշտ կլինի։ Սակայն ես այն ծնողներից չեմ, որ  եթե տեսնեմ աղջիկս վատ է երգում ու չունի ձայնային տվյալներ, նրան թույլ տամ՝ բարձրանա բեմ զուտ նրա համար, որ իմ աղջիկն է։ Սա այն բնագավառն է, որտեղ դու քո տաղանդով  պետք է հարթես ճանապարհդ։ Ու էլենը դա շատ լավ գիտի. մենք պարբերաբար զրուցում ենք այդ թեմայով։  

Արսեն Սաֆարյանը՝ դստեր՝ Էլենի հետ


Էլեն Սաֆարյան. Գիտեմ՝ դժվար է, բայց պատրաստ եմ նպատակիս հասնելու համար անվերջ աշխատել՝ ինչպես հայրս։ Ես դեռ փոքրուց հասկացել եմ, որ խուսափել չի լինի երգից։ Դեռ փոքր տարիքում բարձրախոսի փոխարեն սանր էի օգտագործում ու համերգներ էի տալիս, պատկերացնում ու հավատում էի, որ մի օր լինելու եմ մեծ բեմում։ Ես շատ ոգեւորված եմ, հետագա քայլերիս համար ունեմ ծրագրեր, հուսով եմ, որ կստացվի հորս պես կայանալ այս ասպարեզում։

- Էլեն, նշեցիր, որ հայերեն երգեր այդքան էլ չես սիրում, բայց հնարավո՞ր է՝ մի օր հայրիկիդ հետ զուգերգ կատարես, ու ձեզ միասին տեսնենք բեմում։  

- Այո, ունենք նման ծրագրեր, բայց առայժմ զուգերգն այլ լեզվով կլինի։ Կարծում եմ՝ հանդիսատեսին հետաքրքիր կլինի, քանի որ պապան այլ լեզուներով շատ չի երգում։ Կարելի է ասել՝ իմ շնորհիվ հանդիսատեսը կբացահայտի նոր Արսեն Սաֆարյանի (ծիծաղում է,-խմբ․)։ Հիմա շատ փակագծեր չենք բացում։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW